Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։
Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։
2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։
Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։
Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից։
2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։
2010 թվականին Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում.
ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը,
երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները,
երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։ Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր[1]։
2011 թվականի պեղումները
2011 թվականի պեղումներն իրականացվել են 60 օր՝ հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր։ Գտնվել են արորի խոփի երկաթե առաջամաս։ Հնագետները հայտնաբերել են նաև գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ։ Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։
Պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ։ Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ[2]։