Ձոնգքհա (բհութաներեն), Չին-տիբեթական լեզվաընտանիքի Տիբեթա-բիրմանական խմբին պատկանող լեզու, խոսվում է Բհութանում և Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում։ Բհութանի պետական լեզուն է։
Լեզվական կառուցվածքով և բառապաշարով ձոնգքհան մոտ է տիբեթերենին, որը մինչև 1960-ական թվականները Բհութանի դպրոցներում դասավանդվող պաշտոնական լեզուն էր։ Ձոնգքհան օգտագործում է տիբեթական գիրը։
Լեզվի ինքնանվանումը (ձոնգքհա) նույնիսկ քաղաքական թյուրիմացություններ է առաջացրել։ Չինաստանն այդ անվանման մեջ նկատել է առնչություն բուդդայականության հետ ընդհանրապես, և Դալայ-լամայի հետ՝ մասնավորապես, և Մայկրոսոֆտից պահանջել է հեռացնել այդ անունը (Dzongkha) իր համակարգից։ Մայկրոսոֆտն ընդառաջել է և այժմ «Dzongkha»-ի փոխարեն օգտագործում է «Tibetan - Bhutan» («Տիբեթերեն - Բհութան») տարբերակը։ Լեզվաբանները, սակայն, չեն տեսնում որևէ առնչություն «ձոնգքհայի» ու Դալայ-լամայի կամ Տիբեթի անկախությունը պահանջող քաղաքական ուժերի հետ։