«Սեռական դաստիարակություն» (անգլ.՝ Sex Education), բրիտանական կատակերգական դրամա հեռուստասերիալ, որը պատմում է անգլիական Մուրդեյլ քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտների և նրանց խնդիրների մասին։ Սերիալի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 8 սերիայից, թողարկվել է Նեթֆլիքսի կողմից 2019 թվականի հունվարի 11-ին։ Առաջին եթերաշրջանը Rotten Tomatoes կայքի օգտատերերի կողմից բարձր գնահատականների է արժանացել։ Սերիալում լուսաբանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական ինքնությունը, հիպերսեռականությունը, ակամա ինքնազսպումը, ձեռնաշարժությունը, սիրային ամաչկոտությունը, դեռահասային սեռականությունը, դեռահասային հղիությունը, ռիսկային սեռական վարքագիծը[1][2]։
2019 թվականի փետրվարի 2-ին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունը պաշտոնապես երկարաձգել է սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[3]։ 2020 թվականի փետրվարի 10-ին հայտարարվել է, որ թողարկվելու է նաև երրորդ եթերաշրջանը[4]։
Սերիալի գործողությունը տեղի է ունենում Մուրդեյլ փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցում։ Սյուժեի հիմքում ընկած են այն իրավիճակները, որոնցում հայտնվում են գլխավոր հերոսի՝ Օթիս Միլբերնի համադասարանցիները։ Օթիսն ապրում է իր մոր՝ Ջին Միլբերնի հետ, որը սեքսոլոգիայի և հարաբերությունների հոգեբանության հայտնի մասնագետ է։ Ուսումնական տարվա առաջին իսկ օրերին Օթիսը ստիպված է օգնել դպրոցական խուլիգանին սեռական խնդիրների հարցում` իր ընկերոջը հանգիստ թողնելու խոստման դիմաց։ Մեյվ Ուալիի համար ակնհայտ է դառնում Օթիսի՝ դեռահասների անձնական խնդիրները լուծելու բացահայտ տաղանդը, ինչի պատճառով էլ նա առաջարկում է վերջինիս խորհուրդներ տալ դասընկերներին փողի դիմաց։ Մեյվի հետ մտերմանալու ցանկությունը դրդում է Օթիսին համաձայնվել և բիզնես սկսել նոր ընկերուհու հետ։
Յուրաքանչյուր նոր պատմություն, որպես կանոն, սկսվում է սեքսի տեսարանից, որը ցույց է տալիս այն խնդիրը, որը պետք է լուծի գլխավոր հերոսը։ Դեռահասների սեռական խնդիրները հասունացման, սեփական անհատականության, բարոյական ընտրության, կյանքի իմաստի որոնման ավելի խորը հարցերի լուսաբանման համար ֆոն են դարձել։ Սերիալի թիմը մեծ ուշադրություն է հատկացրել դպրոցներում բուլիինգի, հոմոֆոբիայի, սերունդների հակամարտության, թմրամիջոցների օգտագործման և ինքնասպանության փորձ կատարելու համար հնարավոր պատճառները լուսաբանելու վրա։ Հատկանշական է, որ ի տարբերություն այլ երիտասարդական սերիալների, «Սեռական դաստիարակությունը» նվազագույն շեշտ է դնում ժամանակակից դարաշրջանի ատրիբուտների վրա՝ փորձելով հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել մարդկանց միջև կենդանի հարաբերությունների վրա։
Սերիալում մեծ շեշտ է դրվում երաժշտական ուղեկցության ընտրության վրա՝ հերոսների բնավորությունը և անհատականությունը ընդգծելու համար։ Օթիս Միլբերնը պոստ փանկի երկրպագու է, թեև իր խոստովանությամբ քնում է միայն կետերի ճիչերի ձայնագրության ներքո։ Մեյվ Ուայլին սիրում է նոր ալիքի փանկ ռոք լսել։ Նրա ամենասիրելի խմբերից մեկը նորվեգական Sløtface քառյակն է։ Սերիալում հնչում են նաև The Cure, Bikini Kill, Billy Idol, Talking Heads, UB40, The Smiths, A-Ha և Generation X խմբերի երգերը։
Սերիալի նկարահանումներն անցկացվել են Հարավային Ուելսի տարածքում և Անգլիայի Ուայ գետի հովտում, այդ թվում՝ Մոնմութշիրի Լլանդոգո և Թինթերն բնակավայրերում։ Տեսարանները, որոնք տեղի էին ունենում Մուրդեյլի միջնակարգ դպրոցում, նկարահանվել են Նյուպորտի Կորլեոնե քաղաքի Հարավային Ուելսի համալսարանի նախկին կամպուսում[5][6][7]։
Առաջին եթերաշրջանը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes վեբ կայքում հավանության վարկանիշն 91% է՝ 8,36 միջին գնահատականով։ Այդ գնահատականը հիմնված է 57 գրախոսությունների վրա։
Metacritic կայքը, որն օգտագործում է միջին արժեքը, եթերաշրջանին շնորհել է 100-ից 81 գնահատականը 16 ակնարկների հիման վրա, ինչը «համընդհանուր ճանաչում» է նշանակում[8]։
Դրական ակնարկում Լիզ Շենոն Միլերը IndieWire-ից սերիալին A- է գնահատել[9]։
Լյուիս Նայթը Daily Mirror-ից սերիալը պարգևատրել է 5 աստղով՝ նշելով.
Նյու Յորք Թայմսի մեկնաբան Ջեյմս Պոնիվոզիկը սերիալը բնութագրել է որպես
The Washington Post-ից Հենք Սթյուերի խառը գնահատականում նշվում է.
Էդ Փաուերը The Independent-ից քննադատել է սերիալը և դրան 5-ից ընդամենը 2 աստղ է նշանակել՝ գրելով.
Շուտի Գաթվան, որը կատարել է սևամորթ գեյ դեռահաս Էրիկի դերը, գովեստի խոսքեր է ստացել քննադատների կողմից, որոնք նշել են, որ նրան հաջողվել է իր կերպարում խուսափել գեյի և սևամորթ «լավագույն ընկերոջ» կլիշե կերպարից[14][15][16]։
2019 թվականի հունվարի 17-ին՝ թողարկումից մեկ շաբաթ անց, Նեթֆլիքսը հայտարարել է, որ հեռուստասերիալը դիտվել է ավելի քան 40 միլիոն հանդիսատեսի կողմից[17]։