- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Սմբատի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1941(1941-11-25), Բջնի, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2020(2020-07-08)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2013)։
Կենսագրություն
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1973-1976 թվականներին դասավանդել է գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1975 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1980-1991 թվականներին եղել է ՀՀ ռադիոհեռուստապետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների բեմադրող-նկարիչ, 1995-1999 թվականներին` «Արևիկ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1993-1995 թվականներին եղել է ՆԳ «02» շաբաթաթերթի գեղարվեստական խմբագիր։ 1999 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում[2]։
Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Չինաստանի տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան)։
Ստեղծագործական ուղի
Վլադիմիր Աբրահամյանն աշխատում է կոմպոզիցիայի, դիմանկարի, գրաֆիկայի, նատյուրմորտի ու բնանկարի ժանրում։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։
- «Մտածող կինը» (1972)
- «Պառկած կինը» (1974)
- «Հավասարակշռություն» (1987, ԺԱԹ)
- «Ջրհեղեղ» (1987)
- «Տագնապի փող» (1989)
- «Սպիտակ ջարդ. 93» (1993)
- «Գարուն» (2002)
- «Բջնի» (2009) կտավ
Պարգևներ, մրցանակներ
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր (2005)
- Երևանի քաղաքապետի պատվոգիր (2009)
- ՀՀ Մշակույթի նախարարի պատվոգիր (2011)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2013)[3]
Ծանոթագրություններ