Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատին․՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, օգոստոսի 1, մ. թ. ա. 10, Lugdunum, Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 13, 54, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54 թթ.), Տիբերիոս կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը։ 41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր։
Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ աչքի չէր ընկնում քաջառողջությամբ։ Ընտանիքում անգամ կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա։ Բացի դրանից նա կաղում և կակազում էր։ Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր։ Դրա շնորհիվ Կլավդիոսը մասնագիտացավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել։
Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ։ Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43 թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ Հուլիոս Կեսարին։ Բացի դրանից` Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան Մավրիտանիան (41–42 թթ.), Լիկիան (43 թ.) և Թրակիան (46 թ.)։ Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները։ Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա։
Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ։ Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում իր անառակ բարքով։ Այն բանից հետո, երբ Մեսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատժի ենթարկեց նրան (48 թ.)։ Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնացավ իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսերի հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին, համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ Բրիտանիկոսի։ Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54 թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ։
Օկտավիանոս Օգոստոս · Տիբերիոս · Կալիգուլա · Կլավդիոս · Ներոն · Գալբա · Օտոն · Վիտելլիոս · Վեսպասիանոս · Տիտոս · Դոմիցիանոս · Ներվա · Տրայանոս · Հադրիանոս · Անտոնինոս Պիոս · Մարկոս Ավրելիոս և Լուցիոս Վերոս · Կոմմոդոս · Պերտինաքս · Դիդիուս Հուլիանուս · Սեպտիմիոս Սևերոս · Կարակալլա · Գետա · Մարկինոս և Դիադումենիանոս · Գելիոս Մաքսիմուս · Վերոս · Սելևկոս · Էլագաբալուս · Ալեքսանդր Սևերոս
Մաքսիմինոս Թրակիացի · Գորդիանոս I և Գորդիանոս II · Պուպենիոս և Բալբինոս · Գորդիանոս III · Սաբինիանոս · Փիլիպոս I Արաբ · Դեցիոս և Հերենիոս Էստրուկոս · Հոստիլիանոս · Տրեբոնիան Գալ և Վոլուզիան · Էմիլիանուս · Վալերիանոս · Գալիեն և Սալոնինուս · Սաբինիանոս · Կլավդիոս II · Քվինտիլոս · Ավրելիանոս · Տացիտոս · Ֆլորիանոս · Պրոբոս · Կարոս · Կարինոս և Նումերիանոս
Դիոկղետիանոս · Մաքսիմիան · Կոնստանդիոս I Քլոր · Գալերիոս · Ֆլավիոս Սևերոս · Մաքսենցիոս · Մաքսիմինոս · Լիցինիոսը Վալերիոսի և Մարտինիանոսի հետ · Կոստանդիանոս Ա · Կոստանդիոս II · Կոստանդ · Կոստանդիանոս II և Վետրանիոն · Հուլիանոս Ուրացող · Հովիանոս · Վալենտինիանոս I · Վաղես · Գրացիանոս · Վալենտենիանոս II · Թեոդոսիոս Ա
Հոնորիոս · Մարկոս · Գրացիանոս · Կոնստանտին III · Հովհաննես · Վաղենտիանոս III · Պետրոնիոս Մաքսիմոս · Ավիտոս · Մայորիանոս · Լիբիոս Սեվերոս · Պրոկոպիոս Անտեմիոս · Օլիբրիոս · Գլիկերիոս · Հուլիոս Նեպոտ · Հռոմուլոս Ավգուստուլուս