Գոթլանդ (շվեդ.՝ Gotland), Շվեդիային պատկանող կղզի Բալթիկ ծովում։ Այժմ մոտակայքում գտնվող ոչ մեծ կղզյակների հետ միասին կազմում է Գոթլանդ պատմական նահանգը, Գոթլանդ վարչական միավորը (լեն) և կոմունան։
Բնակչությունը կազմում է 56 717 մարդ (2012 թվականի դրությամբ)[5]։
Գտնվում է մայրցամաքային Շվեդիայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Գոթլանդը, որի մակերեսը կազմում է 2994 կմ²[6], համարվում է Շվեդիայի կղզիներից ամենամեծը։ Գոթլանդի մոտակայքում են գտնվում Ֆորյո (113,3 կմ²), Գոտսկա Սանդյոն (36,54 կմ²), Լիլա Կարլսյո (1,39 կմ²), Ստուրա Կարլսյո (2,35 կմ²) և այլ կղզիները, որոնք մտնում են Գոթլանդ վարչական միավորի կազմի մեջ։ Ամենաբարձր կետը Լոյստա-հեդն է (83 մ)։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստն է համարվում Վիսբյու քաղաքը[7]։
Բնակավայրերն են՝ Կլինտեհամն, Բուրգսվիկ, Ֆորյոսունդ, Հեմսե, Սլիտե։
Կղզում հայտնաբերվել են ավելի քան 42 հազար տարբեր գտածոներ, որոնք պատկանում են կղզու հնադարյան պատմությանը։ Դրանցից շատերը պատկանում են քարի դարին և իրենցից ներկայացնում են ձկնորսական բնակավայրերի մնացորդներ։
Վիկինգների դարաշրջանում Գոթլանդի բնակիչները ակտիվ առևտուր էին վարում, ինչի մասին վկայում են կղզում հայտնաբերված 650 գանձերը, որոնց մեջ առկա էին 140 հազար արաբական և արևմտաեվրոպական մետաղադրամներ և զարդեր։ Կղզու առափնյայի մոտ գոյություն ուներ նավահանգիստների համակարգ, որը ռուսական արձանագրություններում անվանում էին Գոթական ափ։ Այդպիսի նավահանգիստներից մեկի տեղում էլ ստեղծվել է Վիսբյու քաղաքը[8]։
1288 թվականին կղզու վրա հակամարտություն է գոյացել Վիսբյուի առևտրականների, որոնց մեծ մասը գերմանացիներ էին և Գոթլանդի այլ շրջանների բնակիչների միջև։ Պատերազմի ընթացքում քաղաքացիները հաղթեցին, և այդ ժամանակից ի վեր սկսեցին անկախ արտաքին և առևտրային քաղաքականություն վարել։ Այդ ժամանակ Վիսբյուի շուրջը պարիսպ է կառուցվել։
1679 թվականից սկսած Գոթլանդը անընդհատ պատկանել է Շվեդիային, բացառությամբ մի քանի շաբաթների 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի ժամանակ, երբ այն գրավված էր ռուսական զորքերի կողմից և հայտարարվել ռուսական նահանգ[9]։ Այդ ժամանակաշրջանը Գոթլանդում անվանում են պատմության մեջ ամենախաղաղ գրավումը։ Ռուս սպաները ի տարբերություն տեղաբնիկների ազատ տիրապետում էին ֆրանսերենին և պարում էին, ինչի շնորհիվ տեղաբնիկ կանանց շրջապատում մեծ հեղինակություն էին վայելում[10]։
Գոթլանդի ժամանակակից բնակիչների մեծ մասը խոսում է ժամանակակից շվեդերենի գոթլանդական բարբառով։
Անվանումը առաջացել է գոթեր գերմանական ցեղի անունից և շվեդերեն land «երկիր» բառից, այսինքն՝ «գոթերի երկիր»[11]։
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ