Ռաուլ Ուոլշը ծնվել է 1887 թվականին Նյու Յորքում, ամերիկացի Թոմաս Ոոլշի ու ծագումով իռլանդացի Էլիզաբեթ Բրեֆի ընտանիքում։ Նրա փոքր եղբայրը՝ Ջորջը, դարձավ համր կինոյի ժամանակների ամերիկյան ճանաչված դերասաններից մեկը։ Նա Բերիմորների դերասանական տոհմի բարեկամներից մեկն էր, մասնավորապես հայտնի դերասան Ջոն Բերիմորը, ով հաճախ էր այցելում Ուոլշների տուն օգտվելու նրանց հարուստ գրադարանից, հետագայում օգնեց նրան իր կարիերայում։
Իր կարիերան Ռաուլ Ուոլշը սկսել է 1909 թվականին որպես թատրոնի դերասան, ապա շարունակել է կարիերան կինեմատոգրաֆիայում։ 1914 թվականին նա որպես օգնական հայտնի ռեժիսոր Դևիդ Գրիֆիտի հետ նկարահանեց «Գեներալ Վիլի կյանքը» ֆիլմը, խաղալով նաև այդ ֆիլմում գլխավոր դերերից մեկը։ Իսկ հաջորդ աշխատանքը Գրիֆիտի մեկ այլ հայտնի «Ազգի ծնվումը» ֆիլմում խաղացած Ջոն Ուիլքս Բուտի դերն էր։
1928 թվականին «Հին Արիզոնայում» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռաուլ Ուոլշը ավտովթարի է ենթարկվում և կորցնում աջ աչքը։ Դրանից հետո նա այլևս չի նկարահանվում ֆիլմերում և սև վիրակապ է կրում։
1930 թվականին իր նկարահանած «Մեծ արահետ» վեստեռն ժանրի ֆիլմում իր առաջին դերն է խաղում այն ժամանակ դեռ անհայտ դերասան Մերիոն Մորիսոնը, ում Ուոլշը «կնքում» է Ջոն Ուեյն անունով և ով հետագայում դառնում է ամերիկյան կինոյի վեստեռն ժանրի թերևս ամենանշանավոր դերասաններից մեկը։ Իր սկզբնական աշխատանքները Ուոլշը նկարահանում է Paramount Pictures կինոստուդիայում, սակայն 1939 թվականին փոխադրվում է Warner Brothers ընկերություն, որտեղ հետագա 10 տարիների ընթացքում նկարահանում է իր ամենանշանավոր ֆիլմերը։ Ուոլշը թողնում է մեծ կինոն 1964 թվականին։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։
Նա 3 անգամ ամուսնացած է եղել։ 1916 թվականին ամուսնանում է համր կինոյի դերասանուհի Միրիամ Կուպերի հետ, ով նկարահանվել է նրա մի քանի ֆիլմերում։ 1926 թվականին նրանք ամուսնալուծվում են։ Նրանից բաժանվելուց հետո ամուսնացել է Լորեն Միլերի (1928 - 1947) և Մերի Սիմփսոնի (1947 - 1980) հետ։
Ֆիլմագրություն
Ռաուլ Ուոլշը թողել է հարուստ կինեմատոգրաֆիական ժառանգություն։ Նա նկարահանել է 130-ից ավելի ֆիլմ, խաղացել է մոտ 40 ֆիլմում, 29 ֆիլմի սցենարի հեղինակ է, 19 ֆիլմի պրոդյուսեր։ Ամենանշանավոր ռեժիսորական աշխատանքներից են.