Սոֆիա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ-Ցերբստսացին (գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg) ծնվել է 1729 թվականի ապրիլի 21-ին (մայիսի 2), այդ ժամանակ գերմանական Շտետտին քաղաքում՝ Պոմերանիայի (Մերձբալթիկա) մայրաքաղաքում։ Այժմ քաղաքը անվանվում է Շեցին և համարվում է Լեհաստանի Արևմտպոմորյան մարզի կենտրոնը։
Նրա հայրը՝ Քրիստիան Ավգուստ Անհալտ-Ցերբստացին, ծագում էր Անհալտների ցերբստ-դորենբուրգյան ճյուղից և ծառայում էր Պրուսիայի արքային։ Եղել է զորագնդի հրամանատար, պարետ, այնուհետև Շտետինա քաղաքի նահանգապետ։ Այդտեղ էլ ծնվեց ապագա կայսրուհին։ Նախատեսվում էր նրան շնորհել Կուրլանդիայի դուքսի կոչում, սակայն ծառայությունն ավարտեց որպես պրուսիական ֆելդմարշալ։
Մայրը՝ Յոհաննա-Ելիզավետան, Պետրոս 3-րդի ազգականներից էր՝ մորական կողմից։ Նրա տոհմածառը ծագում է Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի արքա՝ Քրիստիան Առաջինից, ով Շլեզվիգ Հոլշտեյնիի առաջին դուքսն էր և Ալդենբուրգի դինաստիայի հիմնադիրը։
Մորեղբայրը՝ Ադոլֆ-Ֆրիդրիխը 1743 թվականին ընտրվեց Շվեդիայի գահաժառանգ։ Թագավոր է դարձել 1751 թվականին՝ որպես Ադոլֆ-Ֆրեդրիկ։ Մյուս մորեղբայրը՝ Կառլ Էյտինցին, Եկատերինա I-ի մտահղացմամբ պետք է իր աղջկա՝ Ելիզավետայի ամուսինը դառնար, սակայն վերջինս մահացավ հարսանյաց տոնի նախօրյակին։
Գործունեությունը
Ռուսական կայսրության, առաջին հերթին՝ նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ բացվում է բարգավաճման ու զարգացման նոր էջ, երբ գահին են բազմում 18-րդ դարի նշանավոր կայսրուհիները՝ Ելիզավետա I Պետրովնան (1741-1761) և Եկատերինա II-ը (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից ծրագրվում էր արշավանքներ կատարել Օսմանյան կայսրության և Իրանի վրա, ամրապնդել դիրքերը Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Մայրաքաղաք Պետերբուրգը պետք է զարդարվեր նոր շինություններով և դառնար խոշոր նավահանգիստ։ Այս և այլ խնդիրները լուծում են գտնում կայսրուհիների դարաշրջանում։ Ռուսաստանը եվրոպական երկրների շարքում ձեռք է բերում հզոր կայսրության համբավ։
1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել (1568–1570), (1676–1681) և (1686–1700) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի (1768-1774) ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսային ափերը, Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։
Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմնադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։
Շուրջ 15 տարի անց ռուսները նոր պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Այս անգամ պատերազմը տևում է 4 տարի՝ (1787–1791)։ Ռուսները շարունակում են նվաճումները Սև ծովի ափին և հասնում Դնեստր գետին։ Վերջինս դառնում է կայսրության սահմանը։ Ռուսները գրավում են Իզմայիլ ամրոցը։ Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում։ Այս և այլ պատեզմներում զորավարական տաղանդով մեծ հռչակ է ձեռք բերում Ալեքսանդր Սուվորովը, ով ստացել էր զինվորական հրամանատարի ամենաբարձր՝ գեներալիսսիմուսի կոչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 495)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!