Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461 թվականին, սուլթան Մեհմեդ II-ի նախաձեռնությամբ։ Նախքան այդ, հայ եկեղեցական համայնքը Կոստանդնուպոլսում կազմակերպվել է 572 թվականին։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ Այդ ժամանակ կաթողիկոսական աթոռը արդեն իսկ տեղափոխվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (1441), իսկ մյուս երկու նվիրապետական աթոռները՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, գտնվում էին Օսմանյան կայսրության կողմից այդ պահին չվերահսկվող տարածքներում․ թուրքահպատակ էր Հայկական լեռնաշխարհի մի մասը՝ ի դեմս Փոքր Հայքի։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում «հայոց պատրիարք» տիտղոսը։ 16-րդ դարում արդեն ամբողջ Արևմտյան Հայաստանը դառնում է կայսրության մաս (1555), որով վերոհիշյալ երկու նվիրապետական աթոռները անցնում են կայսրության սուվերեն հսկողության ներքո, իսկ Հայաստանի չորրորդ բաժանումից հետո կայսրությանն է միանում նաև Վան-Վասպուրականը, որտեղ գործում էր Աղթամարի կաթողիկոսությունը։ Կայսրության տարածքից դուրս գործում էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական վեց աթոռներից երկուսը՝ Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունները։
Արդեն 17-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլսի պատրիարքությանն են փոխանցվում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր հայ առաքելական եկեղեցիները։ Ի հեճուկս «պատրիարքություն» կոչվելուն՝ հաճախ այն ավելի գերիշխող դիրք էր գրավում, քան կաթողիկոսական երկու աթոռները՝ Աղթամարն ու Կիլիկիան։ 1830 թվականին հայ կաթողիկե համայնքի համար Կոստանդնուպոլսում հիմնադրվում է մեկ այլ կրոնական կազմակերպություն՝ Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Պոլսո թեմը, որի առաջնորդանիստը ևս կոչվում էր սուրբ Աստվածածին։ Կոստանդնուպոլսի պատրիարքության դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860) ընդունումից հետո։ 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք։
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, պատրիարքության նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց Հայկական հարցի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, պատրիարքությունը որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879 թվականին գումարվող Բեռլինի կոնգրես։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքությունը բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները Արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։
Պատրիարքության երբեմն անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների (Արմենական կուսակցություն, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն) կողմից՝ 1890 թվականի Գում Գափուի ցույցի, 1894 թվականի հայկական կոտորածների և Առաջին համաշխարհային պատերազմումհայերի ցեղասպանության ժամանակ։ Պատրիարքությունը զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Արևմտյան Հայաստանի, Կոստանդնուպոլսի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո Պատրիարքությունը զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։
Ծանոթություն. շեղատառով նշված կաթողիկոսությունները, թեմերը և հոգևոր հովվությունները, որոնց դիմաց դրված է նաև «†» նշանը, չգործող կրոնական կազմակերպություններ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 619)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!