Հյուսիսային Կապ (անգլ.՝ Northern Cape, աֆրիկաանս՝ Noord-Kaap), Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգներից ամենախոշորը, զբաղեցնում է երկրի տարածության 30%, աշխարհագրորեն գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Արևմուտքում նահանգը սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, հարավում ՝ Արևմտյան Կապին, հյուսիսում ՝ Բոտսվանային և Նամիբիային։ Չնայած այն հանգամանքին, որ նահանգը ամենամեծն է երկրում, բնակչության առումով այն գրավում է վերջին տեղը։ Նահանգի վարչական կենտրոնը Քիմբերլի քաղաքն է։
Աշխարհագրություն և կլիմա
Հյուսիսային Կապ նահանգը ամենամեծն է ՀԱՀ-ում, տարածքի առումով մի փոքր ավելի մեծ է, քան Գերմանիան։ Տարածքի մեծ մասը գտնվում է Կառու տարածաշրջանում և բնութագրվում է նստվածքային ապարներով և դիաբազայի ներխուժումներով։ Նահանգի հարավն ու հարավ-արևելքը բավականին բարձր է (1200–1900 մ)։ Արևմուտքը բլրոտ և լեռնոտ է, այստեղ գերակշռում են գրանիտը և այլ կերպափոխային ապարները։ Կենտրոնական շրջանները համեմատաբար հարթ և տափակ են։ Նահանգի հյուսիսը գտնվում է Կալահարի անապատի շրջանում, այդ վայրերը բնութագրվում են կարմիր ավազաբլուրներով և տափաստանային բուսականությամբ։
Հյուսիսային Կապի կլիման բավականին մեղմ է և չոր։ Տեղումների միջին տարեկան մակարդակն աճում են արևմուտքից արևելք, նահանգի համար միջինը ցուցանիշը 202 մմ է։ Միևնույն ժամանակ որոշ շրջաններ ավելի քան 400 մմ հասնող տեղումներ են ստանում, իսկ որոշ շրջաններում այդ ցուցանիշը հազիվ հասնում է 20 մմ-ի։ Նամիբիայի սահմանի երկայնքով դիտվում են ամենաբարձր ջերմաստիճանները ոչ միայն նահանգի, այլև ամբողջ Հարավային Աֆրիկայի համար։ Ամառային առավելագույնները 30 °C են, երբեմն հասնում են 40 °C։ Ձմեռային եղանակը բավականին ցրտաշունչ և պարզ է, որոշ շրջաններում ջերմաստիճանը երբեմն իջնում է 0 °C-ից ցածր[1]։
Նահանգը բնութագրվում է բնակչության ծայրահեղ ցածր խտությամբ (մոտ 2,8 մարդ/կմ²)։ Բնակչության շուրջ 53,8%֊ը աֆրիկաանսերեն է խոսում։ Այլ տարածված լեզուներն են՝ տսվանան (մոտ 33,1%), կոսան (5,3%), անգլերենը (3,4%)։ Նահանգի բնակչության մոտ կեսը սևամորթ է (50.4%), գունամորթները կազմում են 40.3%, սպիտակամորթները՝ 7.1%, հնդկական կամ ասիական ծագում ունեցող անձինք՝ 1.7%[2]։
Տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության (հիմնականում ադամանդների) և գյուղատնտեսության վրա։ Նահանգում գտնվում է երկրի երկրորդ կարևորագույն երկաթուղային հանգույցը՝ Դե Աարը։
↑Dent, M.C., Lynch, S.D. & Schulze, R.E. 1989. Mapping Mean Annual and Other Rainfall Statistics over Southern Africa. Water Research Commission, Petoria. WRC Report 109/1/89։
↑Sahoboss (2011 թ․ մարտի 31). «Northern Cape». www.sahistory.org.za. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.