Վաղարշ Ա (99 - 140), Հայոց Արշակունի թագավոր 117-140 (կամ 116-144)[1] թվականներին։
Սանատրուկ թագավորի որդին։
116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։
Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը (այժմ՝ Էջմիածին)։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին[2][3]։
Ծանոթագրություններ
- ↑ «Վաղարշ Ա» ՀՍՀ, հատոր=11, էջ=251
- ↑ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վենետիկ, 1912
- ↑ Մանանդյան Հ․, Երկերի հատոր 2, Երևան, 1978
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 251)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|