Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոն, հիմնվել է 1919 թվականին, Նոր Նախիջևանում՝ Հայ դերասանական կոոպերատիվ ընկերության անունով (ղեկ․ Հ․ Նանասյան)։ Խաղացանկում՝ դրամաներ և օպերաներ։
1920-1921 թվականներին խմբում հանդես են եկել Ց․ Ամերիկյանը, Հայկ Դանզասը, Գ․ Կրասիլնիկյանը, Վանշիրը (Մ․ Համբարձումյան), Գևորգ Չուբարը, Ռ․ Կոտոզյանը, Մ․ Լուսինյանը, Ն․ Ալիխանյանը և ուրիշներ։
Բեմադրություններից են՝ Կալմանի «Սիլվա», «Բայադերա», Լեհարի «Կենսուրախ այրին», Վալենտինովի «Հրո քրմուհին», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», Շիրվանզադեի «Պատվի համար», Շեքսպիրի «Օթելլո», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և այլն։
Թատրոնն ունեցել է նվագախումբ և երգչախումբ, դիրիժորներ՝ Ի․ Շապոշնիկյան, Ն․ Զաքյան, ռեժիսորներ՝ Խ․ Ֆորին (Հարությունյան), Վանշիր և ուրիշներ։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Գյումրիում, Բաքվում և այլուր։ Փակվել է 1927 թվականին[1]։