Ստեփանոս Դ Հռոմկլայեցի (Կլայեցի, Հռոմայեցի, անհայտ - 1293, Կահիրե, Եգիպտոս), Ամենայն Հայոց կաթողիկոս 1290 թվականից։ Հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Եկեղյաց գավառում։ Մահացել է 1293 թվականին Կահիրեում և ամփոփվել տեղի ասորական վանքում։
Մինչև կաթողիկոս դառնալը ուսանել ու պաշտոնավարել է Հռոմկլայի կյաթողիկոսարանում, որի պատճառով էլ ստացել է Հռոմկլայեցի մականունը։ Այնուհետև դարձել է անապատական։ Նա դեմ է եղել կաթոլիկ եկեղեցու հետ հայոց եկեղեցու մերձեցմանը։
1292 թվականի մարտի 15-ին եգիպտական զորքերը պաշարում են Հռոմկլա դղյակը, որը 1150 թվականից եղել էր Հայոց կաթողիկոսանիստը։ Թշնամին Հռոմկլայի դեմ գործադրում է պարսպակործան մեքենաներ և 1292 թվականի հուլիսի 28-ին գրավում է այն՝ կոտորելով և գերեվարելով նրա բնակիչներին, ավերելով Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին և Սուրբ Փրկիչ եկեղեցիները, ինչպես նաև կաթողիկոսի ապարանքը։ Գերեվարվում է նաև Ստեփանոս Դ Հռոմկլայեցին՝ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ միասին։ Նրան դնում են երկաթե կապանքների մեջ, տանում նախ Դամասկոս, ապա՝ Կահիրե, որտեղ մեկ տարի բանտի մեջ մնալուց հետո վախճանվել է 1293 թվականին։
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցին
Գրականություն
- Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885 թ.
- Անապատական, Համառոտ պատմութիւն հայ-լատին հարաբերությանց, սկզբից մինչև 1382 թ., Անթիլիաս, 1981 թ.
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986 թ.
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001 թ.
|
---|
| 4-րդ — 7-րդ դարեր | |
---|
| 8-րդ — 13-րդ դարեր | |
---|
| 14-րդ - 18-րդ դարեր | |
---|
| 19-րդ - 21-րդ դարեր | |
---|
| |
|