Հելուան (արաբ․՝ حلوان Ḥelwān, ղպտ.՝ ϩⲁⲗⲟⲩⲁⲛ[2]), քաղաք Եգիպտոսում, Նեղոս գետի ափին, Մեմֆիսի ավերակների դիմաց։ Համարվում է Մեծ Կահիրեի բաղկացուցիչ մասը։ Սկզբնական շրջանում եղել է Կահիրեի հարավային արվարձաննը, 2008 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի ապրիլ ամիսը՝ նույնանուն նահանգի վարչական կենտրոնը[3]}}, այնուհետև ներառվել է Կահիրեի նահանգում։ 2006 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 643.327[4]:
Հելուանը բնակեցված է եղել դեռևս միջին քարի դարի՝ էպիպալեոլիթի կամ մեզոլիթի ժամանակներից. դրա մասին են վկայում քաղաքի տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված քարե գործիքներն ու նիզակների ծայրակալները[5]։ Մինչդինաստիական շրջանում (մեր թվականությունից առաջ 5500–3000 թթ.) տարածքը ծառայել է որպես դամբանատեղի[6][7]։ Մ.թ.ա. 3000-ից 2600 թվականներին այստեղ է գտնվել Մեմֆիսի գերեզմանատունը։
Հելուան քաղաքը հիմնադրել է ումայադյան Եգիպտոսի նահանգապետ Աբդ ալ Ազիզ իբն Մարվանը 689 թվականին, մուսուլմանական տիրապետության ժամանակաշրջանի առաջին մայրաքաղաք Ֆուստասին ժամանակավորապես փոխարինելու նպատակով (ի դեպ, Աբդ ալ Ազիզ իբն Մարվանը իր հիմնադրած այդ նոր քաղաքում էլ մահացել է)[8]։
Հելուանում գործում են ավտոմոբիլաշինական, վագոնաշինական, մետաղագործական, պողպատի, տեքստիլի, ցեմենտի, հանքային պարարտանյութերի արտադրության ձեռնարկություններ։ Շրջակայքում կան ծծմբահանքային աղբյուրներ, որոնց ջրերն օգտագործվում են բուժական նպատակներով։ Քաղաքն ունի աստղադիտարան, համալսարան; Այստեղ են գտնվում Կահիրեի մետրոյի առաջին ճյուղի վերջին կայարանները։
Köppen-Geiger climate classification system-ի դասակարգման համաձայն՝ Հելուանի կլիման շոգ անապատային է և կլիմայական քարտեզներում հիշատակվում է BWh նիշով։
Հելուանում է գտնվում տխրահռչակ ալ-Աքրաբ բանտը, որտեղ կալանքի տակ հիմնականում պահվում են վարչակարգի հակառակորդներ։ Կառուցվել է 1993 թվականին, Եգիպտոսի ներքին գործերի այն ժամանակվա նախարար Հաբիբ ալ-Ադիլիի նախաձեռնությամբ։ Ունի 320 բանտախուց, որոնցից հինգը օգտագործվում են «հատուկ կարգապահական նպատակներով»[10]։