Հովհաննես Կոնստանտինի Մանուկյան (հուլիսի 10, 1984(1984-07-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգեհոնահար։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2007 թվականից), արվեստագիտության թեկնածու (2009), «Հայաստան» համահայկական հիմադրամի հատուկ կրթաթոշակակիր (2005)։
Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 10-ին Երևանում։ 2006 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիա կոմպոզիցիայի (Էդուարդ Միրզոյանի դասարան) և երգեհոնի (Ա. Ադամյանի դասարան) բաժինները, 2009 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկավարներ՝ Էդուարդ Միրզոյան, Վահագն Ստամբոլցյան). ավարտական աշխատանքը եղել է «Ֆլեյտան XX դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործության մեջ» թեմայով[2]։ 2009-2013 թվականներին աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում (ասիստենտ)։ 2013 թվականին դարձել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 2016 թվականին՝ Հայ-ամերիկյան կամերային նվագախմբի գլխավոր կլավեսինահար։
Հովհաննես Մանուկյանը հեղինակել է գիտական հոդվածներ, նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ երգեհոնային, նաև ժամանակակից երաժշտությանը։
Միջազգային (Ռուսաստան, Հայաստան) և հանրապետական մրցույթների դափնեկիր է։