Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան (լիտ.՝ Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka), Լիտվայի գլխավոր գիտական հանրային գրադարանն է, համարվում է երկրի ամենամեծ գրադարաններից մեկը։ Տեղակայված է Վիլնյուսի Գյադիմինաս (Gedimino pr. 51) փողոցում։ Հասանելի է Լիտվայի և այլ երկրների քաղաքացիների համար։ 2006 թվականի հունվարի 2-ի դրությամբ գրադարնն ունեցել է 529 աշխատակից, որոնցից 378-ը եղել են պրոֆեսիոնալ գրադարանավարներ։
Գրադարանը հիմնադրվել է 1919 թվականին Կաունասում որպես Կենտրոնական ազգային գրադարան (Lietuvos Centrinis knygynas), 1944 թվականից կոչվել է Լիտվայի ԽՍՀ կենտրոնական պետական գրադարան, 1951 թվականից՝ Լիտվայի ԽՍՀ պետական հանրապետական գրադարան (Lietuvos TSR centrinė valstybinė biblioteka)։ 1963 թվականին գրադարանը տեղափոխվել է Վիլնյուս և տեղակայվում է հատուկ գրադարանի համար նախատեսված շենքում։
1988 թվականից գրադարանը կոչվում է լիտվացի առաջին հրատարակիչ Մարտինաս Մաժվիդասի անունով և ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1989 թվականի մայիսի 30-ից գրադարանը կոչվում է Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան[2][3][4]։
2012 թվականին Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի հավաքածուն ներառել է 6,65 միլիոն հատորային և 1,77 միլիոն անվանումով տպագիր և այլ փաստաթղթերի լայն շրջանակ[5]։
Ամբողջ հավաքածուն բաժանվում է 3 կատեգորիաների՝ Հրատարակված փաստաթղթերի Լիտվայի ազգային արխիվային հիմնադրամ, հիմնական հավաքածու և հատուկ հավաքածու (հազվագյուտ գրքեր, ձեռագրեր և այլն)։