Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին (Բ Թուղթ առ Տիմոթեոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը։
Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը գրված է Հռոմից, որտեղ բանտարկված էր Պողոս Առաքյալը։ Գրության մոտավոր ժամանակ է համարվում 66-67 թվականները։
Նամակը բովանդակում է ընդհանրապես խրատներ և ցուցումներ՝ ուղղված Տիմոթեոսին։ Այստեղ տիրող գլխավոր մտածումն Ավետարանը քարոզող մարդու դիմագրաված նեղություններն ու հակառակություններն են, որոնք հաղթահարելու համար նրա հորդորն է՝ քաջությամբ հարատևել և բարի պատերազմ մղել Հիսուս Քրիստոսին հավատարիմ զինվորի նման (1.3-2.13)։ Առաքյալը քաջալերում է Տիմոթեոսին և թելադրում նրան, որ անսասան հավատով վկայի Հիսուս Քրիստոսի մասին, պահի Ավետարանի և հին Ուխտի ճշմարիտ վարդապետությունը և կատարի իր պարտականությունը՝ որպես ուսուցիչ և քարոզիչ։ Առաքյալն զգուշացնում է Տիմոթեոսին, որ չընկնի «հիմար և տգետ» վիճաբանությունների փորձության մեջ, վիճաբանություններ, որոնք ոչ մի բարիք չեն բերում, այլ միայն մոլորեցնում են ունկնդիրներին։ Վերջապես, առաքյալն իր գործակցին հիշեցնում է իր անձնական օրինակը և առաքելության նպատակը, իր հավատը, համբերությունը, սերը, հարատևությունը և հալածանքների ընթացքում գալիք նեղությունները։