Մայիսի 1 (Աշխատանքի տոն[2], Աշխատանքի օր[3], Գարնան և աշխատանքի տոն[4], Աշխատավորների և համերաշխության միջազգային օր), աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը։
ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը (անգլ.՝ Labor Day), նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին[7]։ ԱՄՆ-ում Աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկուշաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց[8][Ն. 1]։ Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին[7][Ն. 2]։
Ծագում
Արհմիութենական տոն
Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր։
8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները։ Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա։
Ավստրալիայի աշխատավորների օրինակով[9] 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր։ 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ։ Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր[10]), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք։ Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի։ Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ)[11]։ Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ[12]։
Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն։ Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա[9][13]։
Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով՝ այդ օրը 1933 թվականից ստացել է պաշտոնական կարգավիճակ։ Այն անվանվել է «Ազգային աշխատանքի օր»[14]։
Մայիսի 1-ը Բեռլինում հայտնի է արմատական ձախակողմյան խմբերի անդամների և ոստիկանների միջև բախումներով[15]։
Հնդկաստան
Մայիսի 1-ը Հնդկաստանում առաջին անգամ տոնվել է 1923 թվականի մայիսի 1-ին Մադրասում Աշխատանքային կուսակցության կողմից[16]։ Դա նաև առաջին անգամն էր, որ կարմիր դրոշը բարձրացվել է Հնդկաստանում[17]։ Նույն թվականին ընդունվել է բանաձև այն մասին, որ կառավարությունը մայիսի 1-ը պետք է հայտարարի որպես տոն։
Ռուսաստան
Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել։ 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով։
1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»։
2016 թվականի նոյեմբերից Տաջիկստանի խորհրդարանը մայիսի 1-ը ներառել է ոչ աշխատանքային տոնական օրերի ցանկում[18]։
Ֆինլանդիա
Ֆինլանդիայում Մայիսի 1-ը (Vappu) ուսանողների գարնանային կառնավալն է[19]։
Հելսինկիում տոնակատարությունն սկսվում է ապրիլի 30-ից, երբ երեկոյան ժամը 6-ին Հավիս Ամանդա հավերժահարսի արձանի գլխին, որ կանգնեցված է մայրաքաղաքի Շուկայի հրապարակում, դնում են սպիտակ գլխարկ՝ դիմորդների գլխի զարդարանքը։ Այդ պահին բոլոր նեկաները նույնպես դնում են իրենց պիտակ գլխարկները և բացում շամպայնի շշերը։ Դիմորդի սպիտակ գլխարկ ստանում է նա, ով ավարտել է լիցեյն ու հանձնել ավարտական քննությունները։
Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն ունեն արձանների հետ կապված իրենց արարողակարգերը[19]։
Նշումներ
↑Այլ կերպ ասած, այն սկսել են նշել մի փոքր ավելի վաղ, քան Աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Այդ օրերի անվանումների նմանությունն ունի իր առանձին պատմությունը։
↑Ավստրալիայում կա մի տոն, որ կոչվում է «Ութժամյա օր», որը տարբեր նահանգներում նշվում է տարբեր (տարբերակներից են մարտի առաջին երկուշաբթին, մարտի երկրորդ երկուշաբթին, մայիսի առաջին երկուշաբթին, հոկտեմբերի առաջին երկուշաբթին), քանի որ նրանցից յուրաքանչյուրն 8-ժամյա աշխատանքային օրվա է անցել իր ժամանակին։ Տես մեջբերված հոդվածը։