Կախեթի թագավորություն (վրաց.՝ კახეთის სამეფო՝ կախեթիս սամեփո 1465-1762), միջնադարյան ավատատիրական պետություն Պատմական Վրաստանի արևելքում։ Որպես ինքնուրոյւն միավոր՝ ընդմիջումներով գոյատևել է ավելի քան մեկ հազարամյակ (637-1762)։
8-րդ դարի ընթացքում այն դառնում է Տփղիսի ամիրայության մասը, սակայն կարճ ժամանակ անց կրկին ինքնուրույնություն է ձեռք բերում։ Կախեթի գահին բազմում են վրացական Դոնաուր և Արևմանել տոհմերի ներկայացուցիչները, իսկ 11-րդ դարում՝ հայ ԲագրատունիներիՏաշիր-Ձորագետի ճյուղը՝ Կյուրիկյանները։
1108 թվականին Բագրատ III թագավորը հիմնադրում է Վրաց թագավորությունը, և վրացական հողերը միավորում մեկ պետության մեջ։ Կախեթի թագավորությունը դառնում է Վրաստանի մաս, սակայն 14-րդ դարում մոնղոլական արշավանքների արդյունքում դուրս է գալիս Թբիլիսիում նստող վրաց արքայի ղեկավարությունից։ 14-րդ դարում Վրաստանը վերստին միավորվում է։
1490 թվականին ավատատիրական մասնատվածության պայմաններում միացյալ վրացական թագավորությունը փլուզվում է 3 մասերի՝ Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորություններ։ Գոյատևելով մոտ 3 դար՝ 1762 թվականին Կախեթը հարևան Քարթլիի հետ միավորվում է մեկ պետության մեջ։ Այդ ընթացքում երկրում իշխում էին Բագրատիոնիները։
510 թվականին պարսից արքունիքի որոշմամբ վերացվում է Աղվանից թագավորությունը, և երկրի ողջ ղեկավարումը հանձնվում է մարզպանին[3]։ 70 տարի անց՝ 580 թվականին պարսից շահ Որմիզդ Դ-ի որոշմամբ վրաց թագավորությունը վերացվում է՝ Բյուզանդա-սասանյան պատերազմներում թշնամուն աջակցելու համար։ Լայն իրավունքներ են տրվում ազգությամբ պարսիկ վրաց մարզպանին, ում նշանակելու էր պարսից արքունիքը։ Խոսրովիանիների մի մասը մնում է Վրաստանի կենտրոնական մասում. Գուարամ արքայորդին դառնում է վրաց իշխան ու հիմնում Գուարամիների տոհմը։ Հիմնական ճյուղը հեռանում է արևելյան Վրաստան՝ Կախեթի լեռներ, որտեղ վարում է ինքնուրույն քաղաքականություն։
591 թվականին Հայաստանի երկրորդ անգամ է բաժանվում հարևան տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև[4]։ Բյուզանդիային են անցնում բազմաթիվ հայկական գավառներ, ավելի է ամրապնդվում տիրապետությունը Արևմտյան Վրաստանում ու Աբխազիայում, ինչպես նաև գրավում է Վրաստանի կենտրոնական շրջանները։ Պարսկաստանին մնում են միայն Կախեթը և մայրաքաղաք Թբիլիսիի շրջակայքը։ Վրացական տարածքներում բյուզանդացիները ղեկավար են նշանակում վրաց իշխանին՝ էրիսթավին (վրաց.՝ ერისთავი)[5]:
6-րդ դարի վերջում Վրաստանում հիմնվում է վրաց իշխանությունը՝ հելլենիստական Վրաստանի իրավահաջորդը։ Այն Բյուզանդական կայսրության հպատակ երկիր էր։ Վրաց իշխանները կարգվում էին Կոստանդնուպոլսում։ Վրաց պատմագիտության մեջ նրանք հայտնի էին որպես «էրիսթավի» (իշխան), «էրիսթավթ-մթավարի», «էրիս-մթավարի», «էրիսթավթ-էրիսթավի» տիտղոսներով։ Հաճախ վրաց իշխանները ինքնուրույն էին երկրի ներքին գործերում[6]։
Իշխանության հիմնադիր Գուարամ I-ի (588-590) էրիսթավի հաջորդ Ստեփան I-ը (590-627) Բյուզանդիայի կայսր Հերակլ II-ին դիմում է վրացական պետության երկու հատվածները միավորելու խնդրանքով։ Կայսրը 626 թվականին արշավում է Թբիլիսի և ժամանակավորապես միավորում վրացական իշխանությունը[7]։ Կարճ ժամանակ անց մահանում է Ստեփան էրիսթավը, և նրան փոխարինելու է գալիս Ատրներսեհ I-ը (627-642)։
Պարսկա-բյուզանդական պատերազմները Հայաստանում ու Հարավային Կովկասում շարունակվեցին նաև 7-րդ դարի սկզբում, բայց սահմանային էական փոփոխություններ տեղի չունեցան։ Բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց և քաղկեդոնության ընդունումը նրա կողմից 607 թվականին։ Այսպիսով՝ խախտվեց հայերի և վրացիների դավանական միասնությունը[8]։
Ստեփան II էրիսթավի (642-650) իշխանության տարիներին սկսում են արաբական արշավանքները, և Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները անցնում են արաբական տիրապետության տակ։ Դեռ 7-րդ դարում արաբները նշում էին Կախեթը՝ որպես ինքնուրույն թագավորություն[1]։
735 թվականին արաբները հերթական անգամ գրավեցին Տփղիսը և հիմնեցին Տփղիսի ամիրայությունը։ Նրա իշխանության սահմաններում մտնում էին Արևելյան Վրաստանի բոլոր գավառները, ինչպես նաև Մեծ Հայքի Գուգարք և Տայք նահանգները։ Կախեթը ևս, լինելով Արևելյան Վրաստանի մաս, մտնում է ամիրայության կազմ[9]։
Արաբական տիրապետության ընթացքում Վրաստանի տարածքում առաջացած ինքնուրույն պետություններից մեկը Կախեթի իշխանությունն էր (կամ թագավորությունը)։ Նրա առաջացումը կապվում էր ցանարների հետ, ովքեր ապրում էին Մեծ Կովկասին հարող լեռներում ու կիրճերում։ 8-րդ դարի 70-ական թվականներին նրանք արաբների դեմ ապստամբություն են բարձրացնում։ Խալիֆը նրանց դեմ է ուղարկում 20 հազարանոց բանակ։ Ցանարները կորցնում են 16 հազար մարդ և պարտություն կրում[10]։
813 թվականին Տայքի կյուրոպաղատԱշոտ I Բագրատիոնին իրեն թագավոր է հռչակում։ Օգտվելով դրանից՝ Կախեթում իրեն անկախ թագավոր է հռչակում Գրիգոլ Դոնաուրին (787-827)։ Նա հիմնում է Դոնաուրի արքայատոհմը, որը երկրում իշխում է մինչև 881 թվականը[11]։ Գրիգոլն իրեն անվանում է «կախերի ու ռաների արքա»[12]։
850-855 թվականներին ամբողջ Արմինիա կուսակալության տարածքում բռնկվում է հուժկու ապստամբություն, որը գլխավորում էին հայ Բագրատունիները։ Հայաստանում նրանց աջակցում էին Արծրունիները, Սյունիներն ու Արցախի իշխանները, Վրաստանում՝ Բագրատիոնիները և այլ ազդեցիկ տոհմեր։ 853 թվականին խալիֆը պատժիչ զորաջոկատներ է ուղարկում Կախեթ, Արցախ և Սյունիք՝ թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ։ Վերջինս, սակայն, չի կարողանում խաղաղեցնել լեռնականներին և 855 թվականին հետ է կանչվում Բաղդադ[13]։
Ապստամբությունից հետո իրավիճակը փոխվում է հօգուտ Բագրատունիների ու նրանց զինակիցների։ Վրաց իշխանը, Տայքի կյուրոպաղատն ու Կախեթի արքան ձեռք են բերում ինքնուրույնություն։ Նրանք կապեր են հաստատում արևմտյան Վրաստանի ու Աբխազիայի արքայի հետ։ Նախադրյալներ են ստեղծվում վրացական միասնական թագավորության ստեղծման համար։
Դոնաուրիների տոհմից, այսպիսով, Կախեթում իշխել են 4 ներկայացուցիչ՝
9-րդ դարի վերջում Կախեթում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն. 881-1038 թվականներին Կախեթի գահին են բազմում Արևմանելները[15]։ Իրար հաջորդում են Փադլա I-ը (ფადლა I, 881-893), Կյուրիկե I-ը (კვირიკე I, 893-918) և Փադլա II-ը (ფადლა II, 918-929)[16]:
Կյուրիկե II (929-976) արքայի օրոք Կախեթի իշխանության տակ է հայտնվում արևելյան հարևան Հերեթի թագավորությունը։ Այն գտնվում էր Աղվանքի արևելքում և բնակեցված էր աղվաններով, հայերով ու վրացիներով։ 932-957 թվականներին Կախեթը ընկնում է արևմտյան Վրաստանում ձևավորված Աբխազիայի թագավորության գերիշխանության տակ, սակայն Կյուրիկեն կարողանում է ազատագրել երկիրը։ Ավելին, Աբխազիայի արքա Թեոդոսիուս III Կույրի իշխանության ընթացքում (975-978) փորձում է գրավել Վրաստանի արևմուտքը, և միայն Տայքի կյուրոպաղատԴավիթ III-ի (976-1001) միջամտության արդյունքում նահանջում է Կախեթ[17]։
Հայ Բագրատունիները՝ Կախեթի արքաներ
976 թվականին Կախեթի գահին է բազմում Արևմանելների հարստության վերջին անկախ ներկայացուցիչը՝ Դավիթ թագավորը (976-1010)։ Միաժամանակ 978 թվականին Հայաստանի հյուսիսում՝ Տաշիր-Ձորագետում (Լոռու)Բագրատունիները հիմնում են նոր թագավորություն։ Տեղի արքայատոհմը կոչվում է Կյուրիկյան։ Լոռու երկրորդ թագավորի՝ Դավիթ Ա Անհողինի (989-1048) օրոք երկիրը հզորանում է և նորանոր տարածքներ գրավում Գանձակի ամիրայությունից։ Լոռու արքա Դավիթն ամուսնանում է Կախեթի արքա Դավիթի դստեր՝ Զորակրցելի հետ։ Թագավորները կարողանում են մուսուլմաններից մաքրել սեփական տարածքները, և դառնում են հարևաններ։
1010 թվականին Կախեթ է արշավում վրաց թագավոր Բագրատ III-ը (1008-1014)։ Նա երկրամասը միացնում է Վրացական միացյալ թագավորությանը։ Դավիթին հաջորդում է որդին՝ անժառանգ Կյուրիկե III Մեծը (1010-1037)։ Վերջինիս միակ դուստրն ամուսնանում է Լոռու թագավոր Դավիթ Անհողինի կրտսեր որդու՝ Գագիկի հետ[18]։
Դրանից հետո Կախեթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների կրտսեր ճյուղը և այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Արդյունքում սրվում են հարաբերությունները վրաց թագավոր Բագրատ IV-ի (1027–1072) և Կյուրիկյաններ միջև։ Երբ Գանձակի Շադադյան նոր էմիր Աբու-լ-Ասվար իբն Ֆադլը 1040 թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժեց Տաշիր-Ձորագետի թագավորություն[19] և մեկ տարվա ընթացքում գրավեց նրա տարածքի մեծ մասը, Բագրատ IV-ը չշտապեց օգնել Դավիթ Անհողինին։ Ուժերի ծայրահեղ անհավասարությունը վերջինիս ստիպեց հրաժարվել ճակատամարտ տալու մտքից և դիմելու Հայոց արքա Աշոտ Դ Քաջի (1022-1040) մահից հետո իր գերական դարձած Անիի թագավոր Հովհաննես-Սմբատի (1022-1041) օգնությանը։ Դավիթ Անհողինը հայոց արքային նույնիսկ սպառնաց, որ օգնություն չտրամադրելու դեպքում կհպատակվի Աբու-լ-Ասվարին ու նրա հետ կհարձակվի Շիրակի վրա։ Հովհաննես-Սմբատը Սյունիքի արքաՍմբատի հետ օգնության հասավ Դավիթ Անհողինին, ապա նրանց միացան նաև վրաց արքան ու աղվանից եպիսկոպոսը[20]։ Գանձակի ամիրան պարտություն կրեց, իսկ Կյուրիկյանների դիրքերը Կախեթում ավելի ամրապնդվեցին։
Գագիկ Կյուրիկյանին (1038-1058) հաջորդեցին Աղսարթան I-ը (1058-1084) և Կյուրիկե IV-ը 1084-1102։ Նրանք իշխում էին այնպիսի ժամանակաշրջանում, երբ կործանվել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և թուլացել էր Տաշիր-Ձորագետի թագավորությունը (978-1113)։ Նրանք այլևս չունեին նախկին հենարանը։ Այդ է պատճառը, որ Կյուրիկեի որդի Աղսարթան II-ը (1102-1105) զոհ է գնում Կախեթի ու Հերեթի իշխանների կողմից կազմակերպած դավադրությանը։ Կյուրիկյան արքայատոհմը հեռանում է Կախեթի թագավորության ասպարեզից, և գրավվում վրաց թագավոր Դավիթ Շինարարի (1089-1124) զորքերի կողմից[21]։ 1122 թվականին վրաց արքան ազատագրում է նաև Թբիլիսին և ամբողջ Վրաստանը միավորում իր թագի ներքո[22]։
Դավիթ Շինարարի և նրան հաջորդած թագավորների ու Թամար թագուհու իշխանության ժամանակաշրջանը՝ 1089-1213 թվականները, վրաց պատմագիտության մեջ հայտնի են «Ոսկեդար» (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა՝ սաքարթվելոս օքրոս խանա) անունով։
1236 թվականից Մերձավոր Արևելքում հաստատվում է Մոնղոլական կայսրության գերիշխանությունը։ Դեռ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան և Վրաստան։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի (1191-1223) և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձան[23]։ Վրաց թագավորի վերահսկողությունից դուրս են գալիս Արևմտյան Շիրվանը (Աղվանք) և Արաքս գետի հարավային հոսանքը (Նախիջևան)։ Կովկասյան և առաջավորասիական ենթակա պետությունները դառնում են Մոնղոլական պետության մասը, իսկ Վրացական թագավորությունը կայսրությունից վերածվում է հպատակ միապետության։
Մոնղոլական արշավանքների արդյունքում միացյալ Վրացական թագավորությունը քայքայվել է և առաջացել են Արևմտավրացական ու Արևելավրացական թագավորությունները[24]։ Օտար տիրապետությունը ավարտվում է 14-րդ դարի առաջին կեսին. վրաց թագավոր Գեորգի V-ը (1299-1302, 1314-1346) 1327 թվականին հրաժարվում է ճանաչել մոնղոլների գերիշխանությունը և վերամիավորում է Վրաստանը Բագրատիոնիների գերիշխանության ներքո։ Նրա որդին՝ Դավիթ IX-ը (1346-1360), դառնում է ազատագրված ու միավորված Վրաստանի առաջին թագավորը։
Սակայն Վրաստանի միասնությունը երկար չի տևում. Բագրատ V Մեծի կառավարման վերջին տարիներին՝ 1386 թվականին, Միջին Ասիայից քոչվոր ցեղերի նոր զորքեր՝ Լենկթեմուրի հրամանատարությամբ, հարձակվում են Վրաց թագավորության վրա։ Արքան հետ է մղում նրանց հարձակումը բուն Վրաստանի տարածքում, սակայն զրկվում է Սյունիքից և Արցախից։ Այրարատի մի փոքր հատվածը՝ Վանանդ գավառը, ինչպես նաև Գուգարքը և Տայքը, շարունակում էին մնալ թագավորության կազմում՝ որպես վրաց իշխանների կողմից կառավարվող տարածքներ։ Լենկթեմուրի մահից հետո (1405) Առաջավոր Ասիայում իրենց ամուր դիրքերն են հաստատում Կարա-Կոյունլուները, ապա՝ Ակ-Կոյունլուները։ Բագրատիոնիները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել մինչև 1490 թվականը՝ որպես միացյալ Վրաստանի թագավորներ[25]։
Մինչև 1468 թվականը Կախեթը մտնում էր միացյալ Վրաստանի կազմի մեջ, որը ղեկավարում էր Բագրատիոնիների արքայատոհմը։ 15-րդ դարի կեսերից Վրաստանը բաժանվում է 3 թագավորության և 5 իշխանության՝ Մեգրելիա, Գուրիայի, Սվանեթի, Աբխազիայի և Սամցխե-Սաաթաբագոյի։
Արևմտյան Վրաստանը՝ Իմերեթի թագավորությունը և վերոնշյալ իշխանությունները, գտնվում էին Օսմանյան կայսրության, իսկ Արևելյան Վրաստանը՝ Քարթլի ու Կախեթի թագավորությունները, Սեֆյան Իրանի քաղաքական ազդեցության տակ։ Վրաստանի մասնատումը իր սատարումն էր գտնում երկու տերությունների կողմից, քանի որ այն Մերձավոր Արևելքի վերջին քրիստոնյա պետությունն էր։ Թուրքերն ու պարսիկները ջանք ու միջոցներ չէին խնայում Վրաստանում իսլամ տարածելու, երկիրը մուսուլմաններով բնակեցնելու համար։ Թուրք-պարսկական տիրապետության ընթացքում հարկերը չնչին էին, սակայն երկու սեռերի երեխաների հանձնումը պարտադիր էր։ Նրանք գերեվարվում էին և վաճառվում որպես գերիներ։ Աղջիկներին կնության էին տալիս բարձրաստիճան զինվորականներին ու պաշտոնյաներին, իսկ տղաներին տալիս էին զինվորական գործի։ Վրացական թագավորություններն ու իշխանությունները ինքնուրույն էին[1]։
Կախեթի թագավորության 1468-1762 թվականների պատմությունը կապված է Պարսկաստանի, Թուրքիայի ու կովկասյան ցեղերի դեմ մշտական պատերազմներով։ Կազանի ու Աստրախանի նվաճումից հետո Մոսկովյան Ռուսիան շարունակում է ավանդական կապերը վրացական թագավորությունների հետ. Ռուսաստանին անհրաժեշտ էր կապ հաստատել արևելքի երկրների հետ։ 1586 թվականին Մոսկվայի մեծ իշխան Ֆյոդոր Յոհանննովիչը «խաչի պայմանագիր» է կնքում Կախեթի թագավոր Ալեքսանդր II-ի հետ։ Դրա միակ պարտավորվածությունը հնարավոր պատերազմում Թուրքիային կամ Պարսկաստանին չաջակցելն էր։ Կախեթի արքաների նստոցն էր Գրեմի բերդը, ապա՝ Թելավը։
Կախեթի թագավորությունը աշխույժ քաղաքական ու տնտեսական կապեր ուներ հարևան երկրների հետ։ Այստեղով էր անցնում ԻրանիԳիլան նահանգից եկող և Շամախիով դեպի Աստրախան գնացող մետքասի ճանապարհը։ Լեռնային մերձարևադարձային կլիման բարենպաստ էր գյուղատնտեսության զարգացման համար։ Այստեղ Հարավային Կովկասի տարբեր մասերից տեղափոխվում են հարյուրավոր հայեր, հրեաներ ու պարսիկներ, ովքեր հիմնում են իրենց գյուղերը։ Որպես վաճառաշահ քաղաքներ՝ զարգանում են Գրեմին, Թելավը, Զագեմը։
17-րդ դարի սկզբին շահ Աբբաս I-ը արշավում է Հարավային Կովկաս։ Կախեթի թագավոր Թեյմուրազ I-ի մայրը հրաժարվում է իսլամ ընդունել։ Շահը նրան տանջամահ է անում, գերության ուղարկում արքայի երկու որդիներին, իսկ դստերը ստիպում ամուսնանալ իր հետ՝ հոր կամքին հակառակ[26]։
1762 թվականին Արևելյան Վրաստանի երկու թագավորությունները՝ Քարթլին և Կախեթը, միավորվում են մեկ պետության մեջ։ Դեռ 18 տարի առաջ՝ 1744 թվականին, Իրանի Նադիր շահը միացրել էր այս երկու միավորները. Թեյմուրազ II-ին նշանակում է Քարթլիի արքա, իսկ իր որդի Հերակլ II-ին՝ Կախեթի։ Սկզբնական շրջանում, ելնելով ռազմավարական տեսանկյունից, ժամանակավորապես մայրաքաղաքը տեղափոխվում է Թելավ։
1762 թվականին Թեյմուրազի մահից հետո Հերակլ արքան դառնում է Քարթլի-Կախեթի թագավորը (1762-1798)։ Համագործակցելով ռուսների հետ՝ վրաց արքան փորձում է մասնակցել Ռուս-թուրքական պատերազմին։ 1769 թվականին ռուս-վրացական զորքը շարժվում է Ախալցխայի ուղղությամբ։ 1770 թվականի ապրիլի 20-ին Ասպինձա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Հերակլը ջախջախում է թուրքերի ու դաղստանցիների զորքը։
1782 թվականին Հերակլ II-ը Թելավում հիմնում է սեմինարիա։ Զարգացման նոր էջ է բացվում մայրաքաղաք Թբիլիսիի համար։ 1783 թվականին կնքվում է Գեորգիևյան դաշնագիրը։
↑Rapp, Stephen H., "Sumbat Davitis-dze and the Vocabulary of Political Authority in the Era of Georgian Unification", Journal of the American Oriental Society, 120.4 (October–December 2000), pp. 570-576.
↑Toumanoff, Cyril (1963), Studies in Christian Caucasian History. Georgetown University Press, էջ 388
↑Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition. Indiana University Press, ISBN 0-253-20915-3., էջ 26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։