Նախկին բնակավայրի հայկական անունն է Ներքին Ոսկեպար, որն առաջացել է հարևանությամբ գտնվող և առնվազն 6-րդ դարում հիմնադրված Ոսկեպար բնակավայրի անունից։ Բնակավայրի ադրբեջանական անունը հայկական «Ոսկեպար» անվան աղավաղված տարբերակն է՝ Աշաղի Ասկիպարա (ադրբ.՝ Aşağı Əskipara)։
Պատմություն
Ներքին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է եղել Ոսկեպար գյուղի հետ[2]։
Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1980-ական թվականներին Վերին Ոսկեպար, Ոսկեպար և հարակից բնակավայրերում սկսվեց հայ-ադրբեջանական հողային հակամարտություն[6]։ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ընդգրկված Ներքին Ոսկեպար գյուղի ադրբեջանցիներն աստիճանաբար հողային զավթումներ էին դեպի Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղ[6]։ Ադրբեջանական էքսպանսիան կանխելու համար հայկական կողմը նախաձեռնել էր հայաբնակ Ոսկեպար և ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար գյուղերի սահմանին՝ հայկական կողմից մեկ գծով առանձնատների կառուցում[6]։ Ծրագիրն անավարտ մնաց 1988-1989 թվականներին սկսված հայ-ադրբեջանական բախումների հետևանքով[6]։
1990 թվականի մարտից Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ներառված Ներքին Ոսկեպար զյուղի դպրոցը ադրբեջանցիները վերածել էին ռազմական հենակետի։
1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ և փակում են Հայկական ԽՍՀ-իՆոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ[7][8]։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերևարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերևարեցին և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնեցին նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվեցին[7][8]։
Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ են անցկացրել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել[7]։
Արցախյան Ազատամարտ
Խորհրդային Միության փլուզման և 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի հետևանքով 1992 թվականի հունիսի 14-ին գյուղը փաստացի անցել է նորանկախ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո[1]։ Հետագայում հայկական զինված ուժերը մարտական դիրքեր են տեղադրել նախկին բնակավայրի եզրին, ինչի հետևանքով այն դարձել է չեզոք գոտի[1]։