Մեթոդիզմ (անգլ.՝ Methodism, պաշտոնապես՝ մեթոդիստական եկեղեցի), քրիստոնեական բողոքականության դրսևորումներից մեկը, որը գլխավորապես տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում։ Ծագել է XVIII դարում՝ առանձնանալով անգլիկան եկեղեցուց։ Հիմնական սկզբունքն է՝ հետևողականորեն և մեթոդաբար պահպանել ավետարանական պատվիրանները։ Մեթոդիստները քարոզում են կրոնական հեզություն ու խոնարհություն։ Մեթոդիստական համայնքները պաշտամունքային դրսևորումներում կիրառում են ծիսական-արարողակարգային զանազան ձևեր՝ սկսած անգլիկան եկեղեցուց ժառանգած, այսպես կոչված՝ բարձր ձևերից և վերջացրած բողոքականությանը բնորոշ հասարակ ծիսակարգով, որն անտեսում է պատարագի մատուցման ավանդական պահանջները։
Մեթոդիզմն անգլիկան եկեղեցու ծոցում առաջ է եկել 1720-ական թվականներին, Օքսֆորդում, առանձնացված դավանանք դարձել 18-րդ դարի վերջերին։ Հիմնադիրներն էին Ջոն Ուեսլին (1703—1791) և Ջորջ Ուայթֆիլդը (1714—1770): Նոր դավանանքի կայացման գործում կարևոր դեր է խաղացել նար կոմսուհի Սելինա Հաստինգսը (1707—1791): Միսիոներների եռանդուն ջանքերի շնորհիվ մեթոդիզմը լայնորեն սփռվել է Բրիտանական կայսրությունում, ԱՄՆ-ում և այլուր[1]։
Մեթոդիստական դավանանքի հետևորդների թվաքանակը ներկայումս ամբողջ աշխարհում հասել է մոտավորապես 80 միլիոնի[2], ընդ որում՝ նրանք սփռված են 130 երկրում[3]։ Մեթոդիստական ամենամեծ կազմակերպությունը ԱՄՆ-ի Միավորյալ մեթոդիստական եկեղեցին է՝ 7,5 միլիոնից ավելի հավատացյալներով[4]։
{{cite web}}