Առաջին աֆրոամերիկուհին էր, որը 1954 թվականին Վիեննայի պետական օպերայում հանդես է եկել գլխավոր դերակատարմամբ։ Հետագայում որպես մենակատար ելույթներով հանդես է եկել բազմաթիվ եվրոպական նվագախմբերի հետ ու որպես համերգային կատարող շրջագայել ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Առաջին աֆրոամերիկուհին էր, որ 1977 թվականին որպես պրոֆեսոր նշանակվել է Ինդիանայի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1997 թվականը։
Վաղ կյանք և կրթություն
Ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Վիրջինիա նահանգի Դանվիլ քաղաքում լվացարարուհու և վարորդի ընտանիքում, որոնց չորս զավակներից ամենակրտսերն էր։ Հասակ է առել աղքատության մեջ, սակայն ընտանիքում կարևորել են երաժշտությունը։ Ծնողները նրա մեջ ներարկել են հարգանք երաժշտության, եկեղեցու և կրթության հանդեպ, և ութ տարեկան հասակում երեխան դաշնամուր էր նվագում, երգում դպրոցում և քաղաքային եկեղեցում[8][9]։
Ուսում է առել Վիրջինիայի պետական քոլեջում (այժմ՝ Վիրջինիայի պետական համալսարան) և ստացել երաժշտության բակալավրի աստիճան[8]։ Քոլեջում ուսումնառությունն ավարտելուց հետո թողել է երրորդ դասարանի ուսուցչուհու իր աշխատանքն ու շարունակել երաժշտություն ուսումնասիրել Ֆիլադելֆիայում, վոկալի հեղինակավոր ուսուցչուհի Մերիոն Ֆրեշլի մոտ։ Կրթության համար վճարելու նպատակով Վիրջինիայի քոլեջի անգլերենի նրա նախկին դասախոս Թոսսի Վայթինգը հիմնել է «Կամիլա Ուիլյամսի ֆոնդը»[8]։ 1943 և 1944 թվականներին արժանացել է Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի և շարունակել վոկալ մրցումներում մրցանակների արժանանալ[10][11][9]։
Կարիերա
1944 թվականից սկսած երգել է ամերիկյան ռադիոհաղորդումներում։ 1946 թվականին առաջին աֆրոամերիկուհին էր, որի հետ ամերիկյան մի նշանավոր օպերային ընկերություն կանոնավոր պայմանագիր է կնքել, որի հիման վրա դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում Պուչինիի«Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերով[12]։ Կատարումը «Նյու Յորք Թայմս» օրաթերթի քննադատի կողմից գովասանքի է արժանացել որպես «ակնթարթային և ակնառու հաջողություն»[7]։ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում հանդես է եկել նաև Նեդդայի դերերգով Ռուջերո Լեոնկավալոյի«Պայացներ» օպերայից, Միմիի դերերգով Պուչինիի«Բոհեմ» օպերայից, Մարգուերիտի դերերգով Գունոյի«Ֆաուստ» օպերայից, Միքայելայի դերերգով Բիզեի«Կարմեն» օպերայից ու Վերդիի«Աիդա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգով[8][12]։
ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդես է եկել բազմաթիվ այլ օպերային ընկերությունների հետ։ 1954 թվականին դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որը գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում՝ կատարելով «Մադամ Բատերֆլայը»։ 1963 թվականին «Երթ դեպի Վաշինգտոն» բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ Սպիտակ տան մոտ, ինչպես նաև Լինքոլնի հուշահամալիրի մոտ 250,000 մարդու ներկայությամբ երգել է ԱՄՆ-ի ազգային հիմնը, որին հաջորդել է Մարտին Լյութեր Քինգի«Ես երազանք ունեմ» հանրահայտ ճառը։
1970-ական թվականներին վոկալ է դասավանդել Բրուկլինի քոլեջում, Բրոնքսի քոլեջում, Քուինս քոլեջում և այլուր[13]։
1977 թվականին նշանակվել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պրոֆեսոր․ այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկուհին էր։ 1984 թվականին դարձել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կոնսերվատորիայի առաջին աֆրոամերիկուհի դասախոսը։ 1997 թվականին դարձել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պատվավոր պրոֆեսոր, սակայն շարունակել է մասնավոր դասեր տալ[12]։
Ամուսնություն և ընտանիք
1950 թվականին ամուսնացել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Չառլզ Թ․ Բիվերսի հետ, որը սերտորեն համագործակցում էր սևամորթների իրավունքների պաշտպան Մալկոլմ Իքսի հետ։ Մահացել է 1969 թվականին[7]։
2000 - 2011 թվականներին ապրել է իր բուլղարացի նվագակցող Բորիս Բազալայի ընկերակցությամբ[7]։
Ժառանգություն և պարգևներ
1995 թվականին արժանացել է Ազգային օպերային ընկերության «Բարձրացրու յուրաքանչյուր ձայն» մրցանակին՝ ի պատիվ օպերայի ասպարեզում աֆրոամերիկացիների ունեցած ներդրման։
1996 թվականին Հարվարդի համալսարանի կողմից ճանաչվել է ականավոր աֆրոամերիկուհի երգչուհի/ռահվիրա։
2000 թվականին որպես առաջին աֆրոամերիկուհի երգչուհու նրա կենսագրությունը պատկերվել է «Աիդայի քույրեր և եղբայրներ․ սևամորթների ձայներն օպերայում» վավերագրական ֆիլմում, որը թողարկվել է նույն տարվա փետրվարին։
2006 թվականին պատկերվել է «Սիրո առեղծվածը» վավերագրական ֆիլմում։
2007 թվականին Վիրջինիայի գրադարանի կողմից «Վիրջինիացի կանայք պատմության մեջ» նախագծի շրջանակներում մեծարանքի արժանացած ութ կանանցից մեկն էր։
2009 թվականի փետրվարի 11-ին Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի ու «Սևամորթների մշակույթի ուսումնասիրման Շոմբուրգյան կենտրոն» գիտահետազոտական գրադարանի հովանավորությամբ Նյու Յորքում անցկացվել է «Հարգանքի տուրք Կամիլա Ուիլյամսին» ծրագիրը։
2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ինդիանայի համալսարանի կողմից արժանացել է «Գերազանցության համար» մեդալի։
2011 թվականին «Էդվին Մելեն Պրես» հրատարակչատունը հրատարակել է նրա՝ «Աֆրոամերիկուհի դասական երգչուհի և օպերային դիվա Կամիլա Ուիլյամսի կյանքը» ինքնակենսագրականը։
↑ 8,08,18,28,38,4Williams, Camilla; Shonekan, Stephanie (2011). The Life of Camilla Williams: African American Classical Singer and Opera Diva. Lewiston, NY: The Edwin Mellen Press. ISBN9780773414389.
↑«Williams, Camilla (1919-)». Amistad Research Center. The University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
Stephanie Shonekan and Camilla Williams, The Life of Camilla Williams, The African American Classical Singer and Opera Diva, Edwin Mellen Press, 2011. 0-7734-1483-5.
Eileen Southern, The Music of Black Americans: A History, W. W. Norton & Company; 3rd edition, 1997. 0-393-97141-4