Մրցակարգը՝ նախ խմբային (յուրաքանչյուր խմբում 4 հավաքական), այնուհետև ամեն խմբի լավագույն երկուսը շարունակում են պայքարը օլիմպիական մրցակարգով՝ որոշելու ուժեղագույնին։
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է դարձել Իսպանիայի հավաքականը։
Առաջնության տերեր
ՈՒԵՖԱ Եվրո 2008 առաջնությունների տերերի ընտրությունների ժամանակ գլխավոր հավակնորդներ էին համարվում 4 մրցակիցներ՝ Հունգարիան, Ավստրիան/Շվեյցարիան, Հունաստանը/Թուրքիան և Սկանդինավյան երկրների քառյակը (Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա)։ Քվեարկության արդյունքում հաղթեցին Ավստրիան և Շվեյցարիան, ում հաղթանակն էլ կանխատեսվում էր։
Մրցումներն անցկացվել են մասնակցություն ունեցող երկու երկրների 8 մարզադաշտերում՝ 4 խաղ Ավստրիայում և 4 խաղ Շվեյցարիայում։ Մարզադաշտերից յուրաքանչյուրը նախատեսված էր առնվազն 30000 դիտորդի համար։ Ամենամեծ մարզադաշտն էր Վիեննայի «Էռնստ Հապելլ»-ը՝ 53295 տեղով[1]։ Այնտեղ անցկացվել է չեմպիոնատի եզրափակիչ փուլը։ Շվեյցարիայի հավաքականն իր բոլոր խաղերը անցկացրել է Բազելում՝ «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում։ Հենց այդտեղ են անցկացվել չեմպիոնատի բացման արարողությունն ու առաջին խաղը։ Ավստրիայի հավաքականը իր բոլոր խաղերն անցկացրել է «Էռնստ Հապելլ» մարզադաշտում։
2004 թվականին կազմակերպիչների համար առաջացան խնդիրներ՝ կապված խաղերը Ցյուրիխում անցկացնելու հետ։ Սկզբնապես նախատեսվում էր այդ նպատակով վերակառուցել "Հարդթուրմ" մարզադաշտը։ Սակայն տեղաբնիկների բողոքների պատճառով[2] վերակառուցողական աշխատանքները դադարեցվեցին և այլևս չէին կարող ավարտին հասցվել ժամանակին։ Դա առաջ բերեց ՈՒԵՖԱ-ի անհանգստությունը, քանի որ նախատեսված էր առաջնության տեր չորս երկրներից յուրաքանչյուրում օգտագործել չորսական խաղադաշտ։ Խնդիրը լուծվեց այն ժամանակ, երբ առաջարկվեց վերակառուցել այլ մարզադաշտ՝ «Լետցիգրունտ»-ը։ 2005 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ն հաստատեց նախնական նախագիծը։ «Լետցիգրունտ» մարզադաշտում 2007 թվականիսեպտեմբերի 23-ին անցկացվեց ֆուտբոլային առաջին խաղը[3]։
Առաջնության լոգոտիպը մշակվել է English & Pockett ընկերության նախագծողների կողմից։ Նրա վրա որպես խորհրդանիշ պատկերված է լեռնային լանդշաֆտ, որ հատուկ է առաջնությունն ընդունած երկու երկրներին։ Օգտագործվածեն նրանց դրոշների գույները[4]։
Պաշտոնական երաժշտությունը Ռոլլո Ամսթրոնգն ստացել էր Faithless-ից հատուկ ՈւԵՖԱ-ի համար[5]։ Եվրո-2008-ի պաշտոնական հիմնը դարձավ «Կարող եք լսել ինձ» (անգլ.՝ «Can You Hear Me») երգը, որը իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը կատարել է Վիեննայում՝ «Էռնստ Հափել» մարզադաշտում, հունիսի 29-ին՝ եզրափակիչ փուլից առաջ կայացած փակման հանդիսավոր արարողության ժամանակ[6]։
Թալիսմաններ
2006 թվականի սեպտեմբերի 27-ին Վիեննայի Թանգարանային թաղամաս թանգարանային համալիրում ներկայացվել են Եվրո-2008-ի թալիսմանները[7]։ Դրանք էին Թրիքս և Ֆրիքս երկվորյակները՝ ստեղծված Warner Bros. Consumer Products ընկերության կողմից։ Նրանք հագնված էին Ավստրիայի և Շվեյցարիայի դրոշների գույներին համապատասխան. Թրիքսը հագել էր 20 համարի սպիտակ մարզաշապիկ, իսկ Ֆրիքսը՝ 08 համարի կարմիր մարզաշապիկ։ Երկվորյակների անուններն ընտրվել էին քվեարկության միջոցով՝ Ավստրիայի և Շվեյցարիայի 67 406 ֆուտբոլային երկրպագուների կողմից (Թրիքսն ու Ֆրիքսն ստացել են ձայների 63,3 %-ը, Ֆլիթս և Բիթս՝ 33,7 %, Զագի և Զիգի՝ 3,0 %)[8]։ Որպես տարբերակներ ընտրվել էին կարճ, տարբեր լեզուներով պարզ և հեշտ արտասանվող անուններ։
Գավաթ
Մրցաշարն սկսելուց առաջ ներկայացվել է Անրի Դելոնեի գավաթի նոր տարբերակ՝ մշակված Ասփրեյ Լոնդոն (անգլ.՝ Asprey London) ընկերության կողմից[9]։ Այն հիմնականում նման է Արտյու Բերտրանի կողմից ստեղծված բնօրինակին, որն ստեղծել էր 1960 թվականին։ Գավաթից հանվել է մարմարե պատվանդանը, որ գտնվում էր հակառակ կողմում։ Արծաթե հիմքը մեծացվել էր առավել կայունության համար։ Հաղթող երկրների անունները, որոնք նախկինում գրվում էին պատվանդանին, այժմ գրվում են գավաթի հետնամասում։ Գավաթը պատրաստվել է մաքուր արծաթից, կշռում է 8 կիլոգրամ, նրա բարձրությունը հավասար է 60 սմ-ի։
Գնդակ
Հատուկ մրցաշարի համար Ադիդաս ընկերությունն ստեղծել էր գնդակ, որը ստացել էր «Եվրոպաս» (անգլ.՝ Europass) անվանումը։ Սպորտային հանդերձանքը ներկայացվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Լյուցերնում՝ Եվրո 2008-ի վիճակահանության եզրափակիչ փուլի ժամանակ[10]։ Գնդակի տարբերիչ հատկանիշներից մեկը նրա կազմում բնական մատերիայի բացակայությունն էր։ Դրա շնորհիվ այն եղանակի հետ կապված փոփոխությունների չի ենթարկվում (անձրևի ժամանակ խոնավություն չի ներծծում և չի ծանրանում)։ Հաջորդ յուրահատկություններն են մեծ հարվածի ուժը, գնդակի պտույտի մեծ արագությունը, թռիչքի անկանխատեսելիությունը[11][12]։ Բացի այդ, 2008 թվականի ապրիլի 30-ին Վիեննայում ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ներկայացրեց խաղի յուրօրինակ մոդիֆիկացիա՝ «Europass Gloria», որը մշակված էր հատուկ առաջնության եզրափակիչ խաղի համար[13]։
Տեսլական
Մրցաշարի անցկացումից 500 օր առաջ՝ 2007 թվականի հունվարի 24-ին, հրապարակվեց Եվրո 2008-ի կարգախոսը.
«Ազատություն տվեք հույզերին» (անգլ.՝ Expect Emotions)[14]։
ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ այդ արտահայտությունը «նկարագրում է Եվրո 2008-ի էությունը, և այն, ինչ կարող է նա տալ։ Մասնավորապես՝ ցանկացած էմոցիա՝ ուրախություն, տխրություն, թեթևություն և նյարդային լարվածություն ընդհուպ մինչ եզրափակիչ սուլոցը»[15]։
Մրցանակային գումար
ՈւԵՖԱ-ում հայտարարված մրցանակների ընդհանուր գումարը կազմում է € 184 000 000[16], որը պիտի բաժանվեր 16 թիմերի միջև հետևյալ կերպ՝
€ 7 500 000 եզրափակիչ փուլին մասնակցության համար։
Թիմային կարգի ամեն խաղում հաղթող թիմը ստանում է 1 000 000 եվրո, ոչ-ոքիի դեպքում 2 թիմերն ստանում են € 500 000:
1/4 եզրափակիչ դուրս գալու համար թիմը ստանում է 2 000 000 եվրո։
Կիսաեզրափակչում հայտնված թիմը ստանում է 3 000 000 եվրո։
Արծաթե մեդալակիր թիմը ստանում է 4 500 000 եվրո։
Հաղթող թիմը ստանում է 7 500 000 եվրո։
Մրցանակների բաշխում
Մրցանակների առավելագույն հնարավոր գումարը կազմում է 23 000 000 եվրո։ Հենց այդքան մրցանակ է ստացել Իսպանիայի հավաքականը՝ հաղթելով եզրափակչի բոլոր կատեգորիաներում։
Գերմանիայի հավաքականի մրցանակների ընդհանուր գումարը կազմել է 19 000 000 եվրո։
Եզրափակչում հայտնված Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներից յուրաքանչյուրն ստացել է 14 500 000 եվրո։
Նվազագույնն ուներ Հունաստանը՝ 7 500 000 եվրո։ Աշխարհի գործող չեմպիոնները պարտվել են իրենց բոլոր երեք խաղերում։
Նախընտրական խաղեր
Ընտրական փուլի վիճակահանությունն անցկացվել է Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում 2006 թվականի հունվարի 27-ին՝ տեղական ժամանակով 12:00։
Ընտրական փուլն սկսվել է 2006 թվականի օգոստոսին՝ 2006 թվականի աշխարհի առաջնության ավարտից 1 ամիս անց։ Ավստրիան և Շվեյցարիան՝ որպես նախկին տերեր, իրավունք ստացան մասնակցել եզրափակչին։ Որակավորման ձևաչափերը նախկինի համեմատ փոփոխվել էին. յուրաքանչյուր խմբի հաղթող և 2-րդ տեղն զբաղեցրած թիմը միանգամից հայտնվում են եզրափակչում՝ որոշիչ խաղեր չկային։ Յոթ խմբերից վեցը կազմված էին յոթական, մեկը՝ ութ թիմից։
Եվրոպայի առաջնությունները անց են կացվում 1960 թվականից։ Առաջին չեմպիոնն է ԽՍՀՄ հավաքականը։ Չեմպիոն են դարձել նաև Իսպանիայի (1 անգամ), Գերմանիայի (3 անգամ), Իտալիայի (1 անգամ), Ֆրանսիայի (2 անգամ), Հոլանդիայի (1 անգամ), Դանիայի (1 անգամ), Չեխոսլովակիայի (1 անգամ) և Հունաստանի (1 անգամ) հավաքականները։