Թանգարանի տեսաուղերձն ու ցուցադրությունը կարելի է դիտել թանգարանի ֆեյսբուքյան էջում[4], առանձին ներկայացված է նաև ժեստերի անգելերն լեզվով և ենթագրերով տեսահոլովակ` լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար[5]։
Հավաքածուի պատմություն
Ուոլեսի հավաքածուն ընտանեկան օրիգինալ հավաքածու է, որի արվեստի գործերը հավաքվել են 1760-1880 թվականների ընթացքում, Սեյմուր Կոնվեյ ընտանիքի առաջին չորս մարկիզների և սըր Ռիչարդ Ուոլեսի կողմից` Մանչեսթր սքուերում գտնվող Հերթֆորդ հաուս առանձնատան համար։ 19-րդ դարում ընտանիքի ներկայացուցիչներն ապրել են Փարիզում և Լոնդոնում, ինչն որոշել է հավաքածուի եվրոպական բնույթը։
Ֆրենսիս Սեյմուր Կոնվեյը, Հերթֆորդի 1-ին մարկիզը (1718-1794), բրիտանացի պալատական էր ու քաղաքական գործիչ, Սոմերսեթի առաջին մարկիզ Էդուարդ 4-ի ուղղակի ժառանգը, ձեռք է բերել 8 նկար, որոնք այժմ ցուցադրված են Ուոլեսի հավաքածուում. դրանցից վեցը Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի (և նրա ստուդիայի) աշխատանքներն են, երկուսը` իր աղջիկների դիմանկարները, որոնք պատվիրվել էին Ջոշուա Ռեյնոլդսին։
Հերթֆորդի 2-րդ մարկիզը, Ֆրենսիս Ինգրամ Սեյմուր Կոնվեյը (1743-1822), առաջին մարկիզի որդին, հյուպատոս էր Բեռլինում և Վիեննայում և լորդ-սենեկապետ, ձեռք է բերել երկու սքանչելի դիմանկար. Ջոշուա Ռեյնոլդսի «Նելլի Օ'Բրայենը» և Ջորջ Ռոմնիի «Մերի Ռոբինսոնը»։ Նրան նվիրել են ընտանիքի ընկեր Մերի Ռոբինսոնի ևս մեկ դիմանկար, որը Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքն էր։ Նա ձեռք է բերել նաև ֆրանսիական կահույքի որոշ առարկաներ և սևրյան ճենապակուց պատրաստված իրեր։
Հերթֆորդի երրորդ մարկիզը, Ֆրենսիս Չարլզ Սեյմուր Կոնվեյը (1777-1842), երկրորդ մարկիզի որդին էր, բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ և կոլեկցիոներ, արքայազն-ռեգենտ, արդյունքում` Գեորգ IV արքայի ընկերը, որն արվեստի հայտնի գիտակ էր։ Նա ձեռք է բերել Տիցիանի «Պերսևսն ու Անդրոմեդան», 17-րդ դարի հոլանդական արվեստի գործեր, այնպիսիք, ինչպիսիք են Կասպար Նեշտերի «Ժանեկագործուհին» և Ռեմբրանդ վան Ռեյնի «Բարի սամարացին», ինչպես նաև` ֆրանսիական կահույք, բրոնզից և սևրյան մարմարից պատրաստված առարկաներ։
Ռիչարդ Սեյմուր Կոնվեյը, Հերթֆորդի 4-րդ մարկիզը (1800-1870), երրորդ մարկիզի որդին էր, ծնվել է Լոնդոնում, սակայն մեծացել է Փարիզում։ Կարճ ժամանակ նա եղել է Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ և հեծելազորի սպա, սակայն 1829 թվականին որոշել է հրաժարվել հանրային բոլոր պարտավորություններից և վերջանականապես հաստատվել Փարիզում։ Կյանքի վերջին 30 տարիները նվիրվել են արվեստի գործեր հավաքելուն։ Նա ձեռք է բելեր հոլանդական գեղանկարչության գործեր, «հին վարպետների» շատ հիանալի աշխատանքներ (այդ թվում` Նիկոլա Պուսենի, Անտոնիս վան Դեյքի, Դիեգո Վելասկեսի և Պիտեր Պաուլ Ռուբենսի գլուխգործոցներ) և թանգարանում պահվող 19-րդ դարի աշխատանքների մեծ մասը։ Ինչպես և իր հայրը, նա տարված էր 18-րդ դարի ֆրանսիական արվեստով, սակայն ձեռք է բերել շատ ավելի մեծ մասշտաբի և ավելի լայն շրջանակի առարկաներ։ Նա գնել է Անտուան Վատտոյի, Ժան Գրյոզի, Ֆրանսուա Բուշեի, Ժան Օնորե Ֆրագոնարի նկարներից, սևրական ճենապակու բավականին շատ պարագաներ, ֆրանսիացի լավագույն կահույքագործների կահույք, ինչպես նաև` մանրանկարներ, ոսկե զարդատուփեր, գոբելեն և քանդակներ։ Իր կյանքի վերջին տասնամյակում նա ձեռք է բելեր արևելյան զենք ու զրահի նշանակալի հավաքածու, ինչպես նաև` եվրոպական զենքի ներկայացուցչական օրինակներ։ Չորրորդ մարկիզը, որպես կանոն, աշխատանքները գնել է աճուրդում, գործակալների միջոցով` նախապատվությունը տալով բարձրակարգ ստեղծագործություններին, որոնք լավ վիճակում են եղել և հայտնի են եղել իրենց ծագմամբ։ Հենց նրա ճաշակն է առավելապես որոշել Ուոլեսի հավաքածուի այսօրվա բնույթը։
1870 թվականին առանձնատունն իր ամբողջ պարունակությամբ անցել է վերջին մարկիզի արտաամուսնական որդուն` սըր Ռիչարդ Ուոլեսին։ Նա գերված էր ռոկոկոյի դարաշրջանի ֆրանսիական մշակույթով և կյանքի մեծ մասն անց է կացրել Փարիզում` գնելով Բուշեի, Ֆրագոնարի և այլ վարպետների աշխատանքներ։ Ի նշան երախտագիտության` նա Փարիզ քաղաքին է նվիրել Ուոլեսի 50 շատրվան, որոնք դարձել են քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ 1872 թվականին Լոնդոն վերադառնալով` նա հավաքածուի մեծ մասը ցուցադրել է Լոնդոնի Մանկության թանգարանում, որտեղ այն դիտել են մի քանի հազար այցելուներ, իսկ ինքը` ցուցահանդեսը, սենսացիա է դարձել։ Հորից սկզբունքորեն տարբերվում էր նրա սերը միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի արվեստի հանդեպ։ Նա ձեռք է բերել եվրոպական զենք ու զրահի երկու խոշոր հավաքածու, իտալական վաղ շրջանի նկարներ և վիկոնտ դե Տոզյային պատկանող պատկերզարդ ձեռագրեր, ինչպես նաև` բազմաթիվ գեղեցիկ մանրանկարներ ու զարդատուփեր։ 1878 թվականի հուլիսի 26-ին Վիկտորյա թագուհու սիրելի վարչապետ Բենջամին Դիզրայելին այցելել է Հերթֆորդ հաուս և գրառել է այցելուների գրքում. «Այս պալատում հանճարեղություն է, երևակայություն և ճաշակ»[6]։ Կյանքի վերջում սըր Ռիչարդ Ուոլեսը քննարկել է հավաքածուն ազգին նվիրելու հնարավորությունը, սակայն կառավարությունից չի կարողացել երաշխիք ստանալ` շահագործման ծախսերի վերաբերյալ։ Կոլեկցիոները մահացել է 1890 թվականին և թաղվել է փարիզյան Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Յոթ տարի անց նրա այրին` տիկին Ուոլեսը, հավաքածուն կտակել է բրիտանական ազգին այն պայմանով, որ Հերթֆորդ հաուս առանձնատունը մշտապես անվճար բաց լինի բոլոր ցանկացողների համար, ինչն իրականացվել է 1900 թվականի հունիսի 22-ին։ Սա մեծագույն մասնավոր նվերն է, որ երբևէ ստացել է Մեծ Բրիտանիան։ Իր կամքն արտահայտելով` տիկին Ուոլեսնն, ամենայն հավանականությամբ, ցանկացել է հավերժացնել իր ամուսնու հիշատակը, միևնույն ժամանակ` նա նաև ընդգծել է հավաքածուի ձևավորման և պահպանման հարցում իր կարևոր դերը։ Կտակը նաև պարտադրում է, որ երբևէ որևէ իր չի կարող հեռացվել Հավաքածուից` անգամ ժամանակավոր ցուցադրություններում ցուցադրվելու համար։ Թանգարանը նաև իրավունք չունի ձեռք բերել կամ նվեր ստանալ որևէ առարկա։ Տիկին Ուոլեսը նաև հստակեցրել է, որ կառավարությունը պետք է թանգարանի նոր շենքի համար տարածք հատկացնի, և որ ամբողջ հավաքածուն պետք է պահվի նույն վայրում։ Հերթֆորդ հաուսի հավաքածուն նույնությամբ պահպանվում է նաև մեր օրերում. թանգարանը չի գործել միայն երկու համաշխարհային պատերազմների տարիներին։
Մահից առաջ տիկին Ուոլեսն իր կարողության մեծ մասը, այդ թվում և` Հերթֆորդ հաուսից դուրս գտնվող գեղարվեստական հավաքածուները ժառանգել է սըր Ջոն Մյուրէյ Սքոթին (1847-1912), որը սըր Ռիչարդ Ուոլեսի քարտուղարն էր և նրա այրու ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն։ Մյուրէյ Սքոթն անսպասելիորեն դարձել է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, Լաֆիտ փողոցում բնակարանի և Փարիզում` պալատի սեփականատեր, ինչպես նաև` նրան է հասել մեկ այլ անշարժ գույք Լոնդոնում, որտեղ գտնվում էին կահույքի հավաքածուներ, քանդակներ, գոբելեն և ճենապակի։ Նա դարձել է Ուոլեսի հավաքածուի առաջին խնամատարը։ Արդյունքում նա վաճառել է Փարիզի պալատը, իսկ իր մահից հետո Փարիզի բնակարանն ու արվեստի հավաքածուները ժառանգել է իր ընկերուհուն` բարոնուհի Սէքվիլին, որը հավաքածուն արագ վաճառել է արվեստի գործակալ Ժակ Սելիգմանին։ Վերջինս այն մաս-մաս վաճառել է հաջորդ մի քանի տարիների ընթացքում. «Ուոլեսի երկրորդ հավաքածուի» արվեստի գործերն այժմ կարելի է տեսնել Ամերիկայի և Եվրոպայի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Մեծ հյուրասրահ: Ներկայացված են ֆրանսիացի վարպետ-կահույքագործ Անդրե Շառլ Բուլի որոշ աշխատանքներ
Սևրյան ճենապակու` թանգարանային հավաքածուի մի մասը
Հյուրասենյան երկրորդ հարկում: Վերանորոգվել է 1990-ականների կեսերին, 19-րդ դարի վերջի ոճով
Մեծ պատկերասրահ, 2012 թվական
Փոքր հյուրասրահ
Թանգարանի կարգավիճակ և այցելության պայմաններ
Ուոլեսի հավաքածուն ունի Բրիտանիայի արտագերատեսչական հասարակական հաստատության և բարեգործական կազմակերպության կարգավիճակ, ղեկավարվում է 1992 թվականի Թանգարանների ու պատկերասրահների մասին ակտով։
Թանգարանի մուտքը, այդ թվում և` ժամանակավոր ցուցադրությունների համար, ազատ է։
Թանգարանն աշխատում է ամեն օր (բացի դեկտեմբերի 24-26), ժամը 10:00-17:00։ Հարկերի անվճար նախագիծը կարելի է ստանալ տեղեկատվական բյուրոյում, այնտեղ նաև փոքր վճարի դիմաց հասանելի են ցուցանմուշների` անգլերենով և ֆրանսերենով ձայնային բացատրություններ, ինչպես նաև` մուլտիմեդիա ուղեկցորդ` երեխաների համար։
Թանգարանում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` սահմանափակ հնարավորություններով այցելուների համար։ Կազմակերպվում են հատուկ միջոցառումներ երեխաների և ընտանեկան ժամանցի համար, թանգարանի տարածքում անցկացվում են համերգներ, դասախոսություններ, ստեղծագործական երեկոներ, գեղանկարչության դասեր, հետազոտողները կարող են աշխատել թանգարանի գրադարանում կամ արխիվում։
Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում թանգարանում ապահովվում է «Լուսավորականության դարաշրջանի արվեստը. նկար, տեքստ, օբյեկտ» դասընթացի անցկացումն ասպիրանտների համար[7]։
Թանգարանը ստեղծել է նաև տվյալների Wallace Live համացանցային բազա[8], որում կարելի է փնտրել թանգարանի պատկերներն ու դրանց մասին տեղեկատվություն։ YouTube-ում և փդքասթերում հասանելի են տեսանյութեր թանգարանի գանձերի մասին։
Թանգարանի խանութում կա ալբոմների, գրքերի, հուշանվերների և նվերների մեծ ընտրություն, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են եղել թանգարանում առկա հավաքածուները։
Անտուան Վատտոյի «Նրբակիրթ Առլեկինը և Կոլոմբինան» կտավը, Ֆրանսիա, մոտ. 1714-1717:
Շենք
Ուոլեսի հավաքածուն ցուցադրվում է «տնային միջավայրում»` Հերթֆորդ հաուսում, որը շինության նախկին սեփականատերեր Սըր Ռիչարդ Ուոլեսի և տիկին Ուոլեսի գլխավոր նստավայրն էր և գտնվում է Լոնդոնի կենտրոնում ու կառուցվել է որպես Մանչեսթեր Հաուս 18-րդ դարում։
Առանձնատունը կառուցվել էր ըստ ճարտարապետ Ջոշուա Բրաունի նախագծի, 1776-1788 թվականներին, Մանչեստրի 4-րդ հերցոգ Ջորջ Մոնտեքյուի կողմից, Պորտման ընտանիքին պատկանող վարձակալած հողի վրա։ Երեքհարկանի շենքը բաղկացած էր հինգ բաժիններից` հարավային ճակատում և ուներ մեծ վենետիկյան պատուհան։
1791-1795 թվականներին այն օգտագործվել է Իսպանիայի հյուպատոսության կողմից, 1797 թվականին շենքը վարձակալել է Ֆրենսիս Ինգրամ Սեյմուր-Կոնվեյը, Հերթֆորդի 2-րդ մարկիզը։ 1807 թվականին նա երկրորդ հարկի յուրաքանչյուր կողմում երկուական սենյակ է ավելացրել և ձմեռային այգի` գլխավոր մուտքի մոտ։ 2-րդ մարկիզը տունն օգտագործել է որպես իր հիմնական լոնդոնյան նստավայր` այնտեղ շատ ընդունելություններ ու երեկոներ կազմակերպելով, որոնցից ամենահայտնին 1814 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո կազմակերպած Դաշնակիցների գերիշխանների պարահանդեսն էր։ 1836-1851 թվականներին շենքում է տեղակայվել Ֆրանսիայի հյուպատոսությունը։
Ռիչարդ Սեյմուր-Կոնվեյը, Հերթֆորդի 4-րդ մարկիզը, հիմնականում ապրել է Փարիզում և Մանչեստր-հաուսը հիմնականում օգտագործվել է արվեստի աճող հավաքածուն պահելու համար։ Միայն 1871 թվականին Փարիզի կոմունայից հետոսըր Ռիչարդ Ուոլեսը, 4-րդ մարկիզի արտաամուսնական որդին, որոշել է վերադառնալ Լոնդոն` փարիզյան իր հավաքածու մեծ մասի հետ։ Մանչեստր հաուսի վարձակալական իրավունքները ձեռք բերելով Հերթֆորդի 5-րդ մարկիզ Ֆրենսիս Ջորջ Հյուգ Սեյմուրից` նա տունը վերանվանել է Հերթֆորդ հաուս։ Ճարտարապետ Թոմաս Էմբլերը սըր Ռիչարդի պատվերով վերակառուցել է շինությունը, հավելյալ շինություններ ու սենյակներ կառուցել։ 1897-1900 թվականներին շենքը դարձել է Հասարակական աշխատանքների գրասենյակ։
2000 թվականին թանգարանում 100-ամյակի նախագիծը ճարտարապետ Ռիկ Մազերի կողմից իրականացնելուց հետո թանգարանի տարածքն ավելացել է 30 տոկոսով. կառուցվել է ֆրանսիական ոճի ռեստորան[9]։
Թանգարանային տարածք
Առաջին հարկ. նախասրահ (նորացվել է 1994 թվականին), ճաշարան, տոնակատարությունների դիմային սրահ, տոնակատարությունների ետնասրահ, 16-րդ դարի պատկերասրահ, ծխելու համար նախատեսված սենյակ, արևելյան զենքի սրահ, եվրոպական զենքի 1-ին սրահ, եվրոպական զենքի 2-րդ սրահ, եվրոպական զենքի 3-րդ սրահ, զենքի միջանցք։
Երկրորդ հարկ. նախասրահ, օվալաձև հյուրասենյակ, փոքր հյուրասենյակ, մեծ հյուրասենյակ, արևելյան հյուրասենյակ, արևելյան 1-ին պատկերասրահ, արևելյան 2-րդ պատկերասրահ, արևելյան 3-րդ պատկերասրահ, մեծ պատկերասրահ, գրասենյակ, արևմտյան սենյակ, արևմտյան 1-ին պատկերասրահ, արևմտյան 2-րդ պատկերասրահ, 19-րդ դարի պատկերասրահ։
Ցոկոլային սենյակ վերակառուցվել է 2000-ական թվականներին. ընդլայնվել և նորացվել է ծիրանաքարե բակի տարածքը, կառուցվել են Ջոն Ռիբլետի հավաքածուի պատկերասրահը, ցուցասրահներ, Գուդիսոնի դասախոսական թատրոնը, Մերի Վեսթոնի կրթական ստուդիան, Էրանդայի գրադարանը` այցելուների համար։
Ուոլեսի հավաքածուում ներկայացված են նկարների ու մանրանկաների, կերամիկայի, զենքի ու զրահի հավաքածուներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, կահույք, քանդակներ։
Ուոլեսի հավաքածուն ներառում է 14-19-րդ դարերում յուղաներկով պատկերված եվրոպական մեծաքանակ նկարներ, որն Անգլիայի թանգարաններից զիջում է միայն Լոնդոնի ազգային պատկերասրահին։
Հավաքածուի` «հին վարպետների» նկարները համաշխարհային գլուխգործոցներ են, որոնք ստեղծվել են ժամանակի առաջատար նկարիչների կողմից։ Ուոլեսի հավաքածուում հատկապես շատ են 17-րդ դարի հոլանդական ու ֆլամանդական գեղանկարչության գործեր, ցուցադրվում են նաև անգլիացի, իտալացի ու իսպանացի առաջատար նկարիչների աշխատանքներ։ Քանի որ Հերթֆորդի չորրորդ մարկիզը` Ռիչարդ Սեյմուչ Կոնվեյը, գրեթե մշտապես ապրում էր Փարիզում, զարմանալի չէ, որ հավաքածուի մեջ լիարժեքորեն ներկայացված են 18 և 19-րդ դարերի ֆրանսիացի աառաջատար նկարիչները. Վատտոն. Բուշեն, Ֆրագոնարը, Ալեքսանդր Գաբրիել Դեկանը, Մեյսոնիեն, որոնց կտավներից ուղղակի չկան Բրիտանական ազգային այլ հավաքածուներում։ Թանգարանի` 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության հավաքածուն աշխարհում լավագույններից է։
Ներկայացված են նաև 19-րդ դարի մի խումբ անգլիացի ու ֆրանսիացի գեղանկարիչներ, այդ թվում` Ռիչարդ Բոնինգտոնի, Ուիլյամ Թըրների, Թեոդոր Ժերիկոյի և Դեկանի աշխատանքներ, ինչպես նաև` 16-19-րդ դարերի ավելի քան 300 մանրանկարներ, որոնցից մեծամասնությունը ֆրանսիացի վարպետների աշխատանքներ են։ Թանգարանի նկարները, ջրանկարներն ու մանրանկարները եզակի հնարավորություն են տալիս մեր ժամանակներում տեսնել 19-րդ դարի կեսերի համար նորաձև հավաքածու, որը հավաքվել է Լոնդոնում և Փարիզում` բացառիկ ճաշակով ու գրեթե անսահմանափակ ռեսուրսներով։
Նկարների, ջրանկարների ու գծանկարների հավաքածուն ներկայացնում է եվրոպական բոլոր առաջատար դպրոցները.
Բրիտանական, գերմանական, իսպանական ու իտալական արվեստ` 151 նկար, 60 գծանկար[11]
19-րդ դարի ֆրանսիական արվեստ` 134 նկար, 57 գծանկար[12]
Ֆրանսիական արվեստ` մինչև 1815 թվական` 144 նկար, 8 գծանկար և ջրանկար[13]
↑The Wallace Collection : Guidebook : A Family Collection. A National Museum. An International Treasure House / Wallace Collection. — 8th ed. — [London]: Trustees of the Wallace Collection, 2013. — P. 4. — ISBN 978-0-900785-70-2.
↑Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures I. — London : Trustees of the Wallace Collection, 1985. — 464 p. — ISBN 0900785160.
↑Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures II. — London : Trustees of the Wallace Collection, 1986. — 326 p. — ISBN 0900785195.
↑Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures III. — London : Trustees of the Wallace Collection, 1989. — 410 p. — ISBN 0900785357.
↑ 14,014,1Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures IV. — London : Trustees of the Wallace Collection, 2006. — 464 p. — ISBN 0900785381.
Գրականություն
Кудрявцев Б. В. Художественные музеи Лондона: Галерея Тейт. ГалереяИнститута Курто. Коллекция Уоллес. Картинная галерея Далидж-Колледжа и Галерея Кенвуд-Хауса / Рецензент И. А. Кузнецова; Художник серии Н. И. Васильев. — М.: Искусство, 1994. — 224 с. — (Города и музеи мира). — 25 000 экз. — ISBN 5-210-02545-4 (в пер.)