Այգեհովիտ, գյուղ ՀայաստանիՏավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։
Պատմություն
Մինչև 1967 թվականի մայիսի 25-ը կոչվել է Ուզունթալա, այնուհետև մինչև 1969 թվականի փետրվարի 12-ը՝ Հոնուտ[2]։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր։ Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը։
Կլիմա
Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեհովիտի մշտական բնակչությունը կազմել է 3091, առկա բնակչությունը՝ 2622 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից Մահմուդ եղցին գտնվում է «Մահմուդ յալ» հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ։ Այն փոքրիկ մատուռ է, կառուցված որձաքարի մանր բեկորներով։ Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները։ Կառուցման ժամանակը անհայտ է։
Կոտրած եղցին գտնվում է համանուն դաշտամասում, գյուղից 2 կմ հարավ։ Կիսավեր փոքր մատուռ է։ Շուրջը գտնվում է գերեզմանոցը՝ տապանաքարերով։ Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք։ Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում։
Այգեհովիտի հնություններից են՝ XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը և XII-XIX դարերի «Կոտրած եղցի» եկեղեցին։ Հարավ-արևելյան մասում են գտնվում «Քոլի գեղ» (XIV-XVII դարեր), «Վարդխմհատի» (XII-XVII դարեր) և այլ գյուղատեղիներ։
Հասարակական կառույցներ
Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ 2010 թվականին հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը, որի պաշտոնական բացման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը[6]։
Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 69-71, էջեր 69-71 — 154 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։