Բրատիսլավայի միակ կամուրջն է, որ Դանուբ գետի վրա չունի ոչ մի հենասյուն և համարվում է քաղաքի ամենամեծ կամուրջը։ 2001 թվականին «կամրջաշինություն» անվանակարգում այն համարվել է Սլովակիայում դարի շինություն։ Կամուրջն ընդգրկված է Աշտարակների համաշխարհային ֆեդերացիայում, համարվում է այդ ֆեդերացիայի ամենացածր շինությունը։
Պատմություն
Կամուրջը կառուցվել է 1967-1972 թվականներին «Դոպրաստավ Բրատիսլավա» և «Գուտնե Մոնտաժե Օստրավա» կազմակերպության կողմից ճարտարապետներ Յոզեֆ Լացկոյի, Լադիսլավ Կուշնիրի, Իվան Սլամենի, Արպադ Տեսարի և Յոզեֆ Զվարի նախագծով։ Շահագործման է հանձնվել 1972 թվականի օգոստոսի 26-ին։ Կամրջի շինարարության համար ոչնչացվել է Բրատիսլավայի արվարձանի զգալի մասը, մասնավորապես, հրեական թաղամասն ամբողջությամբ, ինչին Բրատիսլավայի բնակչությունը տհաճությամբ է արձագանքել։ Սակայն զգալիորեն բարելավվել է Բրատիսլավա V շրջանի երթևեկության վիճակը։ 2005-2006 թվականներին, պայմանավորված բարձր աղտոտմամբ, հետիոտնային և հեծանվային հատվածներում պաշտպանիչ շերտ է կիրառվել։ 2006 թվականին նմանօրինակ ծածկույթ է նաև կիրառվել հենարանների համար։
Պարամետրեր
Պողպատե կամուրջը կախված է 84,6 մետր բարձրությամբ մեկ սյան վրա։ Կամրջի ընդհանուր երկարությամբ 430,8 մետր է, թռիչքների բաժանման սխեման՝ 74,8 + 303 + 54 մետր, աչքավոր կառույցի քաշը՝ 7537 տոննա, ընդհանուր բարձրությունը ներքևից վերև՝ 95 մետր, գմբեթի տրամագիծը՝ 32 մետր, աչքավոր կառույցի հեծանը երկսեկցիոն է, լայնությունը՝ 12,6 մետր, բարձրությունը՝ 4.6 մետր, երկու կողմերում դրանից կախված են 4,2 մետր բարձրությամբ բարձակները[2]։ Այսպիսով, կամրջի ընդհանուր լայնությունը 21 մետր է։ Երթևեկության համար կամրջի վրա կան 4 շերտեր, որոնց յուրաքանչյուր կողմում կան հետիոտնի և հեծանիվների համար նախատեսված ուղիներ։ Մայթի լայնությունը 3,2 մետր է։ 1972 թվականին բացումից հետո կամուրջն աշխարհի բարձր կամուրջների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Միասյուն կամուրջների ենթակատեգորիայում կամուրջը շարունակում է մնալ համաշխարհային առաջատար, թեք հենարանով կամուրջների կատեգորիայում՝ երրորդ տեղում է։
Գրականություն
Construction and design of cable-stayed bridges. W.Podolny, J. Scalzi. 1989