Սերժիպի (պորտ.՝ Sergipe), նահանգ Բրազիլիայի հյուսիս արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին և Բրազիլական սարահարթի լանջերին։ Տարածությունը 22 հազար կմ² է, բնակչությունը 1031 հազար (1977 թվականի տվյալներով)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Արաքաժու։ Սերժիպին ագրարային նահանգ է։ Տիրապետում է խոշոր հողատիրությունը։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, բրինձ, ագավա, ծխախոտ, հացարմատ։ Չորային շրջաններում զբաղվում են էքստենսիվ անասնապահությամբ։ Արդյունահանում են նավթ, գազ, կերակրի աղ։ Կան տեքստիլ, սննդի, կաշվի արդյունաբերության ձեռնարկություններ։