Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան (ուկրաիներեն՝ Національна бібліотека України імені В. І. Вернадського), Ուկրաինայի գլխավոր գիտական տեղեկատվական պետական կենտրոն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության, փիլիսոփայության և իրավունքի բաժնի գիտահետազոտական ինստիտուտ, ֆոնդերի ծավալով[2] և տարածքով ամենամեծ գրադարանը Ուկրաինայում[3]։ Ընդգրկված է աշխարհի 20 ամենամեծ ազգային գրադարանների ցանկում։ Համաձայն Ուկրաինայի բարձրագույն ատեստացիոն կոմիտեի և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի 2008 թվականի հուլիսի 7-ի № 436/311 հրամանի՝ հրատարակված գիտական պարբերականների բոլոր էլեկտրոնային տարբերակները հրապարակվում են Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարանի պաշտոնական կայքում[4]։
Հիմնադրվել է 1918 թվականի օգոստոսի 2 (15)-ին որպես Ուկրաինական պետության ազգային գրադարան։ Գրադարանը հիմնադրվել է «Ուկրաինական պետության ազգային գրադարանի» ֆոնդի ստեղծման օրենքի հիման վրա՝ հաստատված Ուկրաինական պետության ռադայի կողմից։ 1918 թվականի օգոստոսի 23-ին (սեպտեմբերի 5-ին) Կիևում Ուկրաինական պետության ազգային գրադարան ստեղծելու համար ձևավորվել է ժամանակավոր հանձնաժողով, որի առաջին խմբի կազմում ընդգրկված են եղել նախագահող Վ. Ի. Վերնանդսկին (Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ) և անդամներ՝ Ս. Ա. Եֆրեմովը, Ա. Ե. Կրիմսկին, Ի. Պ. Ժիտեցկին և Վ. Ա. Կորդտը։
1919 թվականի սկզբում գրադարանին տրամադրվեց Տերեշենկովսկյա փողոցի 2 հասցեում տեղակայված կրթության նախարարության սենյակներից մեկը։ 1919 թվականի մարտին գրադարանին տրամադրվեց ժամանակավոր շինություն՝ Ֆունդուկլևսկի փողոցում գտնվող Պավել Գալագանի կոլեգիայի գլխավոր կորպուսի շենքը։ Հետագայում գրադարանը տեղափոխվել է կոլեգիայի փոքր մասնաշենքի 4 սենյակներ։
1919 թվականի մայիսի 3-ին Գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովը որոշել է «ազգային» տերմինը «համաժողովրդական» բառով փոխարինել, և գրադարանը կոչվել է Կիևում Համաուկրաինական գիտությունների ակադեմիային կից Ուկրաինայի համազգային գրադարան։ 1919 թվականի հոկտեմբերի 30-ին ՈւՀԳ գրադարանավարների խորհրդի նախագահությունը Ե. Ա. Կիվլիցկուն ընտրել է ժամանակավոր կոմիտեի անդամ, ով 1919-1920 թվականներին դարձել է Ուկրաինայի համազգային գրադարանի առաջին ղեկավարը։ 1920 թվականի հոկտեմբերին Կիվլիցկուն փոխարինել է Յու. Ա. Իվանով-Մոժենկոն։
Պոդոլսկի շրջանի արխիվի ղեկավար Յու. Ս. Ալեքսանդրովի նախաձեռնությամբ և Ուկրաինայի համազգային գրադարանի աջակցությամբ հիմնադրվել է ՈւՀԳ Վիննիցկա մասնաճյուղը, որը 1923 թվականին ղեկավարել է Վ. Դ. Օտամանովսկին։
1923 թվականից գրադարանը սկսել է ստանալ Ուկրաինական ԽՍՀ-ում տպագրվող նմուշների պարտադիր օրինակները, որի հիման վրա ձևավորվել է արխիվային նմուշների ֆոնդը։ Առաջին պաշտոնական տնօրենն է դարձել Ս. Ֆ. Պոստերնակը։
1941 թվականի օգոստոսին գրադարանը տարհանվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆա, որտեղ Պետական մանկավարժական ինստիտուտում բացվել է ազատ մուտքով ընթերցասրահ։ 1944 թվականի մայիսին գրադարանը հետ է տեղափոխվել Կիև։
1946 թվականին գրադարանի տնօրեն Յու. Ա. Մոժենկոյի ղեկավարությամբ վերսկսվում է գրադարանի հատուկ ամսագրի՝ «Журнал Бібліотеки Академії наук УРСР» -ի թողարկման ավանդույթը։
1957 թվականից գրադարանն ընդգրկվել է միջազգային աբոնեմենտի համակարգում։
Մինչև 1965 թվականը կոչվել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի պետական հանրային գրադարան։
1965 թվականին գրադարանը կոչվել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի կենտրոնական գիտական գրադարան։
1980 թվականին գրադարանային ֆոնդերը կազմել են ավելի քան 10 միլիոն անուն, այդ թվում, 516 ինկունաբուլաներ, մոտ 300 հազար ձեռագրեր, 15-16-րդ դարերի ավելի քան 6500 գրքեր եկեղեցա-սլավոնական տառատեսակով, Ուկրաինայի թերթերի ու ամսագրերի առավել ամբողջական հավաքածուն (ավելի քան 119 հազար կտոր)։
1988 թվականի փետրվարի 19-ին Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ գրադարանը կոչվել է Վլադիմիր Վերնադսկու անունով։
5 апреля 1996 թվականի ապրիլի 5-ին Ուկրաինայի նախագահի հրամանով գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ[5]։ Նույն հրամանով գրադարանում ստեղծվել է Ուկրաինայի նախագահների հիմնադրամ։
1998 թվականին գրադարանը Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի Տվյալների արձանագրման խնդիրների ինստիտուտի հետ համատեղ սկսել է ձևավորել «Գիտական Ուկրաինա» (Ukraїnіka Naukova) տվյալների բազան և հրատարակել է «Джерело» ամսագիրը։
2004 թվականի օգոստոսի 25-ին Ուկրաինայի կառավարության նախարարների կաբինետը հավանության է արժանացրել Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարանի 2005-2010 թվականների զարգացման պետական ծրագիրը, որը գրադարանը սահմանում է որպես խոշոր գիտական և տեղեկատվական կենտրոն, որի նպատակային ծրագրերից է նաև ինստիտուտների տեխնոլոգիական իշխանության բարձրացումը և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը[3]։
Գրադարանն ունի ավելի քան 40 միավոր, որոնք խմբավորված եբ ըստ իրենց գործունեության ուղղությունների՝ ինստիտուտներ (գրադարանագիտություն, ուկրաինական գրքեր, ձեռագրեր, արխիվագիտություն, կենսագրական հետազոտություն), կենտրոններ (պահպանում և վերականգնում, մշակութային և կրթական, համակարգչային տեխնոլոգիաներ, հետազոտություններ և հրատարակչություն), Ուկրաինայի նախագահների հիմնադրամ և Պետական մարմինների աջակցության տեղեկատվական և վերլուծական աջակցության ապահովում։ Գրադարանն ունի ավելի քան 900 աշխատակից, որից 65 % գրադարանավարենր են, 20 % հետազոտողներ, 15% օժանդակող աշխատկիցներ։