Ռոբերտ Վարդանի Կամոյան (հունվարի 6, 1937(1937-01-06), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2014(2014-09-22), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ ռեժիսոր, նկարիչ։
Կենսագրություն
Ռոբերտ Կամոյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 6-ին[1][2]։ Նրա հայրը՝ Վարդան Կամոյանը եղել է Լոռուց։ Սվերդլովսկ քաղաքում ստացել է լեռնային ինժեների բարձրագույն կրթություն, տեղափոխվել Կապան և ապրել մինչև իր կյանքի վերջ։ Պապը՝ Արշակը որոշ ժամանակ բնակվել է Խնձորեսկում։
Ռոբերտը միջնակարգ կրթություն է ստացել է Կապանի թիվ 3 ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ 1955 թվականին՝ երկրորդ կուրսից ուսումն ընդհատել է, վերադարձել Կապան և աշխատանքի անցել մսի կոմբինատի սառնարանային տնտեսությունում` կոմպրեսորային արտադրամասի մեքենավարի օգնական, ապա` Բարաբաթումի պղնձահանքում` բանվոր։ 1958 թվականին մեկնել է Երևան և ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, միաժամանակ սովորել նաև նույն ինստիտուտի գունանկարչական ֆակուլտետում։ 1963 թվականին ստացել է ռեժիսորի մասնագիտություն, իսկ 1964 թվականին՝ նկարիչ-գունանկարչի ու մանկավարժի մասնագիտություն։ Գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վարդան Աճեմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Գուլակյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանի, և այլ նկարիչների և ռեժիսորների ղեկավարությամբ։
1965 թվականին եղել է Մեղրու շրջանի Ագարակ քաղաքի մշակույթի տան տնօրեն։ 1966-1967 թվականներին եղել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային և Կ. Ստանիսլավսկու անվան պետական թատրոններում` ռեժիսոր, նկարիչ։ 1967-1988 թվականներին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում եղել է բեմադրող ռեժիսոր, նկարիչ և գլխավոր նկարիչ։ Բեմական ձևավորումներ է կատարել Գյումրու, Գորիսի թատրոններում։ 1971 թվականիՆ հիմնադրել է նկարչական ստուդիա, որտեղ սովորել են բազմաթիվ պատանիներ և աղջիկներ։
Ցուցահանդեսներ
Ռոբերտ Կամոյանը 1960-ական թվականների կեսերից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է բացել Լենինգրադում, Ռիգայում, Յուրմալայում, Վիլնյուսում, Երևանում, Կապանում[3]։ Նրա ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Նկարելուց բացի գրել է նաև չափածո ստեղծագործություններ, ուսումնասիրել է փիլիսոփայություն և ճարտարապետություն։ Ռոբերտ Կամոյանը եղել է Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Կամչատկայում։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ