* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Դավիթ Վիլյա Սանչես (իսպ.՝ David Villa Sánchez, դեկտեմբերի 3, 1981(1981-12-03)[2][3], Tiuya / Tuilla, Langreo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի հարձակվող, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»։ Հանդես է եկել «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում։ Վիլյան Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 59 գնդակով։ Հավաքականի կազմում հանդես է եկել 2005-2014 թվականներին։ Իր ֆուտբոլային կարիերայում նվաճել է հնարավոր բոլոր գավաթները։ Դարձել է նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Այդ մրցաշարերում դարձել է լավագույն ռմբարկու։ Արժանացել է նաև «Don Balon» մրցանակին։
Ակումբային կարիերա
«Սպորտինգ Խիխոն»
Դավիթ Վիլյան 1999 թվականին ընդունվել է «Սպորտինգ Խիխոնի» ակադեմիա։ Երիտասարդ հարձակվողը մեկ տարի անց կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր իսպանական ակումբի հետ։ 2000/01 մրցաշրջանում Վիլյան հանդես է եկել «Սպորտինգ Խիխոն Բ»-ում, որը հանդես է եկել Իսպանիայի երրորդ դիվիզինում։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել հիմնական թիմում, որը հանդես էր գալիս «Սեգունդայում», և դարձել է 18 գոլի հեղինակ։ Հիմնական կազմում անցկացնելով երկու մրցաշրջան՝ մասնակցել է 65 խաղի և դարձել 25 գոլի հեղինակ[4]։
«Ռեալ Սարագոսա»
2003 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»։ Իր դեբյուտը Իսպանիայի առաջնությունում նշել է «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում, որում «Ռեալ Սարագոսան» հաղթել է 1:0 հաշվով։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է «Ռեալ Մուրսիի» դեմ խաղում, որտեղ «Սարագոսան» հաղթել է 3:0 հաշվով։ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին Վիլյան ձևակերպել է իր պրոֆեսիոնալ առաջին դուբլը՝ «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում(2:2)[5]։ Իսկ իր առաջին պրոֆեսիոնալ հեթ-տրիկը ձևակերպել է 2004 թվականի ապրիլի 25-ին՝ «Սևիլյայի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:4 հաշվով։ 2004 թվականին «Սարագոսան» հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթելով «Ռեալ Մադրիդին»՝ դարձավ Իսպանիայի գավաթի չեմպիոն։ Երկու մրցաշրջանում Վիլյան դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ մասնակցելով 73 խաղի և դառնալով 32 գոլի հեղինակ[6]։
«Վալենսիա»
2005 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա»։ Իր առաջին իսկ մրցաշրջանում խփած 25 գոլով դարձել է Իսպանիայի երկրորդ լավագույն ռմբարկուն (Սամուել Էտո'Օ-ից հետո)[7]։ Իր անցկացրած հինգ մրցաշրջանում խփելով 107 գոլ՝ դարձել է «Վալենսիայի» պատմության երրորդ լավագույն ռմբարկու։
2008/09 մրցաշրջանում Վիլյան դարձել է 28 գոլի հեղինակ, և «Պիչիչիի» մրցանակի պայքարում զիջել է միայն Դիեգո Ֆորլանին, ով խփել է 32 գնդակ։
«Բարսելոնա»
2010 թվականի մայիսի 19-ին 42 միլիոն դոլլարի դիմաց տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։ Թիմի հետ պայմանագիր է կնքել մայիսի 22-ին։ Նոր թիմում Վիլյան ստացել է 7 համարի մարզաշապիկը։ Կատալոնական թիմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 21-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ խաղում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել է 4:0 հաշվով։ Դավիթը իր առաջին գոլը կատալոնական ակումբի կազմում խփել է օգոստոսի 26-ին՝ Ժուան Գամպերի գավաթի շրջանակներում կայացած «Միլանի» դեմ խաղում (1:1, 3:1)։ Իսպանիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում։ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 14-ին՝ «Պանայտինակոսի» դեմ խաղում։
Դեկտեմբերի 27-ին ըստ USSA-ի Վիլյան ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Նա մասնակցել էր Աշխարհի առաջնության բոլոր խաղերին և դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն։
Դավիթը սկսեց նոր մրցաշրջանը «Գվադալահարիի» և «Ամերիկի» թիմերի դեմ ընկերական խաղերում խփած գոլերով։ Օգոստոսի 14-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Վիլյան խփեց իր առաջին պաշտոնական գոլը նոր մրցաշրջանում, իսկ Մադրիդում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով[10][11]։ Երկրորդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 3:2 հաշվով, և տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին[12][13]։ Սեպտեմբերի 13-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը «Չեմպիոնների լիգայում»՝ «Միլանի» դեմ խաղում(2:2)։ Սեպտեմբերի 17-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում և կատարեց գոլային փոխանցում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց իր մրցակցին 8:0 հաշվով։
Դեկտեմբերի 15-ին Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում՝ «Ալ-Սադդի» դեմխաղում Վիլյան ստացավ ծանր վնասվածք[14]։ Բայց առանց Վիլյայի կատալոնյան թիմը հաղթեց 4:0 հաշվով։ Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել վիրահատությունը։ Այս վնասվածքի պատճառով Վիլյան բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը և չմասնակցեց Եվրո 2012-ին։
2012 թվականի հուլիսի 31-ին Վիլյան ամբողջովին ապաքինվեց վնասվածքից[15]։ Օգոստոսի 11-ին նա մասնակցեց «Դինամոյի» դեմ խաղին, 75-րդ րոպեին փոխարինելով Սերխիոն Ռոբերտոյին[16]։ Խաղը ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Օգոստոսի 19-ին Վիլյան իր նորամուտը նշեց Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, փոխարինելով Պեդրոյին։ Նա դարձավ գոլի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթեց 5:1 հաշվով[17][18]։ Սեպտեմբերի 22-ին Վիլյան 282 օր դադարից հետո առաջին անգամ հայտավորվեց կատալոնական ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց «Գրանադայի» դեմ խաղին[19]։ Նոյեմբերի 28-ին Իսպանիայի գավաթի շրջանակներում կայացած «Ալավեսի» դեմ խաղում նա խփեց իր կարիերայի 300-րդ գոլը[20]։
«Ատլետիկո Մադրիդ»
2013 թվականի հուլիսի 8-ին Վիլյան տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»[21]։ Մադրիդյան ակումբը նրա համար վճարել էր 5,1 միլիոն եվրո։ Նոր թիմում նա ստացավ 9 համարի մարզաշապիկը[22][23]։
Օգոստոսի 18-ին Վիլյան իր դեբյուտը նշել Իսպանիայի առաջնությունում՝ «Սևիլյայի» դեմ խաղում։ Օգոստոսի 21-ին Վիլյան մասնակցել է «Բարսելոնայի» դեմ սուպերգավաթայի խաղին և դարձել գալի հեղինակ։ Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[24]։ Սեպտեմբերի 1-ին Վիլյան խփել է իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 27-ին Վիլյան գրանցե իր առաջին դուբլը մադրիդյան ակումբի կազմում «Ռեալ Բետիսի» դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների լիագոյւմ մադրիդյան ակումբը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռեալ Մադրիդին»[28]։
«Նյու Յորք Սիթի»
2014 թվականի հունիսի 1-ին իսպանացի հարձակվողը պայմանագիր է կնքել ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» հետ։ Նա թիմում սկսեց հանդես գալ 2015 թվականի փետրվարի 1-ից՝ «Դեսիգնատեդ Պլեյերի» դեմ խաղից հետ։ Այդ խաղից 9 օր անց նա խփեց իր առաջին գոլը թիմի կազմում։ ՄԼՍ-ում նա սկսեց հանդես գալ 2015 թվականի մարտի 8-ից՝ «Օրլանդո Սիթիի» հետ խաղից հետո։ Դրանից մեկ շաբաթ անց արդեն նա ամերիկյան ակումբի կազմում անցկացրեց իր տնային առաջին հանդիպումը։ 2015 թվականի հուլիսի 29-ին նա դարձավ 2015 MLS All-Star Game մրցանակի հաթող։
2018 թվականի ապրիլի 29-ին Վիլյան դուբլի հեղինակ է դարձել «Դալլաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։ Այդ գոլերը Վիլյայի 400-րդ և 401-րդ գոլերն էին։ Այդպիսով Վիլյան դարձավ ժամանակակից ֆուտբոլի պատմության այն հազվագյուտ ֆուտբոլիստներից մեկը, ով կարողացել է հատել 400 գոլի սահմանը[29]։
«Մելբուրն Սիթի»
2014 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց ավստրալիական «Մելբուրն Սիթի»։ Թիմի կազմում նա հանդես է եկել 9 համարի մարզաշապիկով, և իր հանդիպումներն անցկացրել է Ա լիգայում։ Թիմի կազմում նա մասնակցեց 4 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ։ Ա լիգայում իր առաջին գոլը Վիլյան խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Նյուքասլ Ջետսի» դեմ կայացած խաղում, երբ նա խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին։
Միջազգային կարիերա
Նա իր դեբյուտը ազգային հավաքականում արել է 2005 թվականի փետրվարի 9-ին, Սան Մարինոյի հետ խաղում։ 2006 թվականին մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը և խփել 3 գոլ։ 2008 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Հարձակվողի համար նա այնքան էլ մեծ չէ (175 սմ և 69 կգ)։ Իր հիմնական արժանիքն այն է, որ կարողանում է խաղալ 2 ոտքերով։ Երեխա ժամանակ նա աջ ոտքի առողջական խնդիրներ ուներ, այնպես որ, կենտրոնացավ ձախ ոտքի վրա՝ վերջիվերջո լավ տիրապետելով և աջ և ձախ ոտքին։ Բացի դրանից նա գոլերի իսկական «մեքենա» է։
Բացի գոլ խփելու իր ունակությունից, նա նաև շատ արագ և շարժուն խաղացող է, ով կարողանում է հեռու տարածությունից լավ փոխանցումներ կատարել։ Նա անկանխատեսելի է, մի խարիզմատիկ խաղացող, ով հաղթողի հոգեբանություն ունի և կարող է յուրաքանչյուր վայրկյանում շրջել խաղի ընթացքը։
Վիլյան Իսպանիաի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է․ խփել է 59 գոլ։
Անձնական կյանք
2003 թվականից ամուսնացած է Պատրիցիա Գոնսալեզի հետ[30]։ 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սայիդան։ 2009 թվականի օգոստոսի 18-ին ծնվել է նրանց երկրորդ աղջիկը՝ Օլալյան։ Իսկ 2013 թվականի հունվարի 28-ին ծնվել է նրանց առաջին տղան՝ Լուկան[31][32]։
Հետաքրքիր փաստեր
Իր ամենաարագ հեթ-թրիկը - Իսպանիայի առաջնության 34-րդ տուր՝ Վալենսիա-Ատլետիկ (82-87-րդ րոպեների ընթացքում)
Վալենսիայի կազմում իր 100-րդ խաղում դարձել է հեթ-թրիկի հեղինակ
2011 թվականի մարտի 25-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում նա իր խփած գոլի շնորհիվ ճանաչվեց Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու