Դեյվիդ Էմիլ Անդերսեն (անգլ.՝ David Emil Andersen, հունիսի 23, 1980(1980-06-23), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի և դանիացի նախկին բասկետբոլիստ։ Խաղացել է կենտրոնականի և/կամ ծանր հարձակվողի դիրքում։
Անդերսենը դանիացի է հոր կողմից և ավստրալիացի մոր կողմից։ Ունի Ավստրալիայի և Դանիայի քաղաքացիություն[1]։
Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) տեղափոխվելը, Անդերսենը ուղիղ 9 խաղաշրջան անցկացրել է Բասկետբոլի Եվրալիգայում, որտեղ երեք անգամ դարձել է գավաթակիր՝ 2001 թվականին՝ իտալական «Վիրտուս Բոլոնյայի» կազմում և 2006, 2008 թվականներին՝ ռուսական «ԲԿՄԱ»-ի կազմում։
Չնայած խաղացած դիրքին՝ Անդերսենը հարաբերական նիհարության պատճառով այնքան էլ աչքի չի ընկնում պաշտպանական ունակություններով, մասնավորապես՝ պաշտպանական անդրադարձների տիրմամբ, սակայն բավականին արժեքավոր դեր է կատարում հարձակման մեջ ու կարողանում է և՛ արդյունավետորեն նետել հեռու տարածություններից, և՛ պայքարել օղակի տակ։
Պրոֆեսիոնալ կարիերան
Դեռահաս տարիքում սկսելով լուրջ զբաղվել բասկետբոլով` Անդերսենը ընդունվում է Ավստրալիայի սպորտային ինստիտուտ (Australian Institute of Sport)։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքում է 1998 թվականին՝ Ավստրալիայի բասկետբոլի ազգային առաջնության «Վոլոնգոգ Հոքս» ակումբի հետ, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվում է իտալական Ա սերիա՝ չորս տարվա պայմանագիր կնքելով «Վիրտուս Բոլոնյայի» հետ, որի կազմում հաղթում է բազմաթիվ տիտղոսներ։ Սակայն թիմը սնանկ է ճանաչվում, և Անդերսենը տեղափոխվում է նույն լիգայում հանդես եկող «Մոնտեպասկի Սիենա», որի կազմում Անդերսենը կրկին դառնում է Իտալիայի գավաթակիր։
Հաջորդ տարի Անդերսենը նոր պայմանագիր է կնքում մոսկովյան «ԲԿՄԱ»-ի հետ։ 2004-05 մրցաշրջանում Անդերսենը «ԲԿՄԱ»-ի կազմում արժանանում է All-Euroleague առաջին թիմ ճանաչողական մրցանակին։
Մինչ 2008-09 մրցաշրջանի մեկնարկը, Անդերսենը տեղափոխվում է «Բարսելոնա» բասկետբոլային ակումբ և նույն տարի հաղթում Իսպանիայի չեմպիոնատը։
2011-ի ամռանը Անդերսենը կրկին վերադառնում է «Մոնտեպասկի Սիենա»[2]։
2012-ի ամռանը Անդերսենը երկու տարվա պայմանագիր է կնքում թուրքական «Ֆեներբահչե Յուլքերի» հետ[3]։
Կարիերան NBA-ում
Անդերսենը ընտրվել էր 37-րդը NBA-ի 2002 թ դրաֆթում` «Ատլանտա Հոքսի» կողմից։ 2009 թվականի հուլիսի 14-ին «Ատլանտա Հոքսը» 2 միլիոն դոլար կանխիկ վճարի և ապագա դրաֆթում երկրորդ ռաունդում ընտրելու իրավունքի դիմաց «Հյուստոն Ռոքեթսին» է հանձնում Անդերսենի հանդեպ այսպես կոչված դրաֆթային իրավունքները[4]։ Այնուհետև՝ «Ռոքեթսը» վճարում է 500 000 դոլար «Բարսելոնային», որից հետո 3 տարվա 7, 5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Անդերսենի հետ[5]։
2010 թվականի ամռանը Անդերսենը տեղափոխվում է «Տորոնտո Ռեպտորս»` փոխանակվելով 2015 թվականի դրաֆթում պաշտպանված ընտրության իրավունքի դիմաց։ Նույն թվականի նոյեմբերի 10-ին Անդերսենը Մարկուս Բենքսի և Ջարեթ Ջեքի հետ տեղափոխվում է «Նյու Օռլեանս Հորնեթս»՝ Ջերիդ Բեյլեսի և Պեջա Ստոյակովիչի դիմաց[6]։
Ավստրալիայի ազգային հավաքական
Անդերսենը հանդիսանում է նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականի մեկնարկային խաղացող, որի կազմում հաղթել է ՖԻԲԱ-ի օվկեանական առաջնությունները 2003, 2005 և 2007 թվականներին։
Մասնակցել է նաև 2010 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությանը և 2004 թվականի Աթենքի, 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, սակայն ոչ մեկում չի կարողացել մեդալակիր դառնալ։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ