- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Հովհաննեսի Մանասյան (նոյեմբերի 20, 1910(1910-11-20)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1995(1995-04-28), Իպատովոյի շրջան), հայ խորհրդային անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1955), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1946 թվականից նույն ինստիտուտի ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են տարբեր կենդանիների հղիության, դրա վրա ազդող ներօրգանիզմային գործոնների, անպտղության հիմնական պատճառների (մետրիտ, ձվարանների կիստա, կայուն դեղին մարմին և այլն), սպերմայի մանրէային աղտոտվածության, կաթնագեղձի հիվանդությունների, գաղտնի ընթացող մաստիտների և այլ հարցերի ուսումնասիրություններին[2]։ Առաջարկել է գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների բուժման մեթոդներ (ռեֆլեկտոր, ֆիզիոթերապևտիկ, էլեկտրաֆորեզ են) և միջոցներ (բազմանյութ խծուծ, պոլիմերոլ են)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Պարգևներ
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկեր
- Անասնաբույժի ուղեցույց, Երևան։ Հայաստան, 1967, 215 էջ։
- Անասնաբուժական գինեկոլոգիայի հիմունքները, Երևան։ Հայաստան, 1966,164 էջ։
- Անասնաբուժական ծննդագիտության հիմունքները, Երևան։ Հայպետգյուղհրատ, 1961, 163 էջ։
- Կովերի և մաքիների արհեստական սերմավորումը, Երևան։ Ա. հ., 1960 . 114 էջ։
- Մաստիտների պրոֆիլակտիկան և բուժումը, Երևան, 1959, 135 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Մանասյան, Ալեքսանդր Հովհաննեսի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 214)։
|