Շամոնի Մոն Բլան կամ Շամոնի (ֆր.՝ Chamonix-Mont-Blanc), քաղաք և կոմունա Ֆրանսիայի արևելքում` Վերին Սավոյ դեպարտամենտում (Սավոյա պատմական շրջան)։
Բնակչությունը 9830 մարդ է (1999)։
Գտնվում է Ալպերում` Արվ գետի (Ռոն գետի վտակ) նեղ կիրճում` Մոնբլան լեռան ստորոտին, որում Շամոնիի մոտ թունել է փորված. այն միացնում է Ֆրանսիան ու Իտալիան։
1924 թվականին Շամոնիում են անցկացվել առաջին ձմեռային օլիմպիական խաղերը։ Շամոնին լեռնադահուկային կարևոր կենտրոն է։
Պատմություն
Շամոնիի հարթավայրը առաջին անգամ հիշատակվել է 1091 թվականին։
Առաջին զբոսաշրջիկների հայտնվելը այս շրջանում վերաբերում է 19-րդ դարի սկսզբներին, երբ ստեղծվել է «Շամոնի ուղևորումների ընկերությունը» (ֆր.՝ Compagnie des Guides de Chamonix): 1921 թվականին կոմունայի անունը Շամոնիից փոխվում է Շամոնի Մոն Բլանի։
20-րդ դարի կեսերին գյուղատնտեսությունը, որ տեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրն էր, դադարում է այդ կարևորությունն ունենալուց. քաղաքի տնտեսական ակտիվությունը վերջնականապես անցնում է տուրիզմի բնագավառին։ 20-րդ դարի վերջին քաղաքը կարող էր միաժամանակ ընդունել 60.000 զբոսաշրջիկ, իսկ տարեկան կտրվածքով քաղաքն ընդունում էր մինչև 5 միլիոն մարդ։
Լեռնային սպորտ
Շամոնի կոմունան, որ ձգվում է 16 կմ, ձմեռային մարզաձևերի կարևոր կենտրոն է Ֆրանսիսկան Ալպերում։
Ներկայումս Շամոնին հայտնի է որպես հանրաճանաչ և համեմատաբար ոչ թանկ հանգստավայր լեդնադահուկային մարզաձևի և սնոուբորդի սիրահարների համար։ Շամոնիի հովիտը, որ ձգվում է 16 կմ, ներառում է մի քանի սահադաշտեր` Գրան Մոնտե, Լե Տուր, Լեզ Ուշ, Բրեվեն, Ֆլեժեր, ինչպես նաև նշանավոր Սպիտակ հովիտը` Էգյուիյ դյու Միդի բարձունքից (3843 մ) ձգվող 20 կիլոմետրանոց զառիթափը։ Բարձունք տանող ճոպանուղին իր կառուցման պահին (1955) ամենաբարձրն էր աշխարհում։
Հարթավայրային դահուկային ուղիների երկարություն - 42 կմ
Սահանքի ընդհանուր մակերես - 762 հա
Շամոնիում չկա վերհան մեքենաներով կապված սահելու միասնական տարածք։ Սահելու տարածքին հասնելու համար 7-15 րոպե պետք է գնալ ավտոբուսով։ Բացի դրանից` Մոնբլանին մոտ գտնվելու շնորհիվ Շամոնին մեծ հեղինակություն է վայելում լեռնագնացների և ժայռամագլցողների շրջանում։ Ամռանը քաղաքում գործում են բազմաթիվ ուղիներ լեռնային հեծանվորդների սիրահարների համար։
Տեսարժան վայրեր
Մոնտեվյե լեռնային երկաթուղի (Montenvers Railway) - Շամոնին կապում է Մեր դե Գլաս սառցադաշտի ստորոտին
Մոնբլան տրամվայ (Mont Blanc Tramway) - լեռնային երկաթուղի, որ բարձրանում է Մոնբլան մինչև 2372 մ
Ալպերի թանգարան
Իրադարձություններ
Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
Կյորլինգի առաջնություն` Mac Kinlay
Լեռնագնացության բացում` Open d’escalade
Զբոսաշրջային գագաթներ (Les Sommets du tourisme)
«Ձմեռ պապի ժամանում» շոու («L’arrivée du Père Noël»)
Շատ կարճ գիշերներ («Nuits Trop Courtes») միջազգային փառատոն - կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ
Chamonix Red Bull Snow Thrill
Մանկական դիմակահանդես
Cham Jam - հաֆփայփի, բորդեր կրոսի մրցություն
Գեղարվեստական ֆիլմերի փառատոն
Բնապահպանություն
Արվ գետի հովիտը, որտեղ տեղակայված է Շամոնի քաղաքը, և նրա մոտակա Պասի կոմունան օդի աղտոտվածության առումով Ֆրանսիսյի ամենավատ շրջաններից են[5]։ Բացի զբոսաշրջությունից` եկամտի աղբյուր են Շամոնիի թունելով բեռնափոխադրումները, ինչպես նաև առանձին տնտեսությունները, որոնք զբաղվում են ջեռուցման խնդիրներով[6]։
Նշանավոր մարդիկ
«Hôtel de l’Union» հյուրանոցի հյուրերի գրքում պահպանվել է կոմպոզիտոր Ֆերենց Լիստի գրառումը. «Մասնագիտությունը` երաժիշտ։ Ծննդավայրը` Պառնաս։ Որտեղից է եկել` կասկածներից։ Ճամփորդության նպատակը` ճշմարտություն»։ Հունգար կոմպոզիտորը կոմսուհի Մարիա դ'Ագուի և գրող Ժորժ Սանդի ուղեկցությամբ Շամոնիում է եղել 1836 թվականի սեպտեմբերի 7-ից 15-ը։
Շամոնիում է թաղված նշանավոր ճանապարհորդ, Մաթերհորն լեռան առաջին նվաճող Էդուարդ Ուիմպերը (Edward Whymper): Շամոնիում է թաղված նաև Միջին Ասիայի, Պամիրի հետազոտող կենսաբան, աշխարհագրագետ Ալեքսեյ Ֆեդչենկոն (1844-1873), որ մահացել է Մոնբլան բարձրանալիս։ Նրա տապանաքարին գրված է. «Դու քնած ես, սակայն քո գործերը երբեք չեն մոռացվի»։ Շամոնիում է մահացել Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ Մարսել Սամբան։