- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիանե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիանե եկեղեցի, Աշտարակ քաղաքում գտնվող կրոնական կառույց[1], երբեմն նշվում է որպես «սուրբ Մարինե»[2], եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Նկարագրություն
Կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարինեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838 թվականին։
Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 321)։
|