Ինսբրուք (գերմ. Innsbruck), Տիրոլի նահանգի մայրաքաղաքն է և մեծությամբ Ավստրիայի հինգերորդ խոշոր քաղաքը՝ Վիեննայից, Գրացից, Լինցից և Զալցբուրգից հետո։ Գտնվում է Ինն գետի ավազանի և Վիպտալ դաշտավայրի միացման տեղում, որը կապում է քաղաքը 30 կմ դեպի հարավ գտնվող Բրեների լեռնանցքի հետ։
Քաղաքը տեղակայված է ընդարձակ դաշտավայրում՝ բարձրադիր լեռների միջև։ Դեպի հյուսիս Ալպերի Քարվենդել գագաթն է (ծովի մակերևույթից 2334 մ), իսկ հարավից՝ Փատչերքոֆել (ծովի մակերևույթից 2246 մ) և Զարլես (ծովի մակերևույթից 2718 մ) գագաթները։
Ինսբրուքը ձմեռային սպորտաձևերի ճանաչված միջազգային կենտրոն է։ Այստեղ են անցկացվել 1964 թ. և 1976 թ. ձմեռային օլիմպիական խաղերը, ինչպես նաև 1984 թ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։ Ինսբրուքում են անցկացվել նաև 2012 թ. առաջին ձմեռային պատանեկական օլիմպիական խաղերը։
Տարածքը 104,91 կմ² է, իսկ բնակչությունը՝ 132.493 մարդ (2018 թ. տվյալներով)։ Կարևոր արդյունաբերական, մշակութային, կրթական, զբոսաշրջային և սպորտային կենտրոն է։
Ինսբրուք անվանումը թարգմանաբար նշանակում է «կամուրջ Ինն գետի վրա»[1]։ Հայտնի է 10-րդ դարից։ Քաղաք է 1234 թվականից։ Անցյալում կոչվել է Veldidena (լատիներեն Vallis «հովիտ» բառից)։ Պահպանվել է Վիլտեն արվարձանի անվան մեջ[2]։
Քաղաքի տարածքում ամենավաղ մարդկային հետքերը թվագրվում են վաղ քարի դարով։ Պահպանված մինչհռոմեական բնակավայրերի անունները վկայում են, որ տարածքը շարունակաբար բնակեցված է եղել։ 4-րդ դարում հռոմեացիները Օենիփոնսում (Ինսբրուք) ստեղծեցին Վելդիդենա բանակային կայազորը (անվանումը պահպանվում է ներկայիս Վիլթեն քաղաքային թաղամասում)՝ Ռետիայի շրջանում Վերոնա-Բրեներո-Աուգսբուրգ կարևոր առևտրային ճանապարհը պաշտպանելու նպատակով։
Ինսբրուքն առաջին անգամ հիշատակվում է Օենի Պոնտում կամ Օենի Պոնս անվանումներով։ Լատիներեն pons նշանակում է կամուրջ, իսկ Օենուսը կարևոր հատման կետ էր Ինն գետի վրա։ 1180 թ. Անդեխսի կոմսության կոմսերը գնեցին քաղաքը։ 1248 թ. քաղաքն անցավ Տիրոլի կոմսությանը[3]։ Քաղաքի գերբի վրա պատկերված է տեսարան Ինն կամրջից, այն օգտագործվում է 1267 թ. ի վեր։ Բրենների լեռնանցքի ճանապարհն առաջ եղել է հիմնական տրանսպորտային և հաղորդակցման օղակ, որը կապում էր Եվրոպայի հյուսիսն ու հարավը և Ալպերով անցնող ամենահեշտ ճանապարհն էր։ Այն Վիա Իմպերիի կոչվող միջնադարյան կայսերական ճանապարհի մի մասն էր, որ գտնվում էր թագավորի հատուկ պաշտպանության ներքո։ Քաղաքում որպես տարանցիկ կանգառ հանդիսացող այս ճանապարհ մեծ եկամուտներ է բերել քաղաքին և նպաստել դրա բարգավաճմանը։
1429 թ. Ինսբրուքը դարձավ ողջ Տիրոլի շրջանի մայրաքաղաքը, իսկ 15-րդ դարում՝ եվրոպական քաղաքականության և մշակույթի կենտրոն, քանի որ 1490-ականներին կայսր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը նույնպես բնակվել է Ինսբրուքում։ Ինչպես երևում է քաղաքի Հոֆկիրխե եկեղեցուց՝ Ինսբրուքը զգալիորեն շահել է կայսրի ներկայությունից։ Մաքսիմիլիանին հաջորդած կայսրերի կողմից այստեղ նախագծվել և կանգնեցվել է նրա արձանը։ Դամբարանն ու Հաբսբուրգների կայսրի իրական ու առասպելական նախնիների բրոնզե արձանները Ինսբրուքի հիմնական արձաններն են։ Ինսբրուքի և Մեխելեն քաղաքի միջև փոստային կապի ծառայությունը հաստատվել է 1490 թ. Թուրն-անդ-Թաքսիս փոստի կողմից։
1564 թ. Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ II-ը իշխանություն ստացավ գերմանական Տիրոլի շրջանի և այլ ավստրիական տարածքների նկատմամբ, որոնք մինչև 18-րդ դարը կառավարվում էին Ինսբրուքից։ Նա այնտեղ կառուցեց Ամբրաս ամրոցը, որի Վերածննդի շրջանի հազվագյուտ հավաքածուն այսօր պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ Մինչև 1665 թ. Հաբսբուրգների դինաստիայի ճյուղերն իշխել են Ինսբրուքում անկախ արքունիքի միջոցով։ 1620-ական թվականներին Ալպերից դեպի հյուսիս գտնվող առաջին օպերային թատրոնը բացվեց Ինսբրուքում (Դոգանա)։
1669 թ. բացվեց քաղաքի համալսարանը։ Որպես արքունիքի համար փոխհատուցում՝ կայսր Լեոպոլդ I-ը կրկին կառավարում էր Վիեննայից, երբ Հաբսբուրգների դինաստիայի տիրոլյան ճյուղի իշխանությունն ավարտվեց 1665 թ.։[պարզաբանել]
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Տիրոլն անցավ Ֆրանսիայի դաշնակից Բավարիային։ Անդրեաս Հոֆերն առաջնորդեց գյուղացիների տիրոլյան բանակն ընդդեմ բավարական և ֆրանսիական դաշնակից ուժերի և հաղթանակ տարավ Բերգիսելի ճակատամարտում։ Նա դարձրեց Ինսբրուքն իր վարճական միավորի կենտրոնը։ Հետագայում դաշնակից ուժերը կրկին գրոհեցին Տիրոլի ոստիկանական ուժերի վրա, և մինչև 1814 թ. քաղաքը եղավ Բավարիայի կազմում։ Վիեննայի վեհաժողովից հետո վերականգնվեց ավստրիական իշխանությունը։ Մինչև 1918 թ. քաղաքը (Տիրոլի 4 ինքնավար քաղաքներից մեկը) եղել է Ավստրիայի միապետության մասը, նույնանուն շրջանի կենտրոնը և Տիրոլի շրջանի 21 շրջանային իշխանություններից մեկը[4]։
Տիրոլի հերոս Անդրեաս Հոֆերը մահապատժի ենթարվեց Մանտուայում։ Նրա աճյունը 1823 թ. տեղափոխվեց Ինսբրուք և հողին հանձնվեց Ֆրանցիսկյան եկեղեցում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին ռազմական գործողությունը Ինսբրուքում տեղի ունեցավ պատերազմի ավարտին։ 1918 թ. փետրվարի 20-ին Իտալիայի տարածքից թռչող դաշնակից ուժերի ինքնաթիռները ռմբակոծեցին Ինսբրուքը՝ կորուստներ պատճառելով ավստրիական բանակում։ Քաղաքը ռմբակոծությունից չվնասվեց[5]։ 1918 թ. նոյեմբերին իտալական առաջին բանակի 3-րդ կորպուսի զինվորները (20.000-22.000 զինվոր) գրավեցին Ինսբրուքն ու ողջ Տիրոլի շրջանը[6]։
1929 թ. Ինսբրուքում անցկացվեց առաջին պաշտոնական ավստրիական շախմատի առաջնությունը։
1938 թ. Անշլյուսի հետևանքով Ավստրիան բռնակցվեց Նացիստական Գերմանիային։ 1943 թ. մինչև 1945 թ. ապրիլ ամիսը Ինսբրուքը ենթարկվել է 22 օդային հարձակման և կրել մեծ վնասներ։
1996 թ. Եվրոպական Միությունը հաստատեց Ավստրիայի Տիրոլ նահանգի և Իտալիայի հարավային Տիրոլ ու Տրենտո ինքնավար նահանգների տնտեսական ինտեգրումը՝ ճանաչելով Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտու ստեղծումը։
Ինսբրուքն ունի 0 °C (32 °F) իզոթերմով խոնավ մայրցամաքային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում) կամ −3 °C (27 °F) իզոթերմով օվկիանոսային կլիմա[7], քանի որ այն ունի ավելի մեծ տարեկան ջերմաստիճանային տարբերություններ, քան կենտրոնական Եվրոպայի այլ քաղաքները, ինչը պայմանավորված է մայրցամաքի կենտրոնական հատվածում դրա դիրքով և լեռնային տեղանքում դրա տեղայնությամբ։
Ձմեռները հաճախ խստաշունչ (ավելի ցուրտ, քան եվրոպական քաղաքների մեծ մասը) և ձնոտ են, չնայած որ ֆյոնային քամիները երբեմն բերում են զգալի տաք հոսանքներ։
Գարունը կարճատև է. օրերը արագ սկսում են տաքանալ, ջերմաստիճանը երբեմն գերազանցում է 15 °C (59 °F), սակայն գիշերային զովությունը կամ անգամ ցուրտը պահպանվում է։
Ամառային եղանակը շատ տարբեր է և անկանխատեսելի։ Օրերը կարող են լինել զով՝ մինչև 17 °C (63 °F) և անձրևոտ, կամ արևոտ և շատ շոգ, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 34 °C (93 °F)։ Ամառը, ինչպես բնորոշ է ալպիական կլիմային, ջերմաստիճանի ժամային փոփոխությունը հաճախ լինում է շատ բարձր, իսկ գիշերային զովությունը սովորաբար պահպանվում է։ Ջերամաստիճանը միջինում լինում է 12 °C (54 °F), սակայն հաճախ կարող է ընկնել մինչև 6 °C (43 °F)։
Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 9 °C (48 °F)։
Ինսբրուքը բաժանված է 9 թաղամասերի (կադաստրային բնակավայրեր), որոնք ձևավորվել են նախկինում անկախ համայնքներից կամ գյուղերից[15]։ Այդ 9 թաղամասերը նույնպես բաժանվում են 20 վարչական շրջանների (կադաստրային շրջաններ)։ Բոլոր վարչական շրջանները գտնվում են մեկական թաղամասի մեջ, բացառությամբ Հունգերբուրգի (վերին Ինսբրուք) վարչական շրջանի, որը բաժանված է երկու թաղամասերի միջև։ Վիճակագրական նպատակներով Ինսբրուքը բաժանված է նաև 42 վիճակագրական միավորների (Statistischer Bezirk) և 178 համարակալված թաղերի (Zählsprengel)[16]։
Ինսբրուքի 9 թաղամասերն ու դրանց բնակչությունը 2011 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ.[17]
2018 թ. տեղական ընտրությունների արդյունքները.
Ինսբրուքը հայտնի զբոսաշրջային ուղղություն է։ Քաղաքում ամեն տարի կազմակերպվում են հետևյալ միջոցառումները.
Ինսբրուքը, տեղակայված լինելով բարձրադիր լեռների միջև, կատարյալ վայր է ձմեռը դահուկավազքի և դահուկացատկի, իսկ ամռանը՝ լեռնագնացության համար։ Քաղաքի մոտակայքում կան մի քանի հանգստավայրեր։ Նորդքեթթե լեռան մոտ գործում է ճոպանուղի։ Մոտակա այլ հանգստավայրերից են Աքսամեր Լիցումը, Մութերերալմը, Փաթշերքոֆելը, Իգլցը, Զեֆելդը, Թուլֆեսը և Շթուբայի հովիտը։ Վերջինիս հավերժական սառույցները հնարավորություն են տալիս դահուկ քշել անգամ ամառային ամիսներին։
Ձմեռային օլիմպիական խաղերն Ինսբրուքում անցկացվել են երկու անգամ՝ 1964 և 1976 թթ., երբ Կոլորադոյի ընտրողները 1972 թ. մերժեցին պարտատոմսերի հանրաքվե անցկացնել Դենվերի խաղերը ֆինանսավորելու համար։ 1976 թ. Օլիմպիական խաղերը Ալպերի գերմանախոս հատվածում (Ավստրիա, Գերմանիա կամ Շվեյցարիա) անցկացված վերջին խաղերն էին։
Շվեյցարիայի Սանկտ Մորիցի և Լեյք Փլեսիդ հետ միասին այն Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալած երեք քաղաքներից մեկն է։ Այն հյուրընկալել է նաև 1984 և 1988 թթ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։
Առաջին ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը անցկացվել են Ինսբրուքում 2012 թ.[18]։
Ինսբրուքում է անցկացվում նաև 4 Hills մրցաշարի դահուկացատկի 4 մրցումներից մեկը։
Քաղաքում անցկացվող այլ սպորտային միջոցառումներից են 1994-1999 թթ. և 2008 թ. տեղի ունեցած Air & Style Snowboard Contest-ը և 2005 թ. տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը։ Զեեֆելդ-ին-Տիրոլ քաղաքի հետ միասին 2005 թ. Ինսբրուքում կազմակերպվեց ձմեռային ուսանողական խաղերը (ունիվերսիադա)։ Ինսբրուքի Բերգիզելի ցատկահարթակում է անցկացվում հայտնի Four Hills մրցաշարը։
Ինսբրուքում է գործում FC Wacker Tirol ֆուտբոլային ակումբը, որը 2018-2019 թվականներից հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի բունդեսլիգայի առաջին խմբում։ Նախկին թիմերն են FC Swarovski Tirol-ը և FC Tirol Innsbruck-ը։ FC Wacker Innsbruck ակումբի մարզադաշտը՝ Տիվոլի Ստադիոն Տիրոլը, Ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցած 8 մարզադաշտերից մեկն է։ Այն անցկացվել է 2008 թ. հունիսին Շվեյցարիայում և Ավստրիայում։
Այստեղ է անցկացվել նաև ամերիկյան ֆուտբոլի Եվրոբոուլի եզրափակիչ XXII հանդիպումը Swarco Raiders Tirol և Raiffeisen Vikings Vienna ակումբների միջև։
Ամերիկյան ֆուտբոլի 2011 թ. աշխարհի առաջնությունն (2011 IFAF World Championship) անցկացվել է Ինսբրուքում։
Ինսբրուքում են անցկացվել Ժայռամագլցման միջազգային ֆեդերացիայի ժայռամագլցման աշխարհի 2018 թ. առաջնությունը (սեպտեմբերի 6-16) և 2018 թ. խճուղային հեծանվարշավի առաջնությունները (սեպտեմբերի 22-30)[19]։
Ինսբրուք հիմնական զբոսաշրջային կենտրոնը է, ուր մեկ մեկ օրում գիշերում է ավելի քան 1.000.000 զբոսաշրջիկ։
Քաղաքում կա 86.186 աշխատող և մոտ 12.038 գործատու։ 7.598 մարդ ինքնազբաղված է[20]։ Ամեն օր մոտ 35.000 մարդ քաղաքի շրջակա համայքներից երթևեկում է դեպի Ինսբրուք։ 2012 թ. գործազրգության մակարդակը կազմել է 4.2%[21]։
Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունը չի արտադրում Ինսբրուք քաղաքի համար հատուկ տնտեսական տվյալներ, այլ ամփոփում է Ինսբրուք Լենդ շրջանի տվյալները վիճակագրության համար տարածքային միավորների անվանացանկ (ՎՏՄԱ) 3-ում։ 2013 թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Ինսբրուքի ՎՏՄԱ-ում կազմել է €41.400, ինչը ԵՄ միջին արժեքից բարձր է մոտ 60%-ով[22]։
Ինսբրուքում են գտնվում էներգիա արտադրող Tiroler Wasserkraft ընկերության, Տիրոլի և Վորարլբերգի բանկի, Տիրոլի ապահովագրության և MED-EL ընկերության գրասենյակները։ Քաղաքից 20 km (12 mi) հեռավորության վրա են գտնվում նաև Սվարովսկի, Felder Group (մեքենաշինություն) և Swarco ընկերությունների (երթևեկության տեխնոլոգիա) գրասենյակները։
Անշարժ գույքը շատ թանկ է։ Միջին արժեքը մեկ քառակուսի մետրի համար կազմում է €4.430 (2015 թ.), որն Ավստրիայում մեկ քառակուսի մետրի համար ամենաթանկ գինն ունեցող երկրորդ քաղաքն է Զալցբուրգից հետո (€4.823) և Վիեննայից առաջ (€3.980)[23]։
Ինսբրուքը գտնվում է A12/A13 մայրուղու հատման կետում (Իննի դաշտի մայրուղի և Բրեններ մայրուղի)՝ կապելով քաղաքը Վերոնայի և Մյունխենի հետ։ Մայրուղու A12 և A13 հատվածները միանում են իրար Ինսբրուքի մոտ, որտեղ ավարտվում է A13 հատվածը։
Ինսբրուքի կենտրոնական երկաթուղային կայարանն Ավստրիայի ամենաբանուկ երկաթուղային կայարաններից մեկն է։ Իննի հովտի գիծը սպասարկում է դեպի Գերմանիա և արևելյան Ավստրիա ուղղությունները, Առլբերգի գիծը՝ դեպի արևմուտք ուղղությունը, իսկ Բրենների գիծը Բրենների լեռնանցքի միջոցով կապում է հյուսիսային Իտալիան հարավային Գերմանիայի հետ։ 2007 թ. դեկտեմբերից Ինսբրուքի երկաթուղային ծառայությունը (Innsbruck S-Bahn) մատուցում է ծառայություններ քաղաքի արվարձանների համար։
Ինսբրուքի օդանավակայանը տեղակայված է Քրատեբիտեն արվարձանում, որը գտնվում է քաղաքի արևմուտքում։ Գործում են չվերթներ դեպի Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Ամստերդամ և Վիեննա։ Օդանավակայանն իրականացնում է նաև տարածաշրջանային թռիչքներ Ալպերի շուրջ, ինչպես նաև սեզոնային թռիչքներ այլ ուղղություններով։ Ձմռանը օդանավակայանի գործունեությունն աճում է տարածաշրջան այցելող մեծ թվով դահուկորդների շնորհիվ։ Օդանավակայանի հեռավորությունը քաղաքի կենտրոնից կազմում է 4 կմ։
Քաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկում է Innsbrucker Verkehrsbetriebe (IVB), որը ավտոբուսների ու տրամվայների ցանցն ապահովող պետական ընկերություն է։ Տրամվայի ցանցն ունի 4 քաղաքային գիծ (1, 2, 3 և 5) և մերձակա թաղամասերը սպասարկող 2 գիծ՝ գիծ 6-ը Ինսբրուքեր Միթելգեբիրգսբահնից մինչև Իգլց, և STB գիծը՝ Շթուբայի հովտից մինչև Ֆուլփմես։ Մոտակա տարիներին նախատեսվում է ընդարձակել ցանցը՝ հասցնելով արևելքից մինչև հարևան Ռում գյուղը և արևմուտքից մինչև Վյոլս գյուղը։ Քաղաքի կենտրոնում գործում են բազմաթիվ ավտոբուսային գծեր և կապում են քաղաքը շրջակա բնակավայրերի ու թաղամասերի հետ։ Մինչև 2007 թ. ավտոբուսային ցանցը ներառել է նաև տրոլեյբուսային գծեր, սակայն դրանք հանվել են գործածությունից տրամվայի ցանցի ընդլայման աշխատանքների ժամանակ։
2 տարի վերակառուցման աշխատանքներից հետո 2007 թ. դեկտեմբերին վերաբացվեց դեպի Հունգերբուրգ տանող Հունգերբուրգբահն ճոպանուղային ծառայությունը։ Այն ընդլայնել է Ինն գետի վրայով դեպի քաղաքի կենտրոն իր ուղղությունը։ Գիծը համալրվել է նոր սարքերով։ Նշանավոր ճարտարապետ Զահա Հադիդի կողմից նախագծված յուրօրինակ կայարանների շնորհիվ ճոպանուղին միանգամից դարձավ քաղաքի նոր խորհրդանիշը[24]։ Գիծը վերակառուցվել է իտալական Լայտներ ընկերության կողմից և ներկայումս կարող է տեղափոխել ժամում մինչև 1.200 մարդ[25]։ Այն սպասարկվում է Innsbrucker Nordkettenbahnen մասնավոր ընկերության կողմից։
Ինսբրուքը համալսարանական քաղաք է, ունի մի քանի քոլեջներ և համալսարաններ։
Ինսբրուքում է գտնվում արևմտյան Ավստրիայի քերականության ամենահին գիմնազիան՝ Ինսբրուքի ակադեմիական գիմնազիան։ Այն բացվել է 1562 թ. ճիզվիտական միաբանության կողմից և հանդիսացել է 1669 թ. բացված համալսարանի հիմնաքարը։
Քաղաքի ամենահայտնի համալսարաններն են Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանը, Ինսբրուքի բժշկական համալսարանը և կիրառական գիտությունների համալսարանը (Ինսբրուքի կառավարման կենտրոնը)։
Ավստրիայի արտասահմանյան ծառայությունը հասարակական կազմակերպություն է, որը 85 կազմակերպություններում և 35 երկրներում տեղեր է հատկացնում ավստրիական լրացուցիչ պետական ծառայության համար հոլոքոստի հիշողության, սոցիալական ծառայության և խախաղության ծառայության բնակավառում։ Այն հիմնադրվել է 1998 թ. Ինսբրուքում Անդրեաս Մասլինգերի և Անդրեաս Հյորթնագլի կողմից։
{{cite web}}
|work=