Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան (ռուս.՝ Ржевский мемориал советскому солдату), հուշարձանային համալիր Ռուսաստանի Տվերի մարզիՌժևսկի շրջանի Խորոշևո գյուղի մոտ[1]։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942-1943 թվականներին, Ռժևի ճակատամարտում զոհված խորհրդային զինվորներին։ Խորհրդային զինվորի առաջին հուշարձանն է Ռուսաստանի Դաշնությունում[2] և իր բացման պահին Կարմիր բանակի մարտիկին նվիրված ամենամեծ հուշարձանն աշխարհում[3]։
Նկարագրություն
Հուշարձանի կառուցման տեղը որոշել է հատուկ հանձնաժողովը՝ հաշվի առնելով հասանելիությունը տրանսպորտային միջոցների համար և հուշարձանը հեռվից տեսնելու հնարավորությունը[4]։ Հուշարձանային համալիրը տեղակայված է Ռժևի կենտրոնից 8 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մոսկվա-Ռիգա Մ-9 ճանապարհի մոտ։
Համալիրի կենտրոնական օբյեկտը 25 մետր բարձրությամբ զինվորի բրոնզե քանդակն է, որը տեղադրվել է 10 մետր բարձրություն ունեցող լցնովի դամբարանաբլուրի վրա։ Այն ներկայացնում է հավաքական կերպար, քանի որ ստեղծվել է Ռժևի մոտ զոհված զինվորների լուսանկարների հիման վրա, որ վերցվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության արխիվից։ Ըստ նախագծի համահեղինակ Ադրեյ Կորոբցովի՝ «նա նայում է ոչ թե հուշարձան այցելողներին՝ կենդանի մարդկանց, հանուն որոնց տվել է իր կյանքը, այլ ասես իր ներսը։ Այդ պատճառով մենք նրա դեմքն ստեղծել ենք խաղաղված, մտածկոտ ու նույնիսկ ներկլանված»[5]։ Գիմնաստյորկայով և աջ ձեռքին իջեցված Շպագինի ատրճանակ-գնդացիր բռնած զինվորին պահում են 35 կռունկներ, որոնք ստեղծում են ճախրող քանդակի տպավորություն։ Մեջքի հետևում ծածանվում է վրանաթիկնոցը, որը զինվորի ուսի մոտ հարթ է, ներքևում դառնում է ավելի կոպիտ ու վերածվում կռունկների, որոնք տանում են զինվորի հոգին։ Հուշարձանի ներքևում ձևավորվել է հատուկ տեղ ծաղիկներ դնելու համար։ Պսակով մարմարե սալի վրա ոսկե տառերով գրված է Ալեքսանդր Տվարդովսկու «Ես սպանվել եմ Ռժևի մոտ» (ռուս.՝ «Я убит подо Ржевом») բանաստեղծությունից երկու տող՝ «Мы за Родину пали. Но она — спасена» («Մենք ընկանք հանուն Հայրենիքի։ Բայց նա փրկված է»)։
Զինվորների անուններով պատ
Հուշարձանի մոտ տանող ուղին գիշերային լուսավորությամբ
Չորս հեյտար տարածք ընդգրկող հուշարձանային համալիրի կազմում ներառված է թանգարանային-ցուցահանդեսային տաղավար։ Թանգարանը հագեցած է մուլտիմեդիային սարքավորումներով, որոնց օգնությամբ այցելուները կարող են ծանոթանալ Ռժևի ճակատամարտի մասնակիցների լուսանկարներին, ռազմաճակատային նամակներին, պատմություններին, հուշերին։ Թանգարանի առնաձնահատկությունն ապակե հատակն է, որի միջով կարելի է տեսնել զենքեր, սաղավարտներ, պարկուճներ, արկեր, նռնակներ և այլն, որ գտնվել են հուշահամալիրի շրջակայքում որոնողական արշավախմբերի կողմից[6]։
Քանդակի առջև ձգվում է 25 մետր երկարությամբ ուղի, որի երկու կողմերում տեղակայված են զիգզագաձև գրանիտե պատեր ճարտարապետական-գեղարվեստական մետաղե պանելներով, որոնք ծածկված են արհեստական ժանգով[7]։ Վեց մետր բարձրությամբ պանելների վրա փորագրված են Ռժևի ճակատամարտում զոհված ավելի քան 17 հազար զինվորների անուններ, որոնք փաստաթղթերով հաստատվել են[8]։
Հուշահամալիրի տարածքում գործում է ձայնային դիզայն։ Տնկվել են ավելի քան 1,5 հազար թփեր և ծառեր[9]։ Կեչիները, արոսենիներն ու կարմրատերև թխկիները ընտրվել են այնպես, որ ծառերը հարմարվել են հուշարձանի գեղարվեստական ոճին[10]։
Ստեղծման պատմություն
2017 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի «Հաղթանակ» (ռուս.՝ «Победа») կազմակերպչական կոմիտեի՝ Կրեմլում անցկացված նիստում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմին վերաբերող մի շարք պատմական փաստերի աղավաղմանն ու երիտասարդության պատմահայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր[11]։ Նիստի արդյունքում որոշվել է, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի ու արտաքին գործերի նախարարությունները և Ռուսհամագործակցությունը (ռուս.՝ Россотрудничество) օգնություն ցուցաբերեն Ռուսաստանի ռազմապատմական միությանը (ռուս.՝ Российское военно-историческое общество) հուշարձանների ստեղծման գործում[12]։
2017 թվականի հունիսի 6-ին «Զինվորական համազգեստի թանգարանում» անցկացված Ռուսաստանի ռազմապատմական միության հերթական նիստի ժամանակ բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնման հարցը։ Բազմաթիվ վետերանների խնդրանքով ընդունվել է որոշում Ռժևում խորհրդային զինվորի հուշարձանի ստեղծման վերաբերյալ[9]։ Որոշվել է նաև ապագա հուշարձանի կանգնեցման վայրը՝ գլխավոր ճանապարհից դեպի Ռժևսկի շրջանի Խորոշևո գյուղ շրջադարձի մոտ, ուր պատերազմի ժամանակ այցելել է Իոսիֆ Ստալինը[13]։ Հաշվարկվել է Ռժևի հուշարձանի ստեղծման համար նախատեսվող բյուջեն, որը կազմել է շուրջ 650 մլն ռուբլի[14]։ Որոշվել է չօգտագործել բյուջետային միջոցներ և հուշարձանն ամողջությամբ կառուցել ժողովրդի նվիրատվությունների հաշվին։ Նախատեսվել է, որ հուշահամալիրը պետք է դառնա ամենամասշտաբային հուշահամալիրը Ռուսաստանում[15]։
2017 թվականի օգոստոսի 1-ին հայտարարվել է Ռժևսկի շրջանում կառուցվելիք հուշահամալիրի նախագծի բաց մրցույթ միջազգային ստեղծագործական կոլեկտիվների համար։ Ընտրվել են տասներեք աշխատանքներ Ռուսաստանի և Բելառուսի մասնակիցներից, որոնք ներկայացվել են Պոկլոննայա բլրի Հաղթանակի թանգարանում անցկացված ցուցահանդեսում 2017 թվականի դեկտեմբերի 14-ին[16]։ Կոմիտեի բաց նիստում ընտրվել են երեք լավագույն աշխատանքները, սակայն դրանցից ոչ մեկը միաձայն չի ընտրվել ժյուրիի կողմից։ Կազմակերպչական կոմիտեն որոշել է երկարաձգել մրցույթի ժամկետը մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը[17][18]։
2018 թվականի մայիսի սկզբին հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին Վլադիմիր Մեդինսկին, Գրիգորի Ռապոտան և Անդրեյ Բելոցերկովսկին, ամփոփել է ստեղծագործական մրցույթի արդյունքները և արդեն 19 նախագծերից ընտրել երեք լավագույն աշխատանքները[19]։ Հաղթող է ճանաչվել քանդակագործ Անդրեյ Կոնչալովսկու (Բելգորոդ) և ճարտարապետ Կոնստանտին Ֆոմինի (Էլեկտրոստալ) ներկայացրած աշխատանքն Անդրեյ Կոնչալովսկու ընդհանուր ղեկավարությամբ[20][21][22]։ Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները ստացել են դրամական մրցանակներ[23]։
2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Վլադիմիր Մեդինսկին պատմել է Հայրենիքը պաշտպանած և գերմանական բանակի «Կենտրոն» խմբին դիմադրած խորհրդային զինվորի հուշարձանի կանգնեցման վերաբերյալ հասարարական նախաձեռնության մասին[24][25]։ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել այդ որոշումը։ Ապագա հուշահամալիրի տեղում 2018 թվականի նոյեմբերի 12-ին տեղադրվել է հիմնաքար՝ հնգաթև աստղի տեսքով և «1942-1943» գրությամբ։ Փամփուշտների ու արկերի հետքերով սալի վրա գրված է եղել․ «Ասյտեղ պետք է լինի խորհրդային զինվորի հուշարձանը։ Ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են Ռժևի մոտ»[26][27]։
Հուշահամալիրի ստեղծման շրջանի «քամիների վարդը» ցույց է տվել, որ ստեղծվում է քամային ծանրաբեռնվածություն քանակի ու նրա հիմնակմախքի վրա։ Դրա հաշվարկման համար բրոնզից ձուլվել է զինվորի քանդակի՝ փոքր չափերով, բայց նույնատիպ պատճենը, որը հետո փչել են Կենտրոնական աերոդինամիկական ինստիտուտի աերոդինամիկ խողովակում[10][28]։
Կոնստանտին Ֆոմինը փորձնական ճանապարհով որոշել է քանդակի չափերը․ քանդակի կանգնեցման վայրում ամբարձիչ կռունկով բարձրացրել է մանրակերտը տարբեր բարձրություններոգ՝ դրանով իսկ քանդակի չափերը հարմարեցնելով տեղանքի մասշտաբներին[8]։ Կորոբցովի ու Ֆոմինի արվեստանոցում սկսվել են քանդակի ստեղծման աշխատանքները։ Ստեղծվել է զինվորի՝ 2,5 մետր բարձրություն ունեցող քանդակի գիպսե մոդելը, որից հետո հեղինակները ձեռնամուխ են եղել ամբողջամասշտաբ ֆիգուրի քանդակմանը 100 տոննա քեմբրիական երկնագույն կավից[29][30]։
Հուշարձանի կանգնեցման վայրում սակրավորները կատարել են ականազերման աշխատանքներ՝ գտնելով շուրջ հինգ հարյուր վտանգավոր օբյեկտներ։ «Ռժև։ Կալինիյան ռազմաճակատ» միջազգային որոնողական արշավախումբն կատարել է զինվորների աճյուններ որոնում։ Դրանից հետո անցկացվել է տեղանքի հետախուզափորում՝ որոշելու համար հեղի տեսակը[8]։
Հուշահամալիրի նախագծի՝ ՌԴ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո[31]՝ 2019 թվականի հունիսի 6-ին սկսվել են շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքները։ Շինարարության վայրում, որտեղ եղել է ճահիճ, գետնի ամրացման նպատակով տեղադրվել է ավելի քան 1000 ցցագերան, լցվել է հիմքը և կառուցվել ութանկյուն դամբարանաբլուր[32]։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կանգնեցվել է 30 տոննա կշռող կենտրոնական հիմնակմախքը, որը պատրաստվել էր Բելէներգոմաշի արտադրամասերում և նախատեսված է եղել հուշարձանի մոնտաժման համար[33]։
2019 թվականի օգոստոսի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը կատարվել է կենտրոնական քանդակի ձուլումը։ Կավե ֆիգուրը կաղապարվել է ու բաժանվել 600 մասի, որոնցից յուրաքանչյուրը ձուլվել է առանձին 80 տոննա յատուկ բրոնզից Սոլնեչնոգորսկի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի ձուլման արվեստանոցում։ Այդ մասերից յուրաքանչյուրը կշռել է միջինը 50-100 կգ[34][35]։ Զուգահեռաբար արվեստանոցում այդ հատվածները արգոնի օգտագործմամբ եռակցվել են դրսից, իսկ ներսից ամրացվել են հեղույսներով[28]։ Այդպես հավաքվել են քանդակի խոշոր հատվածներ, ապա նորից բաժանվել մասերի՝ տեղափոխման ու մոնտաժման։ Օրինակ՝ քանդակի մի հատվածը՝ ձեռքն ու 1941 թվականի նմուշի ՇԱԳ ինքնաձիգը, ունեցել է 9 մետր երկարություն և կշռել շուրջ 2,5 տոննա[36]։ Քանդակի հատվածների եռակցման համար օգտագործվել է շուրջ 30 կմ բրոնզե հաղորդալար։
2019 թվականի նոյեմբերի 28-ից շինհրապարակ են տեղափոխվել քանդակի հատվածները՝ գլուխը, ուսերը, իրանը, գոտին։ Այդ հերթականությամբ էր կատարվել է հուշարձանի մոնտաժումը՝ վերևից ներքև՝ սկսած ուսերից[37]։ Հուշարձանի կողքին սկսվել է թանգարանային տաղավարի շինարարությունը։ Միևնույն ժամանակ Սանկտ Պետերբուրգի «Սիներգիա» մետաղամշակման գործարանում սկսվել է պողպատե պանելների (չափերը՝ 6x2,5 մետր) արտադրությունը, որոնց վրա լազերային ճառագայթների օգնությամբ փորագրվել են Ռժևի մոտ զոհված զինվորների լուսանկարներն ու անունները[38][39]։
2020 թվականի հունվարի 30-ին ավարտվել են կենտրոնական քանդակի հավաքման աշխատանքները, տեղադրվել է մարտիկի գլուխը։ Հուշարձանը ծածկվել է տախտակամածով, ինչից հետո սկսվել է բրոնզե կռունկների հատվածի հավաքումը, քանդակի գունամշակումը, գույնի կոնսերվացիան ու ողորկման աշխատանքները[40][41]։ Քանդակը տախտակամածով ծածկված մնացել է մինչև հուշարձանի բացումը։ 2020 թվականի ապրիլի 23-ին հուշարձանի վրա կատարվող աշխատանքներն ավարտվել են։ Ավարտին են հասցվել նաև թանգարանի ցուցանմուշների հավաքածուի ամբողջացման աշխատանքները[42]։
2020 թվականի գարնանը շրջանառության մեջ են դրվել 3 ռուբլի անվանական արժեքով հուշադրամներ[43] և փոստային նամականիշներ[44] հուշարձանի պատկերով։ 2020 թվականին՝ Հաղթանակի օրը, ՍկոպյեիՄայիսի 9-ի փողոցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի ռազմապատմական միության մասնակցությամբ բացվել է ստելա, որի հիմքում ընկած է Ռժևի խորհրդային զինվորի հուշարձանի նկարը[45][46]։
Հուշարձանի բացումը պետք է տեղի ունենար 2020 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի օրը, սակայն COVID-19 համավարակի պատճառով բացման արարողությունը տեղափոխվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ Հիշատակի ու ողբի օրը[47]։ Ավելի ու բացումը տեղափոխվել է 2020 թվականի հունիսի 30-ին[1][48]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ[49][50]։
Գոտին՝ ֆակտուրայով ու մաշվածության հետքերով
9 մետր երկարություն ունեցող ՇԱԳ-ի բեռնաթափումը շինհրապարակում
↑Александр Бушев (2018 թ․ մայիսի 16). «И полетят журавли». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
↑Элина Труханова (2018 թ․ նոյեմբերի 14). «О тех, кто тверже камня». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
↑Юлия Васильева, Мария Голубкова (2019 թ․ նոյեմբերի 20). «Воин встанет в полный рост». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
↑Юлия Васильева (2020 թ․ փետրվարի 5). «Лед и пламя Ржева». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
↑Андрей Колесников (2020 թ․ հունիսի 30). «Над пропастью во Ржеве». Коммерсантъ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
Ржевский мемориал: история, конструкция, скульптура — рассказы о Ржевском мемориале военного историка Алексея Исаева, скульптора памятника Андрея Коробцова, главного конструктора памятника Георгия Данелия.
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!