Ռոբերտ Դաունի-կրտսերը ծնվել է Նյու ՅորքիՄանհեթեն քաղաքում, ընտանիքում երկու զավակ են, նա կրտսերն է։ Նրա հայրը՝ Ռոբերտ Դաունի-ավագը, նույնպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր է, իսկ մայրը՝ Էլսին դերասանուհի է։ Դաունիի հայրն ունի իռլանդական և ռուս-հրեական ծագում, իսկ մայրը՝ գերմանական և շոտլանդական ծագում։ Դաունիի հայրը ծնվել է Ռոբերտ Էլիաս անունով, բայց երբ նա անչափահաս էր և ուզում էր զորակոչվել բանակ ծառայելու, փոխել է ազգանունը և դարձրել է Դաունի (որը իր խորթ հոր ազգանունն է)։
Դաունիի հայրը նրան փոքրիկ դերեր էր տալիս իր կազմակերպած թատերական նախագծերում։ 5 տարեկան հասակում Դաունին նշեց իր դեբյուտը կինոյում, խաղալով իր հոր «Pound» (1970) ֆիլմում։ 7 տարեկան հասակում խաղաց «Գրիսսերի ամրոցը» (1972) ֆիլմում։ 10 տարեկան հասակում նա ապրում էր Անգլիայում, որտեղ ուսումնասիրում էր դասական բալետ։ Մեծացել է Մանհեթենի «Գրինվիչ-Վիլլիջ» թաղամասում։ Դեռահասության շրջանում սովորել է «Stagedoor Manor» մշակութային կենտրոնում, որը գտնվում էր Նյու Յորքի հյուսիսային մասում։ Երբ 1978 թվականին նրա ծնողները բաժանվեցին, Դաունին հոր հետ տեղափոխվեց Կալիֆոռնիա, որտեղի Սանտա Մոնիկա թաղամասում սկսեց շարունակել ուսումը, սակայն զգաց, որ իր ապագան կինոյում է և ստիպված թողնելով ուսումը վերադարձավ Նյու Յորք, որպեսզի շարունակի դերասանական կարիերան։
Կարիերա
1985 թ.-ին, 20 տարեկան հասակում Դաունի-կրտսերը միացավ հանրահայտ «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հեռուստաշոուի անձնակազմին։ Այնտեղ հեռուստատեսության բնագավառում բավականին մեծ փորձ հավաքելուց հետո Դաունին վերջնականապես որոշում կայացրեց դառնալ դերասան և տեղափոխվեց Հոլիվուդ։ 1987 թվականին Դաունին Ջեյմս Տոբեկի «The Pick-Up Artist» ֆիլմում ստացավ գլխավոր դեր։ Դերեր խաղալով մի քանի դեռահասական կատակերգություններում, Դաունին կերտեց դեռահաս թմրամոլի կերպար Մարեկ Կանեվսկայի «Ավելի քիչ, քան զրոն» (1987) ֆիլմում, ինչից հետո դարձավ ավելի կուլտային և հաջողակ։
1992 թվականին էկրան բարձրացավ Ռիչարդ Ատենբրոյի«Չապլին» ֆիլմը, որում Դաունին կերտեց լեգենդար դերասանի կերպարը։ Ֆիլմում Դաունի-կրտսերի փայլուն դերասանական խաղը արժանացավ բարձր գնահատականի և դերասանը Չապլինին մարմնավորելու համար արժանացավ «լավագույն դերասան» մրցանակին Բրիտանական Կինոակադեմիայի կամ՝ «BAFTA»-յի կողմից, ինչպես նաև ներկայացվեց «Ոսկե Գլոբուս»-ի և «Օսկար»-ի «լավագույն դերասան» անվանակարգում (երկու մրցանակներն էլ ստացավ Ալ Պաչինոն«Կնոջ Բույրը» ֆիլմի համար)։ Կինոքննադատներն ու հանդիսատեսը Դաունի-կրտսերին համարեցին նոր սերնդի ամենախոստումնալից դերասաններից մեկը։
Սակայն նույն ժամանակահատվածում Դաունին տարվում է թմրամոլությամբ, ինչի արդյունքում, մի քանի սկանդալներից հետո նրան հեռացրին ստուդիայից, որտեղ նա զբաղվում էր նկարահանումներով։ Հերոին, Կոկաին և զենք օգտագործելու համար 1996 թ.-ին նրա դեմ հարուցվեց դատական գործ։ Ինչի արդյունքում նա ազատազրկվեց 16 ամսով Լոս Անջելեսի բանտում, դրա հետ զուգահեռ նա նաև բուժվում էր։ Հետո Դաունին ասել է, որ մարիխուանա առաջին անգամ օգտագործել է 8 տարեկան հասակում, բայց իր հայրը դրա հետ ոչ մի կապ չի ունեցել։
Իր թմրամոլության պատճառով Դաունին բաժանվեց իր առաջին կնոջից, երգչուհի և մոդել Դեբորա Ֆալկոնեից, ումից նա ունի մեկ որդի՝ Ինդիո Ֆալկոներ Դաունի։ Դաունի-կրտսերի կյանքում շրջադարձային եղավ «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ պրոդյուսեր Սյուզան Լեվինի հետ ծանոթությունը։ Ֆիլմում նա խաղում էր Հոլի Բերիի և Պենելոպե Կրուսի հետ։ Սյուզանի հանդեպ իր սիրո համար Դաունին բուժման հերթական կուրսը անցավ Լոս Անջելեսում և վերջնականապես բուժվեց, ինչից հետո ամուսնության առաջարկություն արեց նրան։
Դաունիի դերասանական խաղը դրական արձագանքների արժանացավ նաև «Kiss Kiss Bang Bang» ֆիլմում։ Այդ պրոեկտին զուգահեռ Դաունին ձայնագրեց իր առաջին երգի ալբոմը՝ «The Futurist» անվանմամբ, որի երգերի հեղինակն ու կատարողը հենց ինքն էր։ Սրանով Ռոբերտը հանրությանը ներկայացրեց իր հրաշալի վոկալային և երաժշտական տաղանդը։ 2006 թվականին նկարահանված «Mex» ֆիլմում նրա կերտած ոմն առեղծվածային Լայոնելի կերպարը, Դաունիին արժանացրեց քննադատների հիացական արձագանքներին։ Ֆիլմում նրա զուգընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանը։
Սակայն դերասանի իսկական վերածնունդը եղավ «Երկաթե մարդը» ֆիլմի գլխավոր կերպարը կերտելուց հետո։ Ֆիլմի դուրս գալուց հետո ամենահեղինակավոր կինոընկերությունները իրար հերթ չէին տալիս դերասանին տարբեր առաջարկություններ անելու համար։
2008 թվականին դուրս եկավ Բեն Սթիլերի«Tropic Thunder» ֆիլմը։ Ֆիլմում պատմվում է մի խումբ դերասանների պատմությունը, որոնք ընկել են իսկական պատերազմ, բայց դա համարում են պարզապես նկարահանումներ։ Ֆիլմում Ռոբերտը խաղում է Կիրկ Լազարուսի կերպարը, որն իբր հնգակի Օսկարակիր դերասան էր և նոր դերի համար փոխել էր մաշկի գույնը։ Դաունի-կրտսերի փայլուն դերասանական խաղը նրան բերեց «Օսկար»-ի երկրորդ թեկնածությունը («Օսկար»-ը հետմահու ստացավ Հիթ Լեդջերը՝ «Մռայլ ասպետը» ֆիլմում «Ջոկեր»-ի կերպարը կերտելու համար) և ներկայացվեց մեկական «Ոսկե Գլոբուս»-ի և «Բրիտանական ակադեմիա»-յի մրցանակաբաշխություններում։
2009 թվականի վերջին դուրս եկավ Գայ Ռիչիի«Շերլոկ Հոլմս» ֆիլմը, որտեղ Դաունին կերտել է խուզարկու Հոլմսի կերպարը, իսկ նրա խաղընկերը՝ Ջուդ Լոուն Հոլմսի մոտ ընկեր՝ Դոկտոր Վաթսոնի կերպարը։ Առաջին իսկ շաբաթվա ընթացքում ֆիլմի կազմած հասույթը գրանցեց բոլոր ռեկորդները, իսկ Դաունի-կրտսերը արժանացավ «Ոսկե Գլոբուս»- մրցանակի՝ «լավագույն դերասան» անվանակարգում։
2010 թվականին էկրան բարձրացավ «Երկաթե մարդը» սիքվելի երկրորդ մասը՝ «Երկաթե մարդը 2»։ Ռոբերտը արդեն ուներ պայմանագիր սիքվելի 3-երրորդ մասում և «Վրիժառուները» ահռելի մեծ պրոեկտներում նկարահանվելու համար։ Այդ երկու ֆիլմերի ընդհանուր բյուջեն հասնում է 420 միլիոն․ դոլարի։
2012 թվականին դուրս եկավ տարվա ամենասպասված ֆիլմը՝ «Վրիժառուները», որն իր հասույթի չափսով երրորդն է կինոյի պատմության մեջ, զիջելով միայն Ջեյմս Քեմերոնի երկու գլուխգործոցներին՝ «Ավատար»-ին և «Տիտանիկ»-ին։ Դաունին չէր կարող անմասն մնալ այս հասույթից, և իր աշխատավարձին գումարելով հասույթից եկած տոկոսները, Դաունին այս ֆիլմից ունեցավ ահռելի եկամուտ։
2013 թվականին մեծ էկրան բարձրաացավ Տոնի Ստարկի մասին պատմող տրիլոգիայի երրորդ մասը՝ «Երկաթե մարդը 3» ֆանտաստիկան, որտեղ Դաունին շարունակեց խաղալ իր ինքնատիպ դերասանական խաղով։ Այս ֆիլմը նույնպես ունեցավ անհավանական հաջողություն։
Դաունին կարծես հոգնեց այս մեծամասշտաբ պրոեկտներից, և սկսեց խաղալ ոչ այնքան մեծ ֆիլմերում, ինչպես, օրինակ «Երկաթե մարդը» և «Վրիժառուները» ֆիլմերի անբաժանելի մաս կազմող Ջոն Ֆավրոյի«Խոհարար անիվների վրա» կատակերգությունն է, որում Դաունի-կրտսերը էպիզոդիկ դեր է խաղում։
2015 թ․-ին Դաունի-կրտսերը կրկին պետք է մտնի իր երկաթե կոստյումի մեջ և շարունակի մարմնավորել Տոնի Ստարկին, կամ «երկաթե մարդուն», բայց ոչ թե համանուն տրիլագիայում, այլ արդեն մեծամասշտաբ սիքվել դարձած «Վրիժառուներ»-ի երկրորդ մասում։ «Վրիժառուները։ Ալթրոնի Դարաշրջանը» ֆիլմը էկրան կբարձրանա 2015 թվականի ապրիլի 22-ին։
Խոսակցություններ են գնում, Ռոոբերտը երրորդ անգամ է մարմնավորելու Շերլոկ Հոլմսին համանուն տրիլոգիայի երրորդ մասում, որի ստեղծման ամսաթվը դեռ պարզ չէ։
Անձնական կյանքը
Ռոբերտ Դաունին 7 տարի շարունակ հանդիպում էր հանրահայտ դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերի հետ, որի հետ կապերը խզեց 1991 թվականին։
1992 թվականից մինչև 2004 թվականը ամուսնացած է եղել երգչուհի և մոդել Սառա Ֆալկոնեյի հետ։ Նրանից ունի մեկ որդի՝ Իդինո (ծնվել է 1993 թ.-ի սեպտեմբերի 7-ին)
2003 թ.-ին «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպել է ֆիլմի պրոդյուսեր Սյուզան Լեվինին, որի հետ ամուսնացել է 2005 թվականի օգոստոսի 27-ին։ 2011 թ.-ի օգոստոսի 31-ին Սյուզանի մորաքույր՝ Նենսի Միլլերը հայտարարեց, որ իր զարմուհին երեխայի է սպասում։ 2012 թվականի փետրվարի 7-ին լույսաշխարհ եկավ Էքսթոն Էլիաս Դաունին։
Ռոբերտ Դաունի-կրտսերի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2004 թ.-ի նոյեմբերի 23-ին՝ «Sony Classical»-ում։ Բիլբորդ 200-ի չարթերում ալբոմը նշեց իր դեբյուտը 121-րդ հորիզոնականում և թողարկման առաջին իսկ շաբաթում վաճառվեց 16 հազար օրինակով։
Ալբոմի պրոդյուսերը դարձավ Ջոնաթան Էլայեսը, իսկ «Broken» և «Smile» երգերի պրոդյուսերը՝ Մարկ Հադսոնը։ Ինքը՝ Դաունին բացի երգերը կատարելուց նաև մի քանի երգերում դաշնամուր է նվագել։
The Futurist-ը ներառում է 8 կոմպոզիցիա, որոնք իրենցից ներկայացնում են վոկալային ռոք՝ ջազային մոտիվներով, ինչպես նաև երկու քովեր տարբերակ. Չարլի Չապլինի «Smile» երգը, որը Դաունին արդեն կատարել էր «Չապլին» ֆիլմում, և «Your Move»-ը՝ Yes խմբի «I’ve Seen All Good People» երգի առաջին մասը։ «Your Move» երգում որպես վոկալիստ հանդես էր գալիս Ջոն Անդերսոնը։ «Hannah» երգը հանդիսանում է «Հրաշամանուկները» ֆիլմի սաուդթրեքերից մեկը, որում խաղում է նաև Դաունի-կրտսերը։ «Broken» երգը հնչում է «Kiss Kiss Bang Bang» ֆիլմի տիտրերի ժամանակ, ֆիլմը դուրս է եկել 2005 թ.-ին։