Նույնասեռ ամուսնությունները Հայաստանում պաշտոնապես չեն ճանաչվում, իսկ ընտանեկան միությունների ցանկացած այլ ձև (այդ թվում՝ փաստացի ամուսնությունը) ոչ նույնասեռ, ոչ էլ տարասեռ զույգերի համար գործող օրենսդրությամբ նախատեսված չէ։
Հայաստանի բնակչության և հասարակական առաջնորդների ճնշող մեծամասնությունը դեմ է նույն սեռի անձանց միջև ամուսնությունների ճանաչմանը։ Ընդ որում, այս թեման հաճախ օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից շահարկումների համար։ Այս հարցը բարձրացվել է նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքում։
Հայաստանի անկախության առաջին տարիներին 1977 թվականի ԽՍՀՄ Սահմանադրության օրինակով գործող Հայկական ԽՍՀ 1978 թվականի Սահմանադրության հոդված 51-ում ասվում էր․ «Ամուսնությունը հիմնվում է կնոջ և տղամարդու կամավոր համաձայնության վրա»[1]։
1995 թվականիի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Սահմանադրության հոդված 32-ում ասվում էր․ «Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից։»[2]։
2005 թվականի հանրաքվեի նախապատրաստման ժամանակ նոր հիմնական օրենքի նախագծի քննարկման ընթացքում հնչեցվել է նույն սեռի անձանց միջև ամուսնության հնարավոր օրինականացման թեման[3]։ Արդյունքում ընդունված Սահմանադրության հոդված 35-ն ասում էր. «Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է։ Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց ազատ կամարտահայտության դեպքում ունեն ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից։»[4]։
2015 թվականի հանրաքվեից առաջ ինչպես իշխող Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներն ակտիվորեն հանդես էին գալիս նույնասեռ ընտանիքների իրավունքների օրինականացման դեմ։ Ընդ որում, նոր Սահմանադրության նախագծի հեղինակները պնդում էին, որ ամուսնության մասին հոդվածում ուղղումների նպատակը նույնասեռ ամուսնությունների արգելքն է, իսկ դրանց քննադատները մտավախություն ունեին, որ այդ փոփոխություններն օրիկանացնելու են դրանք[5][6]։ Արդյունքում ընդունված Սահմանադրությունն ասում է[7]․
Հոդված 16։ Ընտանիքի պաշտպանությունը Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է։ Ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո։ Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը 1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն ամուսնության և ընտանիքի ստեղծման իրավունք ունեն իրենց կամքի փոխադարձ ազատ արտահայտմամբ։ Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով։ 2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից։3. Ամուսնության ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով։
Հայ քաղաքական գործիչների մեծ մասը և որոշ իրավապաշտպաններ[8] այդ հոդվածները գնահատում են որպես ամուսնության միանշանակ սահմանափակում միայն տղամարդու և կնոջ միությամբ և նույնասեռ ամուսնությունների արգելք[5][9]։ Մյուս կողմից, Վենետիկի հանձնաժողովի անդամները Սահմանադրության նախագիծը վերլուծելիս նշել են, որ այդ ձևակերպումները «չպետք է մեկնաբանվեն որպես նույնասեռ ամուսնությունների ճանաչման իրավական խոչընդոտ»[10][11]։ Որոշ հայ քաղաքական գործիչներ[12] և ԼԳԲՏ ակտիվիստներ[5] նմանատիպ գնահատականներ են տալիս։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հարցազրույցներից մեկում խուսափել է նույնասեռ ամուսնությունների օրինականության մասին հարցին պատասխանելուց[13], իսկ արդարադատության նախարարությունը՝ ի դեմս Քաղաքացիական ռեեստրի գործակալության ղեկավար Արգամ Ստեփանյանի, ակտիվիստների հարցմանը պատասխանել է, որ չնայած օրենսդրության մեջ բացակայում է նույն սեռի անձանց միջև ամուսնությունների արգելքը, իշխանությունները կարող են գրանցել միայն այն ամուսնությունները, որոնք ամրագրված են օրենքով, իսկ դա նշանակում է, որ նույնասեռ ամուսնությունները, որոնք հիշատկված չեն օրենքով, չեն կարող գրանցվել[14]։
Անկախության առաջին տարիներին Հայաստանում գործում էր 1970 թվականի «Հայկական ԽՍՀ-ի ամուսնության և ընտանիքի մասին օրենսգիրքը», որը գրվել է 1968 թվականի «Ամուսնության և ընտանիքի մասին ԽՍՀՄ և խորհրդային հանրապետությունների օրենսդրության հիմքերի» օրինակով, որը հռչակում էր «կնոջ և տղամարդու կամավոր ամուսնական միության վրա ընտանեկան հարաբերությունների կառուցման» սկզբունքը։ Իրավաբան գիտնականների կարծիքով՝ այս ձևակերպումն արտացոլում է ամուսնության ավանդական քննարկումը տղամարդու և կնոջ միության համատեքստում[15]։
2004 թվականին ընդունված Հայաստանի ընտանեկան օրենսգրքում ասվում է[16]․
Հոդված 1։ Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները 3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից։ 4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական միության կամավորության սկզբունքներին համապատասխան… Հոդված 10։ Ամուսնության պայմանները 1. Ամուսնության համար անհրաժեշտ է ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը…
Ընդ որում, Հայաստանի օրենսդրությունը ճանաչում է միայն պաշտոնապես գրանցված ամուսնությունը, մինչդեռ փաստական ամուսնությունը իրավական հետևանքներ չունի[17]։
2017 թվականին կառավարության խորհրդակցության ժամանակ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը խոսել է ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որոնք ամուսնությունը կսահմանափակեին բացառապես տղամարդու և կնոջ միությամբ։ Հայաստանում նույնասեռ ամուսնությունների օրինականության մասին ենթադրությունն առաջացրել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի զարմանքը[18]։
2018 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է ընտանեկան օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք արգելում են նույն սեռի անձանց ամուսնությունը։ Սակայն նրա նախաձեռնությունը մերժվել է կառավարության կողմից, որը վկայակոչել է այն, որ Սահմանադրությունը և ընտանեկան օրենսգիրքն արդեն նման բան թույլ չեն տալիս[19][20]։ Լրագրողները պատգամավորին մեղադրել են արտահերթ ընտրություններից առաջ ինքնագովազդի մեջ[21]։
Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ այլ երկրներում կնքված ամուսնությունները ճանաչվում պետության կողմից, սակայն եթե օտարերկրյա պետության նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին, ապա կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը[22]։ Արդյունքում՝ օտարերկրյա նույնասեռ ամուսնությունների ճանաչումը իրավապաշտպաններին անհնարին է թվում[3][23]։
2017 թվականին հուլիսի 3-ին «PanARMENIAN.Net» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ ասվում էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունում անանուն աղբյուրը հայտարարել է արտերկրում նույն սեռի անձանց ամուսնությունների Հայաստանում հնարավոր ճանաչման մասին[24]։ Այս լուրը տարածվել է որոշ լրատվամիջոցների կողմից[25][26], սակայն դրա հաստատումը չի եղել։ 2019 թվականին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ճանաչում նույնասեռ ամուսնությունները[27]։
2015-2016 թվականներին Փյու հետազոտական կենտրոնի (անգլ.՝ Pew Research Center) կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանում նույնասեռ ամուսնությունների հասարակական աջակցությունը գտնվում է Եվրոպայի երկրների շարքում ամենացածր մակարդակներից մեկում․ դրանց ճանաչման օգտին հանդես է գալիս բնակչության միայն 3%-ը։ Ընդ որում՝ ցածր աջակցությունը նկատվել է բոլոր տարիքային խմբերի շրջանում[28]։
Հայ Առաքելական եկեղեցին, որը երկրում գերիշխող դենոմինացիան է, դեմ է նույն սեռի անձանց միջև ամուսնությունների ճանաչմանը։ 2006 թվականին Ֆրանսիայում բնակվող հայերի զույգը եկել է հայրենիք, որտեղ Էջմիածնի Մայր տաճարում հանպատրաստից հարսանիք է կազմակերպել։ Դա հասարակական մեծ արձագանք է առաջացրել, և տղամարդկանց գործողությունները դատապարտվել են եկեղեցու ներկայացուցիչների կողմից[29][30][31]։ 2017 թվականին հրապարակվել է ամերիկահայ հոգևորական Վազգեն Մովսեսյանի պատմությունը, որը հանդես է եկել նույնասեռ ամուսնությունների օգտին և սկսել է համագործակցել այդ հարցի շուրջ տեղի ԼԳԲՏ կազմակերպության հետ[32]։ Արդյունքում, եկեղեցու ղեկավարության պահանջով, Նա հրաժարվել է նման համագործակցությունից[33]։
Հայաստանի հասարակական առաջնորդների շրջանում գոյություն ունի նույնսեռ ամուսնությունների օրինականացումը չընդունելու վերաբերյալ փաստացի կոնսենսուս[5]։ Մի քանի բացառություններից մեկն իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էր, ով բացահայտորեն հանդես էր գալիս նույն սեռի անձանց ամուսնությունները ճանաչելու օգտին[34]։ ԼԳԲՏ անձանց իրավունքներին աջակցելու համար նա խոչընդոտման է ենթարկվել որոշ գործընկերների և քաղաքական գործիչների կողմից[35]։ ԼԳԲՏ անձանց իրավունքների և նույնասեռ ամուսնությունների թեման Հայաստանում օգտագործվում է նաև քաղաքական շահարկումների համար։ Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ինչպես 2015 թվականի հանրաքվեից[5], այնպես էլ 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ[36][37]։ Ընդ որում, 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայաստանում միջազգային ԼԳԲՏ համաժողովի հնարավոր անցկացման շուրջ հասարակական սկանդալին, հայտարարել է, որ ինքը չգիտի ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդիրների պատասխանը, չի ցանկանում այն փնտրել, և այդ խնդիրը կառավարությունը կսկսի լուծել միայն տասնյակ տարիներ անց[38]։ Միաժամանակ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը վարչապետի կուսակցությանը մեղադրել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման հնարավոր առաջխաղացման մեջ[39]։ Կառավարության անդամներն այդ վայրագություններն անվանել են «պայքար հողմաղացների դեմ»[40]։ Դիտորդները նշել են, որ վարչապետի նման խուսափողական դիրքորոշումը պայմանավորված է ծայրահեղ պահպանողական բնակչության և լիբերալ էլիտայի միջև նրա հավասարակշռությամբ, որը հեղափոխության ընթացքում նրան իշխանության է բերել[36][37]։