Գիմնազիա, միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն։ «Գիմնազիա» եզրը փոխառվել է Հին Աթենքից։ Առաջինը գիմնազիա է կոչվել 1538 թվականին Ստրասբուրգում բացված միջնակարգ դպրոցը։ 16-18-րդ դարերում գիմնազիաներ բացվել են Գերմանիայում։ 19-րդ դարում գիմնազիա էին կոչվում Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Հունաստանի,Դանիայի, Սերբիայի և Շվեյցարիայի (գերմանական շրջաններ) արական միջնակարգ դպրոցները։
Դասական գիմնազիաների հիմնական նպատակն էր սովորողներին նախապատրաստել համալսարան ընդունվելու։ Իգական գիմնազիաները նման իրավունքներ չունեին։ Մոսկվայի Լազարյան ճեմարանը ունեցել է դասական գիմնազիաների իրավունքներ և արտոնություններ։ Հարավային Կովկասում առաջին գիմնազիան հիմնադրվել է ԹիՖլիսում (1829 թվական)։ 1881 թվականին Երևանի արական, իսկ 1898 թվականին Երևանի Հռիփսիմյան իգական պրոգիմնազիաները վերակառուցվել են գիմնազիաների։ 20-րդ դարի սկզբին ստեղծվել են իգական նոր գիմնազիաներ Երևանում (1912 թվական), Ալեքսանդրապոլում (1906 թվական), Կարսում (1909 թվական)։ Երևանում գործել է նաև մասնավոր գիմնազիա։ Իգական գիմնազիաները հիմնականում ուսուցչուհիներ էին պատրաստում գավառական և քաղաքային ուսումնարանների համար։ Հարավային Կովկասի, այդ թվում Արևելյան Հայաստանի գիմնազիաներում դասավանդվել են նաև տեղական լեզուներ, որոնք պարտադիր էին միայն հայերի, վրացիների և ադրբեջանցիների համար։ Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի գիմնազիաները որոշակի դեր են խաղացել հայ մշակույթի, դպրոցի, մանկավարժական մտքի, մանկավարժական համագործակցությունների զարգացման գործում։