Բալթյան ուղի, Բալթյան շղթա (էստ․՝ Balti kett, լատիշ․՝ Baltijas ceļš, լիտ.՝ Baltijos kelias, ռուս.՝ Балтийский путь), ինչպես նաև՝ Ազատության շղթա, 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգային ճակատների կազմակերպած համատեղ խաղաղ ցույցը։ Երեք հանրապետությունից մոտավորապես երկու միլիոն մարդ կազմեց 675,5 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա՝ Վիլնյուս-Ռիգա-Տալլին ուղղությամբ[1][2]։
Միջոցառման անցկացմամբ, բալթյան համազգային շարժումումների գործիչները փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրենց երկրներում տեղի ունեցող ինքնորոշման շարժումների վրա և անկախության վերականգման հարցը ներկայացնել ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական տեսանկյունից։ Խորհրդային իշխանությունները իրադարձությանը արձագանքեցին բուռն հռետորաբանությամբ, սակայն չձեռնարկեցին որևէ կառուցողական միջոցառումներ, որոնցով հնարավոր կլիներ հաղթահարել անկախության ձգտող Բալթյան հանրապետությունների և ԽՍՀՄ մնացած հատվածների միջև խորացող անջրպետը։ Ցույցի անցկացումից յոթ ամիս անց Լիտվան առաջինը հռչակեց իր ինքնիշխանությունը։