Գաուտենգ (անգլ.՝ Gauteng [xaʊˈtɛŋ][2], սեսոթո՝ Gauteng [xɑ́.ú.ˈtʼè.ŋ̀], տսվանա՝ Gauteng, հս. սոթո՝ Gauteng, զուլուսերեն՝ eGoli, տսոնգա՝ Gauteng/eXilungwini, կոսա՝ iRhawuti, հվ. նդեբելե` I-Gauteng, վենդա՝ Gauteng), Հարավաֆրիկյան Հանրապետության ինը նահանգներից մեկը։ Սոթո-տսվանա լեզուներով նշանակում է «ոսկու տեղ»։ Կազմավորվել է 1994 թվականին վարչական բարեփոխումների արդյունքում։ Գաուտենգը ՀԱՀ֊ի տնտեսապես ամենազարգացած նահանգն է։ Ըստ տարածության այն զբաղեցնում է վերջին տեղը (երկրի 1,4 %֊ը)[3]։ Նահանգի վարչական կենտրոնը Յոհաննեսբուրգ քաղաքն է։
Գաուտենգը երկրի միակ նահանգն է, որը չունի ո՛չ առափնյա գիծ, ո՛չ սահման այլ երկրների հետ։ Սահմանակից է ֆրի Սթեյթ[4] (հարավում), Հյուսիսարևմտյան[4] (արևմուտքում), Մպումալանգա[4] (արևելքում) և Լիմպոպո[4] (հյուսիսում) Նահանգներին։ Գաուտենգի հարավային սահմանն անցնում է Վաալ գետով։ Տարածքի մեծ մասը գտնվում է Բարձր Վելդ սարավանդի վրա (մոտ 1500 մ ծովի մակերևույթից)։ Պրետորիայի և Յոհանեսբուրգի միջև ձգվում են Մագալիսբերգ և Վիտվատերսրանդ լեռների լեռնաշղթաները և բլուրները։
Տարածաշրջանի կլիման մերձարևադարձային է, սակայն խիստ կախված է ծովի մակերևույթից բարձրությունից։ Պրետորիայում (1300 մ ծովի մակերևույթից) և Յոհանեսբուրգում (1700 մ) այն բավականին զով է։ Ձմռանը հաճախ սառնամանիքներ են լինում, հատկապես հարավային շրջաններում։ Ձյան տեղումները հազվադեպ են, սակայն նույնպես տեղի են ունենում մի շարք շրջաններում[5]։ Յոհանեսբուրգում տեղումների միջին տարեկան մակարդակը կազմում է 713 մմ, հունվարյան առավելագույնը՝ 26 °C, նվազագույնը՝ 15 °C, հունիսյան առավելագույնը՝ 16 °C, նվազագույնը՝ 4 °C, Պրետորիայում տեղումների միջին տարեկան մակարդակը 647 մմ է, Յոհանեսբուրգի ջերմաստիճանային ցուցանիշներից փոքր-ինչ բարձր են[6]։
Նահանգի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմում է ավելի քան 12,2 մլն մարդ (ամենաբնակեցված նահանգն է, երկրի ընդհանուր բնակչության գրեթե 20 տոկոսը)։ Բացի դրանից, այստեղ բնակչության աճի ամենաբարձր մակարդակն է. 1996 թվականից մինչև 2001 թվականը բնակչությունն աճել է 20%֊ով։ Բնակչության խտությունը հասնում է 680 մարդու/կմ²։ 15 տարեկանից պակաս մարդկանց բաժինը 23,7 % է, 65 տարեկանից մեծ՝ 4,3 %: Միջին տարիքը 27 տարի է։ Սեռերի հարաբերակցությունը կազմում է 100 կին յուրաքանչյուր 101,2 տղամարդու դիմաց։
Բնակչության 19,8% համար առաջին լեզուն զուլուսերենն է, 13,3% համար՝ անգլերենը, 12,4% համար՝ աֆրիկաանսը, սեսոթոն որպես առաջին լեզու օգտագործում է բնակչության 11,6%, հյուսիսային սոթոն՝ 10,6%, տսվանան՝ 9,1%, տսոնգան և կոսան՝ 6,6%, հարավային նդեբելեն՝ 3,2%, վենդան՝ 2,3%, սվատին՝ 1,1%։ Մոտ 76% քրիստոնյա է, 1,7%՝ մուսուլման, 0,8%՝ հինդուիստ, 18,4% իրենց որևէ կրոնին չի վերագրում։ Գործազուրկների բաժինը կազմում է 25,8 տոկոս[7]։
Նահանգը բաժանվում է 3 քեղաքային շրջանի և 2 գավառի.
Գաուտենգը Հարավային Աֆրիկայի և ամբողջ աֆրիկյան մայրցամաքի կարևոր տնտեսական կենտրոնն է, կարևոր դեր է խաղում արտադրության, ֆինանսական, փոխադրամիջոցային ոլորտներում, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։
Ունենալով ՀԱՀ֊ի տարածության ընդամենը 1,4 %֊ը[3], Գաուտենգը տալիս է հարավաֆրիկյան ՀՆԱ֊ի 34 տոկոսը[8]։ Գաուտենգում է գտնվում Յոհանեսբուրգի ֆոնդային բորսան[9]՝ խոշորագույնը Աֆրիկայում։ Աֆրիկայի և արտերկրյա խոշորագույն ընկերություններից մի քանիսը հիմնավորվում են Գաուտենգում կամ ունեն գրասենյակներ և մասնաճյուղեր, օրինակ՝ Vodacom֊ը[10], MTN-ը[11], Neotel֊ը[12], Microsoft South Africa֊ն[13] և աշխարհի խոշորագույն Porsche կենտրոնը[14]։
Վերջին տարիներին քաղաքային շրջանների բնակչության արագ աճի պատճառով արդիական է դառնում փոխադրամիջոցների խնդիրը։
Այստեղ գտնվում են ոսկու հանքեր։
Homo naledi տեսակի ներկայացուցիչները, որոնք հայտնաբերվել են Ծագող աստղ[en] քարանձավի մոտակայքում («Մարդկության օրրան»[en]» տեղանքում), ապրում էին 236—335 հազար տարի առաջ[15]։
{{cite web}}
|Location of publication=
|archive-url=
|archive-date=
|publisher=