Անասնաբույժ, (լատին․՝ veterinarius, «աշխատող անասունին դիպչող»), բարձրագույն կամ միջնակարգ հատուկ կրթություն ունեցող մասնագետ, որը զբաղվում է կենդանիների բուժմամբ և հարակից պարտականություններով[1]։
Պատմություն
«Անասնաբույժ» (անգլ.՝ Veterinarian) բառն առաջին անգամ օգտագործվել է 1646 թվականին Թոմաս Բրաունի տպագիր աշխատության մեջ[2]։
Հնագույն գրքերում այլ մասնագիտւթյունների կողքին հիշատակվում են նաև ձիուբժիշկները։ Նրանք ծառայում էին թագավորական ախոռներում կամ ձիեր բուծող ազնվականների մոտ, իսկ պատերազմների ժամանակ ուղեկցում էին հեծելազորին։ Սակայն այդ մասնագետները ձիերից բացի բուժում էին նաև այլ կենդանիների։
Հին Հայաստանում անասնաբուժությամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, իսկ ավելի ուշ՝ պայտարները։ Հայաստանում հիվանդ կենդանիների բուժման մասին առաջին գրքերը՝ բժշկականները, որոնք կազմված էին մագաղաթե ձեռագիր էջերից, ունեն 800-900 տարվա պատմություն։ Այդ բժշկականներից շատերը պահպանվում են Մատենադարանում։
Ռուսաստանի անասնաբույժների մասին պատմող առաջին ձեռագիր գիրքն ավելի քան չորս հարյուր տարեկան է։ Ժամանակի ընթացքում մասնագիտությունը ձևափոխությունների է ենթարկվել, ստեղծվել են անասնաբուժական պոլիկլինիկաներ, ներդրվել են ճշգրիտ սարքավորումներ և ժամանակակից դեղորայք։
Անասնաբույժներն աշխատում են նաև արգելանոցներում, կենդանաբանական այգիներում, ուր բազմացնում և ուսումնասիրում են կենդանիներին։ Անհրաժեշտության դեպքում նրանք չափում են կենդանիների մարմնի ջերմությունը և տալիս համապատասխան դեղամիջոցներ։
Ներկայումս անասնաբույժները ոչ միայն բուժում են հիվանդ կենդանիներին, այլև հետևում են առողջներին, պաշտպանում նրանց հիվանդություններից, պատվաստումներ անում հիվանդությունները կանխելու համար[4]։
Ընդհանուր ուղղություններից բացի անասնաբույժը պետք է տիրապետի նաև նեղ մասնագիտական գիտելիքներին։ Հիվանդության բուժման և կանխարգելման մասին տեղեկությունները ստացվում են վիրաբուժությունից, ներքին հիվանդություններից, էպիզոոտոլոգիայից, մակաբուծաբանությունից։ Ուսումնական կուրսը ներառում է մեղուների և ձկների հիվանդությունները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը։