Գրյոզ Ժան Բատիստ (ֆր.՝ Jean-Baptiste Greuze, օգոստոսի 21, 1725(1725-08-21)[1][2][3][…], Տուռնյու, Ֆրանսիա[4] - մարտի 21, 1805(1805-03-21)[5][6][7][…], Փարիզ, Փարիզի շրջան[4]), ֆրանսիացի գեղանկարիչ։
Սովորել է Լիոնում, ապա՝ Փարիզի Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում։ Նրա առաջին աշխատանքը «Ընտանիքի հայրը, ով Աստվածաշունչ է բացատրում իր երեխաներին» նկարն է։ 1769 թվականին դառնալով ակադեմիկոս՝ որոշում է իրեն նվիրել պատմական գեղանկարչությանը՝ այդ նպատակով գնալով Հռոմ։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Գրյոզը մեկուսացած է ապրում և չի միջամտում քաղաքականության հարցերին։ Իր կյանքի վերջում ուներ բավական մեծ կարողություն, սակայն այն կորցրել է ռիսկային նախաձեռնությունների ժամանակ։ Մահացել է աղքատության մեջ՝ մոռացված լինելով իր ժամանակակիցների կողմից։
Գրյոզի ժանրային պատկերները («Գյուղական նշանադրություն», 1761 թ., Լուվր, Փարիզ, «Անդամալույծը կամ Լավ դաստիարակության պտուղները», 1763 թ., էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ) փառաբանել են Երրորդ դասի առաքինությունները։ Բնորդի իդեալականացումը Գրյոզի կերպարներին հաղորդել է քաղցրմեղցրություն (կանացի և մանկական դեմքեր)։ Առավել ռեալիստական են դիմանկարները («Փորագրիչ Ի․ Գ․ Վիլլը», 1763 թ., Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Հայաստանի ազգային պատկերասրահում են Գրյոզի «Երիտասարդ աղջկա դիմանկար»,«Աղջկա գլխանկար», «Բնորդ», «Երիտասարդ կնոջ պրոֆիլ» գործերը։