Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Prezident seçkiləri), համապետական նախագահական ընտրություններ, որը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին Ադրբեջանում[1]։
«Ընտրությունների մասին» օրենքի 178-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ ընտրությունները տեղի են ունենում հոկտեմբերի երրորդ չորեքշաբթին։ Այսինքն, Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Սակայն 2018 թվականի փետրվարի 5-ին նախագահին հրամանագրով փոխվել է ընտրությունների օրը և նշանակվել ապրիլի 11-ը[2]։
Ադրբեջանի նախագահը կընտրվեր երկրորդ փուլով, եթե թեկնածուներից ոչ մեկ առաջին փուլի ժամանակ չկարողանար ստանալ ձայների մեծ մասը[3]։
Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը որոշել էր բոյկոտել ընտրությունները և ողջ երկրում սկսել բողոքի ցույցեր[4]։ Հանրապետական այլընտրանքային շարժումը նույնպես հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ որակելով այն որպես «շտապ իրականացված և չարդարացված քայլ»[5]։ Փետրվարի 10-ին Մուսավաթական կուսակցությունը հայտարարել է, որ իրենք նույնպես կբոյկոտեն ընտրությունները, իսկ առաջնորդ Իսա Ղամբարը չի առաջադրվի նախագահի թեկնածուի համար։ Նույն օրը մեկ այլ՝ «Հույսի կուսակցության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցի ընտրություններին։
ԵԱՀԿ-ն հայտարարել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ լուրջ խախտումների մասին։ Դիտորդները նշել են, որ հաճախ ընտրողները միասին են ընտրել, թափանցիկության բացակայություն է եղել, բացի այդ գրանցվել են լցոնումների բազմաթիվ դեպքեր։ Ինչպես նշվում է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցանման կենտրոնի հայտարարության մեջ, խոսքն «ընտրատեղամասերում 47 % առանց գրանցվելու, ընտրատեղամասերի 53 % լցոնումների և ընտրատեղամասերի 53 % կարուսելի ընտրությունների մասին» է[7]։
ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաքելության ղեկավարի կարծիքով, ընտրություններին նախորդել են «սահմանափակ խոսքի և հավաքների իրավունքը, մրցակցության հնարավորության բացակայությունը, ընտրողներին ահաբեկումը»[8]։
Իշխանամետ լրագրողները տապալել են ԵԱՀԿ դիտորների կոնֆերանսը[9][10]։ Դիտորդները թույլ չեն տվել պատասխանել հարցերի՝ բարձրաձայն աղմկելով։ Լրագրողներից ոմանք հավելել են, որ զեկույցը կազմվել է Հայաստանում։ Իրավիճակը փորձել են հանգստացնել անվտանգության աշխատակիցները[8]։
ՌԴ ԿԸՀ դիտորդ Անտոն Լոպատինը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների ժամանակ որևէ խախտում չի արձանագրվել, ինչն արժանացել է միջազգային մամուլի քննադատությանը[11]։