Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։
Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից։
19-րդ դարի սկզբին ծագած թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ։ Եգիպտացի զինվորների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ։ Մուհամմադ Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը։ Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ[5]։
Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը[6]։
Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ։
1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով։ Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից։
Կրթություն
Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում[7]։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։
Կատարողական գործունեություն
1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մուսուլմանները։ 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի«Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր։
Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։
Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե։
Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին։
«Հայկական կինոհամերգ», Երևանի կ/ս, 1954 թ., 57 րոպե (ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Գ. Սարկիսով)։ Կինոհամերգում ընդգրկված են հատվածներ հայ հեղինակների օպերաներից։ Կատարոողներից մեկը Գոհար Գասպարյանն է[8]։
«Երգում է Գոհար Գասպարյանը», Հայֆիլմ, 1963 թ., երաժշտական ֆիլմ, 66 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան)։ Տասնմեկ նովելներից բաղկացած այս ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններ են, որոնց կատարումով հանդես է գալիս Գոհար Գասպարյանը[9]։
«Կարինե», Հայֆիլմ, 1967 թ., երաժշտական կատակերգություն (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորումը), 94 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Արման Մանարյան)։ Կարինեի դերը կատարում է Լ. Հարությունյանը, երգում է Գոհար Գասպարյանը[10]։
«Լեռնային լճի գաղտնիքը», Երևանի կ/ս, 1954 թ., մանկական (Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակի էկրանավորումը), 70 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռոու)։ Կարինեի երգը կատարում է Գոհար Գասպարյանը[13]։
Արմինե Մելիք-Իսրայելյան, Գոհար Գասպարյանի ֆենոմենը, Երևան, 2007
Սերգեյ Առաքելյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2007
Ռոբերտ Դավթյան, Հայոց սոխակը (հոդվածների և հարցազրույցների ժողովածու), Երևան, 2008[15]
Արմինե Մելիք-Իսրայելյան, Երբ աշխարհն է ծափահարում (մենագրություն), Երևան, 2010[16]
Հարգանքի տուրք
1996 թվականին ԱՄՆ-ի Աստղերի միջազգային հաշվառումը որոշեց աստղերից մեկն անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով։
2020 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19 Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է Գոհար Գասպարյանի անվամբ[17]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։