Ֆուտբոլով զբաղվել սկսել է ինը տարեկանում։ 11 տարեկան հասակում առաջին անգամ հրավիրվել է Իրանի մինչև 12 տարեկանների հավաքական։
Ազմունը 15 տարեկանում սկսել է խաղալ Սպահանի«Սեպահան» ակումբում, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ 2012 թվականի դեկտեմբերին 17-ամյա Ազմունը տեղափոխվել է Կազանի«Ռուբինի» կազմ՝ դառնալով ակումբի երկրորդ իրանցին նույն թվականի հունվարին ակումբի հետ պայմանագիր կնքած դարպասապահԱլիրեզա Հագիգիից հետո[2]։ Ազմունը դարձել է իրանցի ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ, որ հանդես է եկել արտասահմանյան ակումբի կազմում[3]։
Առաջին պաշտոնական խաղը «Ռուբինի» կազմում անցկացրել է 2013 թվականի հուլիսի 25-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված խաղին ընդդեմ Սերբիայի«Յագոդինա» ակումբի։ Օգոստոսի 29-ին Եվրոպայի Լիգայի՝ «Մոլդե» ակումբի դեմ խաղում դուրս է եկել փոխարինման և 84-րդ րոպեին աչքի է ընկել գոլով[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ դուրս գալով փոխարիման «Անժիի» դեմ տնային խաղի 73-րդ րոպեին[5] և երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփել իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում, ինչպես նաև վաստակել 11 մետրանոց[6][7]։
2015 թվականի փետրվարին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[8], որտեղ իր նորամուտը կատարել է մարտի 8-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում[9]։ Մարտի 16-ին խփել է առաջին գոլը «Ռոստովի» կազմում, որը դարձել է հաղթական «Կուբանի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի հուլիսին վարձավճարային նոր պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ, որը նախատեսվել է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը[11]։ 2015/16 մրցաշրջանում թիմի հետ միասին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ։ Անցկացնելով 25 խաղ՝ խփել է 9 գնդակ[12]։
2016 թվականի ամռանը ինքնակամ հեռացել է «Ռուբինից» և մասնակցել է փորձնական խաղի «Ռոստովի» կազմում։ Հուլիսի 22-ին Լոզանի Մարզական ալբիտրաժային դատարանը որոշում է կայացրել «Ռոստովի» ակումբի և Ազմունի բողոքի հիման վրա ՌՖՄ-ի և ՌՖՊԼ-ի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ ֆուտբոլիստին Ռոստովի ակումբի կազմում հայտագրելը մերժելու պատճառով։ Դատարանը «Ռոստովին» թույլ է տվել ֆուտբոլիստին ընդգրկել ընթացիկ մրցաշրջանի իր հայտացուցակում[13]։ Հուլիսի 25-ին Ազմունն ընդգրկվել է «Ռոստովի» հայտացուցակում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգային[14]։
2019 թվականի փետրվարի 1-ին Ազմունը 3,5 տարով պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո[15][16][17][18]։ «Զենիթի» կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 12-ին՝ դուրս գալով փոխարինման Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում ընդդեմ «Ֆեներբահչեի» (0:1)։ 2019 թվականի փետրվարի 21-ին պատասխան խաղում (3:1) առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում՝ կատարելով գոլային փոխանցում Մագոմեդ Օզդոևին և խփելով երկու գոլ[19][20]։ Փետրվարի 22-ին ճանաչվել է շաբաթվա ֆուտբոլիստ Եվրոպայի Լիգայում[21]։ Մարտի 2-ին ՊՖԼում նորամուտային՝ «Ուրալի» դեմ արտագնա խաղում Ազմունը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խփել հաղթական գնդակը (1:0)[22]։ Մարտի 7-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում ընդդեմ «Վիլյառեալի» աչքի է ընկել գոլով (1:3)։ Ապրիլի 24-ին Ռուսաստանի առաջնության խաղում Ազմունը գրավել է «Դինամոյի» դարպասը (2:0)։ Ապրիլի 28-ին Սամարայի«Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում ձևակերպել է դուբլ և օգնել թիմին հաղթել (4:2)։
Կարիերան հավաքականում
Հանդես է եկել (մինչև 20 տարեկան) Իրանի հավաքականում։ Նրա կազմում 2012 թվականին դարձել է Համագործակցության գավաթի լավագույն ռմբարկու (7 գոլ վեց խաղում)[2]։
2013 թվականի հոկտեմբերին առջին անգամ հրավիրվել է Իրանի ազգային հավաքական[23], որտեղ նորամուտը կատարել է 2014 թվականի մայիսի 26-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 60-րդ րոպեին[24]։ 2014 թվականի նոյեմբերի 18-ին Կորեայի Հանրապետության դեմ ընկերական խաղի 68-րդ րոպեին խփել է առաջին գոլը հավաքականում[25]։
2015 թվականի հունվարին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը։ Բահրեյնի հավաքականի դեմ առաջին խաղում Ազմունը դուրս է եկել փոխարինման հանդիպման 75-րդ րոպեին և չի հասցրել ցույց տալ իրեն, բայց Իրանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով[26]։ Իր խաղով ֆուտբոլիստը իրավունք է ստացել դուրս գալ Կատարի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում, որտեղ գոլ է խփել 52-րդ րոպեին[27]՝ թիմին օգնելով դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ[28][29]։
2018 թվականի հունիսի 28-ին Ազմունն Ինստագրամի իր էջում նշել է, որ դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում՝ հայտարարելով, թե քննադատությունը, որին ինքը ենթարկվում է, վատ է ազդում իր հիվանդ մոր վրա։ Սակայն 2018 թվականի աշնանը Ազմունը մեկնել է Իրանի հավաքականի մարզական ճամբար[30]։
2018 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Հունվարի 7-ին խմբային փուլի առաջին՝ Եմենի դեմ խաղում (5:0) աչքի է ընկել գոլով հանդիպման 53-րդ րոպեին։ Խմբային փուլի՝ Վիետնամի հավաքականի դեմ խաղի 38-րդ և 69-րդ րոպեներԱզմունի խփած գոլերը հաղթանակ են բերել թիմին «2:0»: 1/4 եզրափակչի՝ Չինաստանի դեմ խաղում (3:0) Ազմունը խփել է երկրորդ գոլը։
Ծնվել է վոլեյբոլիստների ընտանիքում։ Հայրը՝ վոլեյբոլիստ Խալիլ Ազմունը, հանդես է եկել Իրանի հավաքականում, քույրը նույնպես խաղացել է Իրանի վոլեյբոլի հավաքականում, մայրը եղել է վոլեյբոլի մարզիչ[34]։ Ունի թուրքմենական արմատներ[35]։