Սալտիկով Սարգիս Անդրեյի, Саркис Андреевич Салтыков, ծնվել է 1905 թ. օգոստոսի 15-ին (28)[2], Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)։ Խորհրդային հայ մետալուրգ։ Դոցենտ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Բժիշկ-իմունաբան Ռուբեն Սալտիկովի եղբայրը։
Կենսագրություն
Ավարտել է Դոնի (այժմ՝ Նովոչերկասկ) պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1929-1942 թվականներին ղեկավարել է «Ռոստսելմաշ» գործարանի մետաղաբանական լաբորատորիան։
1943-1954 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (որպես ջերմամշակման արտադրամասի պետ)։ 1953 թվականից դասախոսել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտում (1966-1970 թվականներին՝ Մետաղների տեխնոլոգիայի և մետաղագիտության ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են կռելի թուջի տեսությանն ու արտադրության պրակտիկային, գորշ թուջի ջերմամշակմանը։
Գործունեություն
Մեծ աշխատանք է կատարել ՀԽՍՀ ձեռնարկություններում ջերմամշակման գործը կազմակերպելու, թուջե ձուլուկների որակը բարձրացնելու ուղղությամբ։ Ստերեոմետրիկ մետաղաբանության հիմնադիրն է։ «Ստերեոմետրիկ մետաղաբանություն» աշխատության (թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, չեխերեն)։ 1974 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Սալտիկովը ստերեոլոգների միջազգային ընկերության պատվավոր անդամ է։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 129)։
|