Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Լատվիական ԽՍՀ, Լատվիայի ԽՍՀ, ԼԽՍՀլատիշ․՝ Latvijas Padomju Sociālistiskā Republika, ռուս.՝ Латвийская Советская Социалистическая Республика), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ 1984 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 2 589 000։ Ազգության կազմը (1979-ին, հազար մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ լատիշներ՝ 1 344, ռուսներ՝ 821, բելառուսներ՝ 112, ուկրաինացիներ՝ 67, լեհեր 63 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 40,3 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ռիգա (875 հազար բնակիչ՝ 1984)։ Խոշոր քաղաքներն են եղել Դաուգավպիլսը (122), Լիեպայան (109)։
Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։
ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ առաջին հերթին առանձնացել է մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են համարվել մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։
Քիմիական արդյունաբերությունն արտադրել է մանրաթելեր ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնացել է կահույքի և լուցկու արտադրությունը։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 725)։