Թոմաս Ջեյմս Քերոլ (անգլ.՝ Thomas James Carroll, մայիսի 28, 1992(1992-05-28)[1][2], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Սուոնսի Սիթի» ակումբի կիսապաշտպան։
Թոմաս Ջեյմս Քերոլը ծնվել է 1992 թվականի մայիսի 28-ին անգլիական Ուոթֆորդ քաղաքում։ Ավարտել է Ուոթֆորդից ոչ հեռու գտնվող Պարմիտերի դպրոցը, որի ֆուտբոլի թիմի ավագն էր։ Թոմասն ընդունվել է «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի պատանեկան կազմ (մինչև 16 տարեկաններ)։
2008 թվականին Թոմասը մասնակցել է Իտալիայում անցկացված հեղինակավոր «Legnago Tournament» մրցաշարին[3]։
2010 թվականի հունիսին Թոմաս Քերոլը, որ մինչ այդ թիմի պատանեկան կազմում 23 խաղերում խփել էր 10 գոլ, կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի հետ[4]։
2011 թվականի օգոստոսի 25-ին Թոմասը կատարել է իր նորամուտը «Տոտտենհեմ» ակումբի հիմնական թիմի կազմում՝ վերցնելով 46 համարը։ Հետագայում նա մասնակցել է խմբային փուլի չորս հանդիպումների։ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Սթոք Սիթի» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա կատարել է իր նորամուտը Լիգայի գավաթում։ Խաղն ավարտվել է 0:0 հաշվով. Քերոլն իրացրել է իր 11 մետրանոցը, սակայն նրա թիմը պարտվել է 7:6 հաշվով[4][5]։
2011 թվականի հունվարի 27-ին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լեյտոն Օրիենտ» ակումբ[6], որի կազմում իր առաջին խաղն անցկացրել է փետրվարի 5-ին։ Առաջին խաղի մրցակիցը եղել է «Բորնմութ» ակումբը (1:1)[7]։ «Լեյտոն Օրիենտո» ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 12 խաղ, ինչպես նաև հնարավորություն է ստացել չափել իր ուժերը Լոնդոնի «Արսենալ» ակումբի հետ Անգլիայի գավաթի շրջանակներում՝ փոխարինման դուրս գալով նրանց դեմ անցկացված առաջին խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի և ընդգրկվելով երկրորդի հիմնական կազմում[8][9]։
2012 թվականի հունվարի 30-ին նա վարձավճարով տեղափոխվել է «Դերբի Կաունտի» ակումբ, մինչև 2011/2012 թվականի մրցաշրջանի ավարտը[10]։ «Բարնսլի» ակումբի դեմ խաղի ժամանակ նոր թիմի կազմում նա խփել է իր առաջին գոլը (3:2)[11]։
2012 թվականի նոյեմբերի 3-ին Քերոլը կատարել է իր նորամուտը Պրեմիեր Լիգայում՝ խաղալով «Ուիգան Ատլետիկ» ակումբի դեմ[12]։