Տակումի Սիբանո(ճապ.՝ 柴野 拓美). հոկտեմբերի 27, 1926(1926-10-27)[1], Կանաձավա, Ճապոնիա - հունվարի 16, 2010(2010-01-16)[2][1], Oiso), ճապոնացի ֆանտաստ գրող, էսսեիստ, գիտական ֆանտաստիկայի թարգմանիչ, ճապոնական գիտաֆանտաստիկ գրականության աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը: Նրա հեղինակած գեղարվեստական երկերը, վերլուծական հոդվածներն ու թարգմանությունները մեծապես նպաստել են Ճապոնիայում գիտական ֆանտաստիկայի ժանրի զարգացմանը:
Կենսագրություն
Ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 27-ին Կանաձավայում : Ավարտել է Տոկիոյի տեխնիկական համալսարանը։ Աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1957 թվականին հիմնադրել է առաջին ճապոնական գիտաֆանտաստիկ հանդեսը՝ "Uchūjin" (ճապ.՝ 宇宙塵)-ը (բառացի թարգմանած՝ նշանակում է «Տիեզերական փոշի»), որն սկզբնական շրջանում լույս է ընծայվել ամենամսյա պարբերականությամբ։ Ամսագրի թղթակիցներից շատերը հետագայում դարձել են պրոֆեսիոնալ գրողներ։ Նրանց թվում են Հոսին, Սինիտին, Սակյո Կոմացուն, Ռյու Միցուսեն, Յասուտակա Ցուցույը: Հենց այս հեղինակներն էլ ներկայացրեցին ժամանակակից գիտաֆանտաստիկ գրողների առաջին սերունդը Ճապոնիայում: 1962, 1963, 1965 և 1967 թվականներին Սիբանոն եղել է գիտական ֆանտաստիկայի Nihon SF Taikai կոնվենցիայի նախագահը[4]: Նա ակտիվ աշխատանք է տարել Ճապոնիայում գիտական ֆանտաստիկայի երկրպագուների ֆեդերացիա ստեղծելու ուղղությամբ, որի նախագահն է եղել 1966-1970 թվականներին[5]:
1977 թվականին թողել է մաթեմատիկայի ուսուցչի աշխատանքը և ամբողջությամբ նվիրվել գրականությանն ու թարգմանչական գործին։ Նա անգլերենից ճապոներեն է թարգմանել ավելի քան 60 գիտաֆանտաստիկ վեպ, մասնավորապես՝ Էդվարդ Էլմեր Սմիթի «Լենսմեն» վիպաշարը և Լարի Նիվենի«Հայտնի տիեզերք» վիպաշարը, որոնք լույս է ընծայել Ռեի Կոցումի (ճապ.՝ 小隅 黎Kozumi Rei) կեղծանվամբ, ինչը բառացի թարգմանած՝ նշանակում է «տիեզերական ճառագայթ»։
Այդ նույն կեղծանունով հրատարակել է նաև երեք մանկական գիրք՝ Սուպերմեն պլյուս իքս-ը (1969), «Ամսական ինքնաթիռ» գործողությունը (1969) և Խռովություն հյուսիսբևեռային քաղաքում-ը (1977): Սիբանոն նաև «Հանրաճանաչ գրականության աշխարհ» (1978) տեղեկատու գրքի գլխավոր հեղինակներից էր[5]:
1968 թվականին, գիտական ֆանտաստիկայի երկրպագուների հիմնադրամի աջակցության շնորհիվ Սիբանոն առաջին անգամ կարողացել է մասնակցել գիտական ֆանտաստիկայի համաշխարհային կոնվենտին՝ Worldcon-ին[6]: 1979 թվականից սկսած՝ նա հյուրընկալվել է Worldcon-ի ամենամյա գրեթե բոլոր կոնվենտներին: Ընդ որում՝ միաժամանակ ներկայացրել է Սեյունի մրցանակի արժանացած հեղինակներին[5]: 1986 թվականին Սիբանոն արժանացել է EE Evans Big Heart Award-ին[7], 1993 թվականին էլ՝ Worldcon Special Award-ին, որը նրան շնորհվել է գիտական ֆանտաստիկայի 51-րդ համաշխարհային կոնվենտի ժամանակ[8]: Սիբանոն 1996 թվականին եղել է գիտական ֆանտաստիկայի 51-րդ, 2007 թվականին էլ՝ 64-րդ համաշխարհային կոնվենտի պատվավոր հյուրը:
Հեղինակային և թարգմանչական իր ներդրումների համար Սիբանոն արժանացել է Nihon SF Taisho հատուկ մրցանակի, Սեյունի հատուկ մրցանակի: Հետմահու նրան շնորհվել է նաև Tokyo Anime Award՝ Տոկիոյի անիմե մրցանակ:
Ճապոնացի ֆանտաստ գրողներին խրախուսելու նպատակով դեռ 1965 թվականին նա ինքն անձամբ նախաձեռնել և հիմնել է հատուկ մրցանակ, որը հինգ տարի անց միաձուլվել է Nebula մրցանակին: Հիշատակության է արժանի այն փաստը, որ 1982 թվականին սահմանվել է Տակումի Սիբանոյի անվան մրցանակ՝ քաջալերելու համար այն գրողնորին, ովքեր կարևոր ներդրում են ունեցել ճապոնական գիտաֆանտաստիկ գրականության զարգացման ասպարեզում: Ավելի ուշ՝ 2015 թվականին, հիմնվել է նաև Takumi Shibano Anniversary Book SF Fandom Award մրցանակը: